Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Հայկական զինանշանն ու պատկառազդու առյուծը

Քանի որ առյուծազարդ հայկական զինանշանի հարցն է այս օրերի մեր հրատապ թեման, ասեմ, որ առյուծն ու ընձառյուծը, ըստ իրանցի անվանի բանաստեղծ Նասեր Խոսրովի (եւ ոչ միայն), իբրեւ պատկառանք ներշնչող  խորհրդանիշեր, օգտագործվել են արքայական դրոշների պատկերազարդման  համար:

Շահական Իրանի զինանշանն էլ էր զարդարված ԱՌՅՈՒԾԻ ու ԱՐԵԳԱԿԻ  պատկերներով, եւ այն կոչվում է ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «առյուծ եւ արեգակ»: (Պարզ չէ միայն, թե Իրանի զինանշանի ԱՐԵԳԱԿՆ ի՞նչ կապ ուներ 1.648 միլիոն  քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Իրանի հետ):

Հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների զինանշանների վրա նկարազարդված առյուծի պատկերն էլ հավանաբար 1992 թվականի ապրիլի  19-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընդունված  զինանշանին պատկառանք ներշնչելու համար է նախատեսվել:  
Սակայն դա բավարար չէ փակելու հայկական ու իրանական զինանշաններով պայմանավորված հայ-իրանական ընդհանրությունների թեման: 

Հայ-իրանական բազմաթիվ ու բազմատեսակ ընդհանրությունների մեջ ԱՌՅՈՒԾՆ իր դերն է ունեցել նաեւ այլ առիթներով:

Մոհամմադշահի ղեկավարած Կաջարական հարստության այն ժամանակահատվածում, երբ իրանցիների պատմական հիշողության մեջ դեռ շարունակում էր դրոշմված մնալ ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «ԱՌՅՈՒԾ եւ ԱՐԵԳԱԿԻ» պատկերը,  որոշում   կայացվեց  համալրել Իրանի  պետական խորհրդանիշերի շարքն, ու  տվյալ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան՝ ստեղծել դիզայներական լուծումներով նոր զինանշան: Ընտրությունը կատարված էր հօգուտ  արքայաց պատվին արժանի, թուրը ձեռքին ու արեգակը ուսին՝ խրոխտ կեցվածք ընդունած պատկառազդու ԱՌՅՈՒԾԻ:  

Նույն պահին, երբ 1810 թվականին կաթողիկոսական օծումն ստացած Եփրեմ Ա Ձորագեղցին արժանանում էր ռուսաց թագավոր Ալեքսանդր 1-ի կողմից բարձր հրամանով տրված Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանին, պարսից Մոհամմադշահը պատգամ է ուղարկում Հայոց Կաթողիկոսին՝ ելնելով աշխարհաքաղաքական բալանսը չխախտելու  պայմանավորվածությունից, չկրել  այն՝  քանի դեռ   ինքը  Կաթողիկոսին չի նվիրաբերել իր երկրի համարժք շքանշանը:

Այսպիսով, առաջին անգամ Իրանում Եփրեմ Կաթողիկոսի պատվին շրջանառության մեջ է դրվում ԱՌՅՈՒԾԸ պատկերող նոր շքանշան:

Պատմությանը հայտնի այս դրվագով էլ չի սահմանափակվում առյուծներով պայմանավորված հայ-իրանական ընդհանրությունների թեման:

Իրանում թեւածում է պատմական փաստերով չամրագրված մի ավանդապատում, համաձայն որի, Հայաստանն անկախությունից  զրկած  Շահաբբաս Առաջինը,  ի նշան իր հաղթանակի, Հայկական խորհրդանիշը հանդիսացող ԱՌՅՈՒԾԻ մեջքին  դրվագել է տվել  իրանական խորհրդանիշի՝ ԱՐԵԳԱԿԻ պատկերը  եւ ստացել   ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «առյուծ եւ արեգակ»  զինանշանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ