Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Ե՞րբ են ադրբեջանցիները հետ տալու մեր հողերը, որ իմանանք՝ չենք «քցվել». Կարապետյանը՝ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ երբ են ադրբեջանցիները վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում և Ջերմուկում։

«Երկու տարի է՝ դելիմիտիզացիայի պրոցեսը սկսվել է, բայց առաջին էտապն ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել։ Ե՞րբ են հետ տալու հետ մեր հողերը, որպեսզի իմանանք, որ չենք «քցվել», որպեսզի մենք իմանանք՝ միակողմանի չի այս ամենը, որ իրենք էլի չեն համոզում վերջում տանեն, ձորից գցեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեր հողերն ադրբեջանցիները հետ են տալու սահմանազատման արդյունքում։

«Ես դրա համար եմ ասում Քյարքի, ոչ թե նրա համար, որ ադրբեջանամետ եմ, այլ հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն խաղաղության իրավական հիմքում գտնվող քարտեզները, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։

Ավելին ասեմ՝ որքան այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի պարզ տեխնիկական լուծումով։ Էդ տարածքները փոխադարձաբար սահմանի երկայնքով կփռենք և…

Մի բան ակնհայտ է. ՀՀ տարածքը 29 հազար 743 ք/կմ է լինելու էդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե այս պահին է»,- ասաց Փաշինյանը։

Արձագանքելով՝ Նարեկ Կարապետյանը դիմեց տիգրանաշենցիներին՝ նշելով, որ այսօր իրենք քննարկում են վերջիններիս տների հարցը։

«Դուք այս ընտրություններում ավելի շատ ձայն եք տվել ՔՊ-ին, քան «Ուժեղ Հայաստան»-ին։ Այդ պատճառով մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները, վտանգ կա, որ հանձնվելու են ադրբեջանցիներին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները»,-ասաց նա։

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ այս հայտարարությամբ Կարապետյանը ևս մեկ անգամ փաստեց, որ իրենք պատերազմի կուսակցություն են։

Կիսվել