Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Փողը եւ «ձեռքի կեղտը» 

ՓՈՂԸ, էն որ քրտինքով  ենք վաստակում, հայկական չէ, ու մենք զրոյական տոկոսով ու անժամկետ փոխառել ենք մեր հարեւան Պարսկաստանից:  Մեր ազգային արժույթը՝ ԴՐԱՄՆ էլ հայկական չէ, պահլավերեն է, որ զգալով դրամական միջոցների նկատմամբ մեր անտարբերությունը, օգնության է հասել մեզ:

Հնում օգտագործած մեր մանրադրամներն էլ մերը չեն եղել. ո՛չ արաբներից փոխառված  ԳՐՈՇԸ, ոչ ռուսերենից յուրացված  քյոռ  ԿՈՊԵԿԸ, ոչ էլ մեր արժույթի նվաստացած միավորը՝  ԼՈՒՄԱՆ, որ չգիտես ինչ-ինչ ճանապարհներով, ասորերենից է մեզ փոխանցվել:

Պարզվում է, հնում հայերը իրենց վաստակածը պահելու տեղ էլ չեն ունեցել: Գրպանում պահելը բացառվում էր, քանի որ, նախ,  ԳՐՊԱՆ բառն իրանական աղբյուրից է՝ մերը չէ, եւ հետո գրպանը հագուստի այն մասն է, որից գլուխն էին մտցնում: 

ՔՍԱԿՆ էլ չէր կարող հայերի համար վաստակածը պահելու ապահով տեղ համարվել, քանի որ այդ բառն էլ իրանական է, եւ ծագում է պահլավերենից:

Ջեբի մասին էլ չենք խոսում: Ո՞վ չգիտի, որ ՋԵԲ-ը օտար ծագումով հայտնի  պերսոնաժ «ջեբկիրի» (գրպանահատ) հետ միասին, պարսկերենի կամ թուրքերենի միջնորդությամբ է արաբերենից փոխանցվել   մեզ: 

Հայերն իրենց խնայողությունները ԴՈՇԱԳԻ տակ էլ չէին կարող պահել, որովհետեւ այդ բառն էլ թուրքերենից է մեզ բաժին հասել: Հայն ինչպե՞ս կարող էր իր խնայողությունները թուրքին վստահել:

Չմտածեք, որ հնում հայերը ԿՈՇԵԼՅՈԿ են ունեցել, ու իրենց փողերը պահ տվել  ռուսներին:  Ճիշտ է, հայերը դրամապանակ ունեն, բայց այդ բառը նորաբանություն է, եւ մեզ չի ավանդվել ո՛չ գրաբարից, ո՛չ էլ միջին հայերենից:

Ի՞նչ է, մենք հնում ընդհանրապես փող չե՞նք ունեցել: Իսկ եթե ունեցել ենք, որտե՞ղ ենք պահել: Ձեռքի մե՞ջ: Այո, բայց անմիջապես զգացել ենք դրա հակահիգիենիկ հատկությունն ու այն կոչել «ձեռքի կեղտ»:

Բայց վերջերս էլ համոզվել ենք, որ «ձեռքի կեղտ» համարվող փողը հատուկ «լվացքատներում» կարելի է լվանալ ու օգտագործել բարեգործական նպատակների համար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ