Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Սաադիի հայեցակարգը Իրան-ԱՄՆ հարաբերությունների մասին

Պարսկերենի մեծարմանը նվիրված հանդիսության ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին հանձնվել է «Արծաթափայլ նոճի» մրցանակը:

Արարողության կազմակերպիչների խոսքով, Բաղային արժանացել է այդ պատվին, քանի որ պատերազմի օրերին, իր մասնագիտական պարտականությունները կատարելիս, հաճախ արտասանել է ազգային եւ հայրենասիրական թեմաներով բոցաշունչ բանաստեղծություններ:

Օրերս, մրցանակը ստանալու պահին, պատերազմի դադարեցման դիմաց ԱՄՆ-ի ներկայացրած պահանջներին արձագանքելու փոխարեն, Բաղային արտասանել է Սաադիի հետեւյալ բանաստեղծությունը, որը կարելի է ընկալել որպես մեծ բանաստեղծի ձեւակերպած Իրան-ԱՄՆ հարաբերությունների յուրօրինակ հայեցակարգ.

Թե առյուծ ես ռազմաշունչ,

Կամ էլ փիղ ես աննկուն,

Պատերազմի փոխարեն

Պիտի կնքես հաշտություն:

Խարդավանքի ժամանակ

Եղիր պինդ ու աներեր,

Արդարացի պահանջ է,

Եթե թուրդ պահես վեր:

Հաշտությանը ոսոխիդ

Միշտ ընդառաջ դու գնա,

Թե որ կռիվ պարտադրի,

Զարկիր նրան անխնա:

Եթե մի օր թշնամիդ

Փակի դուռը գժտության,

Քո հարգանքը կդառնա

Բյուրապատիկ անսասան:

Սակայն եթե ոսոխդ

Քեզ պատերազմ պարտադրի,

Դատաստանի սարսափը

Թող քեզ երբեք չպատի:

Քինախնդիր թշնամուդ

Պատերազմով սպառնա,

Դու բարություն երբեւէ

Քինոտ մարդկանց մի արա:

Թարգմանությունը՝ Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ