Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ռիսկը գործի կեսն է

 «Ռիսկ»-ը  պայմանականորեն կարելի է   «միջազգային» բառ  համարել: Բայց ոչ այն պատճառով, որ բառի ստեղծմանը մասնակցել են ՄԱԿ-ին անդամակցած ազգերը, այլ նրա համար, որ բառը փոխառել են գրեթե բոլորը, այդ թվում  նաեւ  մենք:

Սկզբում «ֆրանսերեն risquer եւ իտալերեն  risicare բառերը  «ժայռերի միջեւ մանեւրել», հետնաբար նաեւ «ռիսկ անել» է նշանակել: Այժմ, երբ մարդկությանն սպառնացող վտանգների մասին մեր պատկերացումներն ավելի են թանձրացել, ստիպված «ռիսկի դիմել» արտահայտության մեջ  ներառել ենք վտանգին ընդառաջ գնալու բոլոր տարատեսակները:

Ռիսկը անորոշ իրադարձություն է,  անորոշ պայման, երբ անձը գիտակցաբար եւ կամավոր կերպով իր վրա է վերցնում որոշակի գործունեության հետ կապված հնարավոր վտանգներն ու իր մեջ  գտնում դրանց ընդառաջ գնալու  հանդգնությունը:

Մենք էլ շատերի նման, ցանկության դեպքում կարող ենք «ռիսկ» բառի փոխարեն  հայերեն հոմանիշներ  հորինել: Բայց առայժմ գերադասում  ենք ապավինել ժողովրդական լեզվի հնարքներին, եւ «ռիսկի»  փոխարեն, օրինակ, օգտագործում ենք «յաբախտի գործ», «հիսուն, հիսուն» եւ այդ կարգի այլ  արտահայտություններ:

Ավետիք Իսահակյանի համար էլ   «ծովին հանձնվելու» վտանգը հավասարազոր է «ռիսկին»: Հավանաբար այդ պատճառով  էլ բանաստեղծը, վկայակոչելով Աբու Լալա Մահարիին, զգուշացնում  է.

«Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին».
Թարգմանաբար նշանակում է՝ «Մեծ ռիսկ է հավատալ կնոջ երդմանը»:Թերեւս Իսահակյանին ծանոթ է եղել  իրանցիների՝ «ծովին հանձնվելու» del be daria zadan  արտահայտությունը, որն անկախ վտանգի չափից ու տարատեսակից,  Իրանում լայնորեն   կիրառելի է  «ռիսկի» փոխարեն:

Անգլոսաքսոնների համար էլ  ծովին հանձնվելու վտանգը  հավասարազոր է  մթության մեջ ցատկ կատարելու անկանխատեսելիությանը՝  to take a leap in the dark:
Ոգելիցի նկատմամբ մեծ հակում ունեցող արեւելասլավոնական էթնոսը ներկայացնող  ռուսների համար էլ ռիսկը զուգորդվում է խմելու հետ՝ «ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում»  (Кто не рискует, тот не пьет шампанское): 

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ