Հայաստանը դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը դե ֆակտո պաշտոնապես ճանաչել է իր հանդեպ ուժի իրավունքը. Հակոբ Բադալյան

Տիգրանաշենի հարցում շատ է խոսվում այն մասին, թե՝ Սյունիքը կտրվում է, եթե հանձնվում է գյուղը։
Իրականում, կարծում եմ սա մի փաստարկ է, որը թե բուն, թե պատկերավոր իմաստով ոչ միայն կտրված է իրականությունից, այլ նաեւ՝ վտանգավոր։
Նախ, Սյունիքը չի կտրվում։ Օրինակ, Սյունիքը կտրվելու մասին էր «փաստարկվում» նաեւ Գորիս–Կապան ճանապարհի առումով, բայց կառուցվեց նոր ճանապարհ, Սյունիքը ըստ էության չկտրվեց, իսկ Գորիս–Կապանի թեման, ըստ էության, մարվեց ու գնաց։
Տիգրանաշենի մասով։
Կա Սելիմի լեռնանցքը, որն ի դեպ դեռեւս 2004 թվականին կառուցվեց այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ Քըրք Քըրքորյանի Լինսիի հիմնադրամի աջակցությամբ։ Ստրատեգիական այդ ճանապարհը, որ անցնում է շատ բարդ, բայց նաեւ հրաշալի տեղանքով, ունի այլընտրանքային էական նշանակություն՝ անկախ Տիգրանաշենի հարցից։ Որովհետեւ, այսպես ասած «հիմնական» ճանապարհը դեպի հարավ՝ անցնում է Նախիջեւանի սահմանին կից եւ շատ հեշտ է թիրախավորել ոչ ծանր զինատեսակներով իսկ։ Ըստ այդմ՝ Սելիմն այդ իմաստով ունի ռազմավարական այլընտրանքի նշանակություն անկախ այն հանգամանքից՝ Տիգրանաշենը հանձնվում է, թե՞ ոչ։
Միեւնույն ժամանակ, բոլորովին բարդ չի լինի կառուցել Տիգրանաշենը շրջանցող ճանապարհ, հատկապես, որ այն կա. մնում է համապատասխանեցնել այսպես ասած անհրաժեշտ չափանիշի։
Միով բանիվ, երբ մենք Տիգրանաշենի հարցում հիմնական կամ գլխավոր փաստարկ ենք դարձնում Սյունիքի «կտրվելը», ապա դրան կա չափազանց դյուրին եւ համոզիչ «հակափաստարկ»։ Ըստ այդմ, այդտեղ առաջանում է «փաստարկային» ծուղակի ռիսկ։
Այդ դեպքում բնականաբար առաջանում է հարցը, թե ո՞րը պետք է լինի գլխավոր փաստարկը այդ հարցում, որ պետք է դնել կառավարող ուժի մոտեցման դեմ։ Որքան էլ հնչի տարօրինակ, կարծում եմ գլխավոր փաստարկը պետք է լինի նախ եւ առաջ իրավական հիմքի դաշտում, որը մերժելու դեպքում ստացվում է, որ Հայաստանի հանրապետությունը այլեւս թույլ է տվել իր հանդեպ ցանկացած տիպի հանիրավի, մտացածին պահանջ եւ ընդհուպ թույլ է տվել Ադրբեջանին միջազգայնորեն լեգալացնել այդպիսի վերաբերմունքը ՀՀ հանդեպ։ Այսինքն, Հայաստանը գուցե թե այդպիսով դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը առնվազն դե ֆակտո, սակայն չափազանց հստակ ու թափանցիկ ձեւով պաշտոնապես ճանաչել է իր հանդեպ ուժի իրավունքը։
Շատերը կասեն, որ միջազգային հարաբերություններում միշտ էլ ուժն է ծնել իրավունք։ Թե՝ այո, թե՝ ոչ։ Հակառակ պարագայում, միջազգային կյանքը կկրեր բացարձակապես այլ բնույթ եւ կունենար այլ պատկեր, քան այսօր։ Այո՝ ուժն է իրավունքի աղբյուրը, բայց ո՞րն է ուժի աղբյուրը։ Օրինակ, եթե հարցը պարզապես ուժն է, ինչո՞ւ են Ադրբեջանը կամ Թուրքիան իրենց համար «հորինում» պատմություն, որի վրա կառուցում հավակնությունը դիցուք Հայաստանի հանդեպ՝ Հայաստանին էլ դե ֆակտո ստիպում հրաժարվել իր պատմությունից։
Որովհետեւ, ի տարբերություն մեզանում ամրացած կարծրատիպից՝ բացարձակ ֆիզիկական ուժից բխող իրավունքի անեկբա գերակայության մասին, իրենք պրագմատիկ պատկերացում ունեն միջազգային հարաբերությունների վերաբերյալ ու հասկանում են, որ ուժի իրավունքը կենսունակ է, եթե զուգակցվում եւ ուղեկցվում է իրավունքի ուժով։
Եվ ուրեմն, այստեղ պետք է լինի մեր գլխավոր շեշտադրումը թե՛ Տիգրանաշենի, թե՛ հայ–ադրբեջանական պրոցեսի մյուս հարցերում։ Այլապես, եթե մենք ասում ենք, թե Սյունիքը կտրվում է, ի՞նչ ենք ասելու հետո, երբ դնեն այդ հարցի այլ լուծումը մեր առաջ։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան
