Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կետը  հսկայամարմին    կաթնասուն  կենդանի է, որն ապրում է ծովում:
Իշամեղվի տեսքով գարշանքի մեջ ապրող մեղվաչափ  ճանճն էլ է ԿԵՏ կոչվում:
Բայց կենդանական աշխարհը ներկայացնող այդ երկու երեւույթների կապը մեր թեմայի հետ գրեթե զրոյական է:

Մեր թեմային առնչվող   ԿԵՏ-ը երկրաչափական ու  ֆիզիկական երեւույթ է, թերեւս նաեւ՝ գրավոր խոսքի  սահուն ընթերցանությունն ապահովող  ֆենոմեն:

Գրավոր խոսքին վերաբերող  կետի հետ մեր կապն արտահայտվում է վերջակետով, ստորակետով, միջակետով, բազմակետով ու կախման կետերով: Իհարկե  բութն էլ է   կետադրական նշան,  բայց մեր թեման բթամտության հետ էլ համարյա կապ չունի:
Գրավոր խոսքի մեջ կիրառվող  կետադրությունն  օգնում է նաեւ փոքրիկներին «կետ, կետ, ստորակետ, քիթ բերան կլոր շրջան…»  բանաձեւումով մարդուկ նկարել:  

Իսկ էվկլիդեսյան երկրաչափության մեջ   կիրառվող    ամենահայտնի կետերից են A եւ B կետերը, որոնց միջեւ ընկած ամենակարճ տարածությունը ուղիղ գիծն է, եւ այն կոչվում է «Էշի տեսություն»  (պարսկերենով՝  ghaziyeye hemar), այն իմաստով, որ եթե A կետում  սոված էշ կանգնած լինի, իսկ B կետում խոտի խուրձ դրված լինի, խոտին հասնելու համար էշը կընտրի ամենակարճ ճանապարհը:

Ֆիզիկա-մաթեմատիկական երեւույթներն արտահայտող որոշ կետեր  տեղ են գտել նաեւ քաղաքագիտական եզրաբանության մեջ, որոնցից են՝

* ԵԼՄԱՆ ԿԵՏ, որը խորհրդանշում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսները,

* ՀԵՆՄԱՆ ԿԵՏ, որի դերում այս պահին հանդես է գալիս ՔՊ կուսակցությունը,

* ՎԵՐՋՆԱԿԵՏ, որով պայմանավորված է լինելու մեր հուսալի ապագան:

Այդ շարքից կա նաեւ մի կետ, որն ամենավտանգավորն ու ողբերգական հետեւանքներով կետն է:

Դա կոչվում է «ՍԵՓԱԿԱՆ ԿԵՏ», որը մի անգամ կիրառվել է մեր իրականության մեջ:

Զգուշացե՛ք մեղվաչափ ճանճ հիշեցնող բթամիտ կետերից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ