Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ապահովագրական համակարգը փրկօղա՞կ

Այսօր գյուղացին բոլորի կողմից խաբվում է, թե՛ թունաքիմիկատների, թե՛ պարարտանյութի, թե՛ ոռոգման ջրի հարցով: Վերահսկողություն չկա ոչ մեկի կողմից, դրա համար վստահություն չկա:

2019 թվականի սեպտեմբերի 30-ից՝ գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղացիական տնտեսություններին ապահովագրելու իրենց պտղատու այգիները, դաշտերը, հողատարածքները մի շարք բնական վտանգավոր երեւույթներից:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ ծրագրի մեկնարկից երեք տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մոտ մեկ տոկոսը: Ինչո՞ւ:

Թեեւ արդեն երեք տարի է անցել, սակայն հայաստանցի գյուղատնտեսների մի ստվար մասը պայմաններին ծանոթ չէ, մյուս մասն էլ չի վստահում ապահովագրական ընկերություններին:

«Գալիս, տեսում էին  ծառի վրա ծիրան կա, ասում էին՝ հեն ա, կա, էլ ի՞նչ ես ուզում: Էլ չեն նայում, որ 500 կգ-ի փոխարեն 100 կգ ա, կարկուտից վնասվել ա, որակն ընկել ա, ու այդ որակի ծիրանը չեմ կարող արտահանել»,- ասում է գյուղատնտես Արամ Մինասյանը, հավելելով, որ փորձագետները միշտ պակաս են հաշվարկում նաեւ ակնկալվող բերքը, եւ ներկայումս այդ համակարգը հավատ չի ներշնչում:

Համայնքապետի խոսքով՝ փոխհատուցվում է միայն կատարած ծախսերի մի մասը, այլ ոչ բերքի կորուստի գումարը, ինչը հրապուրիչ չի դարձնում պայմանագրերի կնքումը: Բացի այդ, մինչեւ փոխհատուցումը, անցնում է ամիսներ տեւող մի քանի փուլ, ինչը դարձյալ գյուղացուն հետ է պահում գյուղապահովագրությունից:

«Ապահովագրություն չունենք, պայմաններին ավելի շատ ծանոթ չենք: Ավելի լավ ա մեր փողը անկապ ջուրը չգցենք»,- ասում է գյուղատնտես Վարդան Մնացականյանը:

Գյուղատնտեսների մի մասը մտավախություն ունի, որ հաշվարկները կարող են հօգուտ ապահովագրական ընկերության արվել: Նրանք նաեւ բացթողում են մատնանշում այն, որ հացահատիկի գարնանային ցրտահարությունն է միայն ներառված  փոխհատուցման ցանկում, այն դեպքում, երբ աշնանացանի ցրտահարությունը հիմնականում ձմռան ամիսներին է գրանցվում:

«Ապառիկով ապահովագրում արեցի, էդ ընթացքում կարկուտը խփեց բերքին, եւ ապահովագրությունից խոստացան, որ կգան եւ վնասները կհաշվարկեն, բայց մինչեւ հիմա գալիս են: էսքանից հետո գյուղացիներից ո՞ր մեկը կուզի ապահովագրական ընկերության հետ «գործ բռնել»,- իր հերթին նշում է Միսակ Սարգսյանը:

Գյուղացիների հույսը եղանակն է: Նրանք հիասթափված են, քանի որ ապահովագրական ընկերությունների հետ քաշքշուկը երբեմն դատարան է հասցնում, իրենց, իսկ դատարանը…:

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ