Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

«ԱԶԳապատում»

Մի անգամ Կայենը դիպվածաբար սպանել է եղբորը՝  Աբելին: Բայց այլեւս Աբելին սպանել հնարավոր  չէ: Բնության օրենքն է այդպիսին: 

Տարիներ անց, կամ միգուցե դարեր ու հազարամյակներ հետո, Գալիլայի կառավարիչ Հերովդեսի խորթ դուստր Սաղովմեի նյութած դավադրությամբ ընդամենը մի անգամ գլխատվել է Հովհաննես Մկրտիչը: Բայց հետայսու ո՛չ Սաղովմեի, ո՛չ էլ մեկ ուրիշի դավերով  Հովհաննես Մկրտիչը չի կարող գլխատվել,   բացառվում է:

Հետագայում՝  տակավին  արգանդի մեջ  Տիրոջ օրհնանքն ստացած  Երեմիա մարգարեն մի անգամ մեղանչել է ու սպանել  բաբելոնյան փոխարքա Հեդալիոսին, ու վերջ:  Այլեւս փոխարքային ոչ մի վտանգ, ոչ մի մահ չի կարող սպառնալ: Հեդալիոսը վերջնականապես է սպանված:

Մի անգամ էլ, Հայաստանում Քրիստոնեության ընդունումից  268 տարի առաջ,  մարդկության  գործած մեղքերի համար խաչվել է Հիսուս Նազովրեցին:  Բայց այլեւս  մեր  Փրկչին խաչել հնարավոր չէ: Քանզի Նա վճարել է մեր մեղքերի գինն ու հաղթել մահվանը:

Պատմիչները նաեւ վկայում են, որ Պապ թագավորը Քրիստոսի խաչելիությունից 320 տարի անց, դեռ չծնված՝ անձնատուր է եղել դեւերին, հետեւաբար տղայությունից ի վեր լի էր դեւերով, որի համար էլ  գահակալը  միշտ չարքերի  կամքն էր կատարում եւ չէր կամենում բժշկվել,   եւ հենց դա էր պատճառը, որ գահ բարձրանալով՝ սպանեց Հայոց աշխարհի Ներսես Հայրապետին:  Բայց  այլեւս  Պապը չի կարող սպանել Հայրապետին, քանզի  Հայաստան Աշխարհի  վարած  անկախ քաղաքականության պատճառով  մեկ անգամ արդեն Պապ թագավորն  սպանվել է   հռոմեական կայազորի հրամանատար Տրայանոսնի հրահանգով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ