Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Հերբերտ ֆոն Կարայանի կիսանդրին հեռացվել է իր ղեկավարած Ախենի թատրոնի ճեմասրահից

Ինչպես իրազեկում է Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնեն»՝ հենվելով գերմանական dpa-ի լրատվությանը, ավստրիացի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի (1908 – 1989) կիսանդրին հեռացվել է Ախենի թատրոնի ճեմասրահից: Պատճա՞ռը: Ըստ թատրոնի կառավարչի, նոր ուսումնասիրությունները, ինչպես նաեւ Կարայանի կենսագիրներից մեկի դասախոսությունը հստակ վկայում են, որ մեծահամբավ դիրիժորը նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ անմասն չի մնացել…

20-րդ դարի մեծագույն դիրիժորներից Կարայանը իր գործունեությունը սկսել է Ախենի թատրոնից՝ 1935-1942 թվականներին ղեկավարել է թատրոնը, անդամակցել է գերմանական նացիոնալ սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը (Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (NSDAP): 1950-ականների կեսից Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն է եղել:

Ախենում լույս տեսնող  օրաթերթի ծանուցմամբ՝ «թատրոնի ճեմասրահից հեռացված կիսանդրին տրվելու է տեղի թանգարանին, որ 2025 թվականին նախատեսում է «Ախենի պետական թատրոնի 200-ամյակին» նվիրված ցուցահանդեսին այլ ցուցանմուշների հետ ներկայացնել նաեւ Կարայանի բրոնզաձույլ կիսանդրին, ինչպես նաեւ անդրադառնալ նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանին:

Ախենի թատրոնը բացվել է 1825-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է, պատմական նախագծի համաձայն՝ վերականգնել են, վերաբացել 1951-ին:

Կարայանի կիսանդրու փոխարեն թատրոնի ճեմասրահում կդրվի նրա հայրենակից Մոցարտի կիսանդրին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ