Մենք լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները. Գարեգին Բ

Սիրելի՛, հավատավո՛ր զավակներ մեր, հայրապետական մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ այս գործընթացների առնչությամբ, ձեր ընդվզումն արտահայտելու առիթից հետո այժմ համախմբված Մայր տաճարում միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր սուրբ եկեղեցու և մեր ժողովրդի համար։ Այս մասին այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր ելույթում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրհնանքն ու սրբությունն է, մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ։
Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու, և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։
Արդարև, եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքով նաև մեր և գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսի ու 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։
Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված, ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքների հիմնարար սկզբունքներով։ Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով մենք շարունակելու ենք մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի ինչպես Սաղմոսերգուն է ասում՝ Աստված, ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ։
Անտարակույս, մեր ապավինությունն Աստված է, և մեր ծառայությունը բարեպաշտ, աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։
Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին հայրական սիրով մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի Սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։
Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն չարակամության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրսիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։
Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով, սիրով և հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ դժվարություններից ու փորձություններից բարիքներ է վերհանում իր Սուրբ եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և եկեղեցուն։ Անխախտ հավատարմությունը ազգային հոգևոր մեր սրբազան արժեքներին, արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով, և ըստ առաքյալի պատգամ՝ի զորանանք Տիրոջով և նրա զորության կարողությամբ։
Հավատում ենք, որ մեր սուրբ եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարգ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես, և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։
Մեր հայացք ուղղված է Աստծուն, և մեր ջանքերը հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհք, սեր Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսյանդ. ԱՄԵՆ»։
