Նման բան պատմության մեջ եղել է մի անգամ. խեղդամահ են արել կաթողիկոսին. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Մամիջանյան

Այս պահին մեր ազգային ամոթն է տեղի ունենում դատարանում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Վեհափառ Հայրապետին Հայաստանի դատարանը փորձում է դատել: Մեր Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսը դատարանում է, էլ ի՞նչ կա այդտեղ մեկնաբանելու: Նման բան պատմության մեջ եղել է մի անգամ. խեղդամահ են արել կաթողիկոսին սովետական իշխանությունների ժամանակ: Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում:
Այստեղ քաղաքականություն չկա. այստեղ ազգային արժեքներ են, ազգային ինքնությունն է: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի հայ, որը հաշտ է այն մտքի հետ, որ Վեհափառ Հայրապետին դատարան են հրավիրել։ Իշխանությունը հույս ունի քանդել Հայ Առաքելական եկեղեցին, բայց այն դիմացել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ նիկոլականներն ու մարգինալները:
Ինչո՞ւ համար է սա արվում. որովհետև եկեղեցին եղել է մեր պաշտպանական և մեր ինքնության պահպանման վերջին խրամատը, երբ նույնիսկ պետականություն չի եղել: Ու հիմա էլ բավական զուգահեռներ կան. իշխանությունները չեն պաշտպանում ու ներկայացնում ՀՀ շահերը և ուզում են վերացնել այն ինստիտուտը, որը կպաշտպաներ և կզբաղվեր մեր շահերի առաջմղմամբ»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հորդորելով բոլոր չարգելված միջոցներով պայքարել, եթե անգամ գործող իշխանությունը կարողացել է խորհրդարան ձևավորել։
«Իմ ընկալմամբ՝ սա առանց փողոցային պայքարի գնացողը չի, ուստի յուրաքանչյուր մարդ, ով դեմ է Փաշինյանին, պետք է պատկերացնի, որ նրանց վաղ թե ուշ ճանապարհելու են փողոցային պայքարով»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:
