Ընտրությունները չե՞ն ավարտվել

Անօրհնանք, անկաթողիկոս 9-րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորող արտահերթ նիստի օրերն ամբողջովին գծագրեցին այն պատկերը, որը մենք ստացել ենք վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական քվոտաներով արդեն իսկ ԱԺ նախագահ (Ռուբեն Ռուբինյան), տեղակալներ (Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան) ընտրելու քննարկումները դարձան այն երեւակիչը, որով մեզ առաջարկվում է եւս հինգ տարի դիտել նոր խորհրդարանի ընդդիմադիր` կարապետյանական կորպուսի եւ մի փոքր թարմացված իշխանական կուսակցության թատերականացված անվճար ռեալիթի շոուները`թեկուզ անգամ Ռուբեն Ռուբինյանի առաջարկած, բայց քննարկումների երրորդ օրն իսկ խախտած բարեկրթության մթնոլորտում (եթե անգամ հնարավոր լինի նույնիսկ ապագայում ինչ-որ նշաձողի վրա պահել բարեկիրթ աշխատելու Ռուբինյանի առաջարկը): Կպայմանավորվե՞ն արդյոք, եւ մինչ այդ այլ պայմանավորվածություններ ունեցե՞լ են արդյոք նոր ընդդիմություն ու հին իշխանությունը, միգուցե հետագա ծրագիր կա գծված:
Կառավարությունը նշանակված է, այն ամբողջությամբ հինն է` ԲՏԱ նախարարի փոփոխության բացառությամբ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն անտեսել է կառավարութունում նոր մարդկանց տեսնելու հանրային պահանջը: Ու թե ո՞նց է հին մարդկանցով որոշակի վերանայումներ անելու ծրագրերւմ` կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես որ նոր կառավարության առաջին նիստում նշեց Փաշինյանը, անհասկանալի է: Նախարարությունների անունները փոխելով չի՞ հո:
Փոխարենը նա թարմացրել է իր աշխատակազմը` հավանաբար ավելի հավատարիմներ ընդգրկելով այնտեղ, որից կարելի է եզրակացնել, որ վարչապետի համար ավելի դժվար ժամանակներ են սպասվում, եւ նա ավելի կուռ շրջապատի կարիքն է զգալու:
Նոր խորհրդարանի վերաբերմամբ եւս եզրահանգումները մխիթարական չեն: Միայն մի քանի ուրվագծումներ անենք`հնգօրյա քննարկումների ֆոնին, հետագայում առիթները շատ են լինելու պատկեր դիտարկելու:
ԱԺ քննարկումները շարունակվում են, մեր հրապարակումը պատրաստելու պահին ընդդիմադիր քվոտայով ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրվել Արամ Վարդեւանյանը, որը, Դավիթ Ղազինյանի եւ մի քանի այլ պատգամավորների հետ, այս խմբակցության ծանր հրետանին է համարվում: Նրա ելույթը ավելի ինստիտուցիոնալ էր` որպես նրա հավանական ընտրության երաշխիք: Նոր բնորոշումներ եւս օգտագործեց`իշխանության հետ գաղափարապես տիտանական հակադիր են, եւ որ` իրենք չեն պարտվել, իշխանությունն էլ չի հաղթել, բա՛:
Ընդհանուր առմամբ հնգօրյա խորհրդարանական քննարկումների առաջին տպավորությամբ թվաց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ոչ թե ավատվել են, այլ դեռ առջեւում են, ու հիմա ամենաթունդ քարոզարշավի փուլն է, համենայնդեպս`29 պատգամավոր ունեցող «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների` հայրենիքը սահմանելու, պատգամավորի կոչումն ու պարտականությունները նորից ու նորից գծագրելու (սիրելիներս, ԱԺ կանոնակարգը դա արդեն արել է) եւ իշխանականներին այբ-ից ֆե խիստ քննադատության ենթարկելու պաթոսախեղդ ելույթներն այդ տպավորությունն էին թողնում, չնայած այդպես էլ չհասկացվեց, թե մանդատ վերցնել-չվերցնելու երկար տատանումներից հետո ինչ օրակարգով են խորհրդարան եկել նրանք, եթե նրանց միակ օրակարգը միշտ եղել է իշխանափոխությունը, Սամվել Կարապետյանին վարչապետ կարգելը: Մանագիտական-ոլորտային մանդատակիրների լայն բացվածքը, որով փորձում էր տպավորություն գործել նոր ուժը, ավելի շատ ոչ թե իշխանությունը հեռացնելու օրակարգ էր մատնանշում, այլ ունեցած ներուժը ցուցադրելու հայտ էր: Այո, ՈՒՀ-ն ունի բավականին լուրջ մասնագիտական ռեսուրս, եւ նրա ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ վատ չի նայվում, ի տարբերություն էկզոտիկ բառապաշարով եւ որակումներով աչքի ընկած Սամվել Կարապետյանի (պարականոն` Նարեկ Կարապետյանի որակումն է ՍամվելԿարապետյանի` իշխանություններին գյորմամիշ որակելուն), սակայն նաեւ խորհրդարանի մանդատին ոչ համապատասխան, սովորաբար ընտրարշավին հատուկ զգացմունքայնությամբ եւ դատարկաբանությամբ ելույթնեն ասում էին այն մասին, որ նոր պատգամավորական խումբը, նվազագույնը պատգամավորների կեսից ավելին դեռ շատ կտանջեն լսողներին` մինչեւ գտնեն պատգամավորական աշխատաոճի ոսկե միջինը, որը նախորդ ընդդիմադիր կորպուսում պատգամավորական պրոֆեսիոնալիզմի առումով արդեն իսկ գտնվել էր: Չնայած նախորդ խորհրդարանի` հանրությանը հոգնեցրած սեւ-սպիտակ դիմակայության ձեւաչափի արդյունք է հենց նոր խորհրդարանի ներկա պատկերը:
Բայց ամեն ինչից, այդ թվում`նույն պաթոսով ընդդիմադրներին պատասխանող իշխանականների ելույթներից երեւում է, որ պոպուլիզմի դոզան ներկա խորհրդարանում ավելի շատ է լինելու, իսկ «գյորմամիշ-հորթ» ձեւաչափով վերջին բախումը իշխանականների եւ ՈՒՀ-ականների միջեւ (յուղ նստեց սկանդալներ փնտրող լրագրողների սրտին) խոսում է այն մասին, որ տեսարանների պակաս չի լինի նոր թատերաշրջանում, ընդամենը տեսարանների որակների բարելավման հարց է: Գումարած նաեւ այն, որ երբեմն այնպիսի զգացողություն էր, որ ՌԴ շահերի պատուհանից են որոշ պատգամավորներ հարցերին նայում` իրենք անգամ երեւի դա չընկալելով կամ լավ էլ ընկալելով:
«Հայաստան» դաշինքի խմբակցության առումով էլ կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ 12 պատգամավորներով այս խումբը, որ պրոֆեսիոնալների առումով շահեկանորեն տարբերվում է ընդդիմադիր նոր ու մեծ միավորից, դե ֆակտո վերածվել է երկբեւեռ փոքր խմբի, խնդիրների արծարծման երկու բացվածքով`մասնավոր- քոչարյանական եւ գաղափարական-ՀՅԴ-ական: Առաջինն հստակ երեւաց Լեւոն Քոչարյանի ելույթներում` խմբակցության դեֆակտո ղեկավար Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների ներկայացմամբ, իսկ ՀՅԴ պատգամավորների ընդհանրական մոտեցումները երեւակելն ըստ ամենայնի ավելի ու ավելի բարդ է լինելու:
Իշխող ՔՊ խմբակցությունում եւս հետաքրքիր մետամորֆոզներ կան:
Այստեղ ուժեղացել է փաշինյանական ուղիղ ազդեցությունն` ի դեմս կառավարությունից գործուղված Տարոն Չախոյանի (որն ինտրիգային ոճով ելույթներ է ունենում), Նազելի Բաղդասարյանի, Արայիկ Հարությունյանի, Հակոբ Սիմիդյանի եւ բուն խմբակցության նոր ղեկավար, բացառապես Փաշինյանի վստահելին համարվող Արուսյակ Մանավազյանի: Հավանաբար էլի, ինչպես վերեւում նշեցինք, Փաշինյանն իր տեսակետները չմիջնորդավորված եւ արագ փոխանցելու եւ խմբակցության ստվերային կառավարման խնդիր ունի, մանավանդ, որ ըստ տարբեր դիտարկումների` թիմում հավակնությունների առումով տարբեր դժգոհություններ կան: Ի դեպ` մեր կարծիքով ավելի վարչական կառավարման հատկանիշներով օժտված Արուսյակ Մանավազյանը չի ձգում խմբակցության ղեկավարի քաղաքական պաշտոնին, եւ հավանաբար ՔՊ-ում շուտ կնկատեն այդ:
Իսկ ԱԺ ղեկավար մարմինները ձեւավորող հնգօրյա նիստերն աչքի ընկան ավելի շատ ապաքաղաքական, միջանձնային «ռազբորկաների» մակարդակի խոսույթով, որպես ապացույց ընդամենը հիշենք մի երկու կոլորիտային հատված. «Քեռին լավ է, ամուսինդ ո՞նց է», հարցնում է կոկորդիլոսների հետ կապված պատմությամբ ժամանակին հայտնի դարձած ՔՊ պատգամավորը ընդդիմության փոքր կտորի պատգամավորուհուն: Կամ ԱԺ նախագահության թեկնածուների քաղաքական որակների մասին խոսելու փոխարեն հնչում էր`Ռուբինյանի կինը, Կոնջորյանի կինը, Ռուբինյանի եղբայրը, Կոնջորյանի եղբայրը, Աննա Գրիգորյանի ամուսնու Ռենջռովերը, կոկորդիլոսներով հայտնիի քեռին, «Հայփոստը», «Հայփո՛ստը» , «Հայփո՛ստը» (օրակարգի թիվ մեկ հարցն էր «Հայփոստը», փառք Աստծո, գոնե «Հայփոստի» բոլոր խնդիրները վեր հանվեցին), մեկն էլ, պարզվեց, պատգամավոր է դարձել «Հայփոստի» վատ աշխատանքի պատճառով կամ շնորհիվ:
Լսում էի անձնական տիրույթի «ռազբորկաները», մանրթեմայնության մաստերկլասները, նոր ընդդիմության` առաջին դասարան ընդունվածի ճոռոմորենով պաթոսախառնուրդ սիրո խոստովանություններն առ հայրենիք, պատգամավորի բարձր կոչման նորովի բացահայտումները, իրենց ԱՌԱՋԻՆ ելույթը առանձնահատուկ նշանավորումներն ու մտածում, որ կգժվենք, մինչեւ նորերն առաջին դասարանից բարձր դասարաններ հասնեն:
Մինչդեռ Հայսատանի շուրջ եւ ներսում մարտահրավերների նոր կուտակում է, ԹՐԻՓՓ-ի պայմանագիրն է շուտով ՍԴ գնալու, ՌԴ-ի պատժամիջոցներն ու հռետորաբանությունն արդեն մոտակա սառն ամիսներին գազի գնի թանկացման տնտեսական պատժամիջոց են գուժում, Իրանի շուրջ լարվածությունը ոչ մի լավ բան չի խոստանում, ռուսական սաբոտաժի տնտեսական հետեւանքներն են ահավոր, իսկ մերոնք դեռ խորհրդարանում իրար հետ նոր-նոր ճշտում են, թե ինչ է հայրենիքը, որն է պատգամավորն ու նրա կոչումը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.
