Շուշին՝ պատմական ճշմարտության լույսի ներքո. ֆիլմի ցուցադրություն Թեքեյան կենտրոնում

Հուլիսի 17-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Շուշի. Անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը համախմբել էր պատմությամբ, մշակույթով եւ ազգային ժառանգությամբ հետաքրքրվող հանդիսատեսի:
Ֆիլմը հանդիսատեսին ներկայացրեց Շուշիի հարուստ եւ բազմադարյա պատմությունը՝ հիմնված պատմական փաստերի, սկզբնաղբյուրների եւ գիտական ուսումնասիրությունների վրա: Ստեղծագործությունը փաստարկված կերպով անդրադառնում է քաղաքի կազմավորման պատմությանը, նրա մշակութային եւ հոգեւոր նշանակությանը եւ հայկական հարուստ ժառանգությանը:

Ֆիլմի հեղինակային եւ ստեղծագործական խումբը միավորել է պատմաբանների, հետազոտողների եւ կինոգործիչների՝ նպատակ ունենալով ստեղծել պատմական ճշգրտության վրա հիմնված ամբողջական, հավաստի եւ փաստարկված աշխատանք: Ներկայացված նյութը հանդիսատեսին հնարավորություն տվեց նորովի գնահատելու Շուշիի բացառիկ դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության եւ մշակութային ժառանգության մեջ:

Միջոցառման ավարտին ֆիլմի ռեժիսոր եւ օպերատոր Գեւորգ Տեր-Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության, ցուցաբերած հետաքրքրության եւ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ նման հանդիպումները կարեւոր հարթակ են պատմական փաստերի հանրայնացման եւ սերունդներին արժանահավատ պատմություն փոխանցելու գործում:


Ֆիլմի սցենարի հեղինակն է Արսեն Մելիք-Շահնազարովը: Գլխավոր խորհրդատուներն են Վալերի Ավանեսյանը եւ Արտակ Մաղալյանը, իսկ խմբագիրները՝ Ժաննա Ներսիսյանը եւ Վաչագան Փահլեւանյանը: Մոնտաժի ռեժիսորն է Սամվել Ամիրխանյանը, մոնտաժը՝ Ռուբեն Օսիպովինը: Օպերատորներն են Տիգրան Պետրոսյանը եւ Գագիկ Սարգսյանը, տեխնիկական աջակցությունը՝ Արմեն Ղազարյանի: Տեքստը կարդում են Վաչագան Փահլեւանյանը եւ Վարդուհի Բաղդասարյանը, թարգմանությունը՝ Ներսես Աթաբեկյանը: Տեքստի վրա աշխատել են Վահրամ Աղաջանյանը եւ Սուսաննա Աբրահամյանը: Երգի կատարողն է Տիգրան Մկրտչյանը, երաժշտության հեղինակը՝ Էդուարդ Ղազարյանցը, իսկ խոսքի հեղինակը՝ Հոմերոս Վանյանը:
