Նիկոլ Փաշինյանը ողջունում է ադրբեջանական վառելիքի մուտքը Հայաստան։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքմանը։
«Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ քաղաքական պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները տեղեկացվեն և գործարքներ կնքեն։ Գործարքը կնքված է։ Գիտեմ, որ մեկ գնացք է գալիս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մանրամասների չի տիրապետում։
Նա նշեց, որ վրացական երկաթուղում սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք կկարգավորվեն կամ այլընտրանքային ձևեր կորոնվեն՝ ներմուծումն ու արտահանումն ապահովվելու։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բաքվի կայարանից «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության կողմից շահագործվող բեռնատար գնացքով Աղստաֆա շրջանի Բոյուկ-Քյասիկ կայարան է ուղարկվել 22 վագոնների մեջ բարձված 1220 տոննա AI-95 շարժիչային բենզին։ Բեռը Վրաստանի տարածքով կհասնի Հայաստան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։





