ՌԴ Սեւծովյան նավատորմի «Սմետլիվի» պահականավը սեպտեմբերի 12-ին դուրս է եկել Սեւաստոպոլի ռազմակայանից եւ ուղղություն վերցրել դեպի Սիրիա: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուր:
«Պահականավը սեւծովյան նեղուցները կանցնի «Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային մեծ նավի հետ, որը նախօրեին դուրս էր եկել Նովոռոսիյսկից: Սեւծովյան նավատորմի ռազմանավերը Սիրիայի ափերի մոտ մարտական խնդիրներ կկատարեն ըստ ծովուժի օպերատիվ հրամանատարության ծրագրի», հայտարարել է նույն աղբյուրը:
Ավելի վաղՙ սեպտեմբերի 10-ին, Ջիբրալթարի նեղուցով անցել էր «Մոսկվա» հրթիռակիր հածանավը, որը նույնպես շարժվում է դեպի Արեւելյան Միջերկրածովք: Ենթադրվում է, որ նավը Սիրիայի ափերին կմոտենա սեպտեմբերի 17-ին:
ՌԻԱ գործակալության տվյալներովՙ Միջերկրական ծովում ռուսական ծովուժի միավորումը ներառում է «Պերեսվետ», «Ադմիրալ Նեւելսկոյ», «Մինսկ», «Նովոչերկասսկ», «Ալեքսանդր Շաբալին» դեսանտային մեծ նավերը, «Ադմիրալ Պանտելեեւ» հակասուզանավային մեծ ռազմանավը եւ «Նեուստրաշիմի» պահականավը:
Սեպտեմբերի 29-ին Սիրիայի ափերին կմոտենան Սեւծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռակիր մոտորանավը եւ «Շտիլ» հրթիռակիր փոքր նավը: Ծովուժի գլխավոր շտաբում ընդգծում են, որ ռուսաստանցի նավաստիների հիմնական խնդիրը կլինի ոչ թե ռազմական գործողություններին մասնակցելը, այլ մարդկանց փրկելը եւ վիրավորներին օգնելը: