Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York Post (NYP)-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը բարձր է գնահատում Ինֆանտինոյին և կարծում է, որ նա հարգված է միջազգային ասպարեզում և գիտի, թե ինչպես միավորել մարդկանց։

Նշվում է, որ նրանց միջև հարաբերությունները նկատելիորեն ամրապնդվել են 2026 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որը հյուրընկալել են Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։

Թերթի աղբյուրների համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահը «ամեն ինչ արել է ամերիկացի առաջնորդին գրավելու համար» և նույնիսկ անցյալ տարվա դեկտեմբերին նրան հանձնել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակը:

Հայտնի չէ՝ արդյոք Թրամփը քննարկել է այս գաղափարը Ինֆանտինոյի հետ, թե՞ ՖԻՖԱ-ի նախագահը հետաքրքրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալով։ Ապրիլին Ինֆանտինոն հայտարարեց 2027 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին։

Անտոնիո Գուտերեշի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։

Աշխարհի առաջնությունում սկանդալային  միջադեպ տեղի ունեցավ։ ԱՄՆ հավաքականի խաղացող Ֆոլարին Բալոգունը հեռացվեց խաղադաշտից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ նա իրավունք չուներ խաղալու  1/8 եզրափակչի Բելգիայի դեմ խաղում։ Սակայն ՖԻՖԱ-ն կասեցրեց հարձակվողի որակազրկումը։ Կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Թրամփն անձամբ զանգահարել է Ինֆանտինոյին և պնդել, որ Բալոգունի որակազրկումը վերացվի։ ԱՄՆ նախագահը հետագայում հաստատեց իր զանգը։

Ինֆանտինոն նախկինում ասել է, որ ամեն օր զանգահարում է Թրամփին։