Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էսկալացիայի հավանականությունը մոտ է զրոյին, և առնվազն այսպես կլինի մինչև Թրամփի գործունեության ավարտը. Պողոսյան

2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված փաստաթղթերի՝ Հայաստանի վրա  ազդեցության մասին խոսելիս պետք է առանձնացնել երկու ոլորտ. առաջինն աշխարհաքաղաքականն է՝ հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումը։ «Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկման ժամանակ այսօր այս մասին ասաց վերլուծաբան, APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրին տեքստի համաձայնեցումից հետո իրավիճակը բավական լարված էր, և գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից հրադադրի խախտման մասին։ Անընդհատ հայտարարվում էր, որ Բաքուն իրավունք ունի դիմելու պատասխան գործողությունների։

«Կար էսկալացիայի բավականաչափ վտանգ։ 2025-ի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգն էականորեն նվազեց՝ մոտենալով զրոյին, և այս պահին էլ այն գրեթե մոտ է զրոյին, և ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչև Թրամփի գործունեության ավարտը, այսինքն՝ մինչև 2029 թվականի հունվար»,- ասաց բանախոսը։

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ այս փաստաթղթերը  էականորեն խթանեցին հայ-ամերիկյան հարաբերությունները, և երկկողմ հուշագրերը, թղթի վրա լինելուց զատ, որոշակի արդյունքներ են տալիս։

«Ընդամենը 3 օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը, որն ուղղակիորեն պայմանավորված էր ստորագրված հուշագրերով։ Եթե ամփոփեմ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված փաստաթղթերն ունեն ոչ  միայն աշխարհաքաղաքական, այլև երկկողմ ու տնտեսական նշանակություն»,- ասաց Բենիամին Պողոսյանը։