Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։
Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին ՊՆ-ն մինչ այս պահը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել, և միայն Քննչական կոմիտեն է տեղեկացրել, որ ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մարմինը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել։
«ՊՆ-ն ուզում է ստերիլ մնալ բանակում մահվան դեպքերից, բայց առաջին պատասխանատուն ինքն է, ոչ թե Քննչական կոմիտեն։ Այսպիսի՝ ընտանիքին նվաստացնող վերաբերմունք է, որ մեկ հատ ցավակցություն անգամ չեն հայտնում, հաղորդագրություն չեն տարածում, բացատրություն չեն տալիս, թե ինչու են զինվորները հասնում մահվան դուռը։ Սա ուղղակի սարսափելի է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրության տեքստում անգամ մահացած ժամկետային զինծառայողի անունը չի նշել։
«Դրանով ի՞նչ են ուզում այդ ընտանիքին ասել ընդհանրապես։ Ես չեմ զարմանա, որ իրենք հիմա կդնեն ինքնասպանության հոդված և երևի երեկվանից ձգձգում են, որ հենց ինքնասպանության հոդված դնեն։ Որովհետև իրենց պրակտիկան այսպիսին է՝ մահվանից ժամեր հետո դեպքը որակել որպես ինքնասպանություն։ Բայց իրենք ինչպե՞ս կարող են այդքան արագ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Մի խոսքով՝ զինվորը, նրա ընտանիքը, հանրությունը ՊՆ-ի համար զրո արժեք ունեն։ Այս աստիճանի արհամարհական վերաբերմունք, որ հիմա ենք տեսնում, երբեք չենք տեսել։ Իհարկե, բոլոր ժամանակներում դեպքեր եղել են, բայց կար կարգ, կար հաղորդագրություն, որտեղ ցավակցում էին ընտանիքին։ Իսկ հիմա ի՞նչ կապ ունի Քննչական կոմիտեն, որ այդ մարմինն է տարածում չափից դուրս խղճուկ, ոչ մի բան չասող հաղորդագրությունը։
Կրկնում եմ՝ պատասխանատուն ՊՆ-ն է, որը պարտավոր է իր նախարարով հանդերձ պարզաբանումներ և բացատրություններ տալ, թե սա ինչ վերաբերմունք է։ Տեսնում ենք՝ ինչ ձևով են մարդկանց հավաքների տանում. ուղղակի որսում են օդանավակայաններից, և հիմա նրանք ոչ մի բան չունե՞ն ասելու։ Իրենց համար զինվորն ընդամենը թիվ է»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ զինվորը գնում է՝ հայրենիքի առջև իր պարտքը կատարելու, իսկ ՊՆ-ն զինվորների մահերը բարդում է նրանց ծառայակիցների վրա։ Այսինքն՝ ՊՆ-ն այնպիսի քաղաքականություն է վարում, որ ինքը նման դեպքերի հետ որևէ կապ չունի։
«Ինքնասպանությունները հենց դրա համար են դնում, որ իրենցից հեռացնեն զինվորների մահվան դեպքերը։ Հիշում եք՝ մի ՊՆ փոխնախարար կար՝ Գաբրիել Բալայան անունով, որն ասել էր՝ «Տանը զենք չունեն՝ ինքնասպան լինեն, գալիս են՝ բանակում են ինքնսապան լինում»։ Սա լկտի հայտարարություն է։ ՊՆ-ում չեն ուզում գիտակցել, որ պատասխանատու են զինվորի կյանքի համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք, Սուրեն Պապիկյանը կարո՞ղ է պատասխանատու լինել զինվորի կյանքի համար, եթե նույնիսկ մեկ հատիկ հաղորդագրություն չեն տարածում և ցավակցություն չեն հայտնում ընտանիքին՝ փոխանակ գլուխները կախեին, ցավակցեին, սփոփեին այդ ընտանիքին»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր։ ԲՈՒՀ-ի ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը, ի տարբերություն ՊՆ-ի, ցավակցություն էր հայտնել Նարեկ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։









