Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՔԿ-ի «փուչիկը» և հատված «կարմիր գծերը». Սուրեն Սուրեյանց

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ կապված 2023 թվականին Սողոմոն Վլասյանի սպանության ենթադրյալ պատվիրման հետ։

Նրա փաստաբանները հայտարարել են, որ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում և առհասարակ որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքին։ Ավելին՝ պաշտպանության կողմը մեղադրանքն այնքան անհիմն է համարում, որ այս փուլում նույնիսկ հարկ չի համարում այն մանրամասն մեկնաբանել։

Ես որևէ հիմք չունեմ անվերապահորեն հավատալու Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ Ավելին՝ ողջամիտ կասկած ունեմ, որ Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ ՔԿ-ի աղմկահարույց հաղորդագրությունը կարող է հերթական «փուչիկը» լինել։ Վերջին տարիներին հասարակությունը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել, թե ինչպես են նախաքննական մարմինները դեռևս քննության փուլում աղմկահարույց գործերը ներկայացրել գրեթե «բացահայտված», իսկ հետագայում այդ վստահ հայտարարությունների շուրջ բազմաթիվ հարցեր են առաջացել։

Իրավական պետությունում մեղավորությունը հաստատում է դատարանը, ոչ թե Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությունը։ Անմեղության կանխավարկածն արդար դատաքննության հիմնարար երաշխիքն է։ Այն ամրագրված է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ։ Հետևաբար՝ նախաքննական մարմինը պարտավոր է ընթացիկ վարույթի մասին հաղորդակցվել այնպիսի զսպվածությամբ, որ մինչև դատարանի վերջնական վճիռը հանրության մոտ չձևավորի անձի մեղավորության կանխակալ ընկալում։

Այս տեսանկյունից ՔԿ-ի հաղորդագրության ձևակերպումներն առնվազն լրջագույն հարցեր են առաջացնում։

Գործը ներկայացվել է գրեթե որպես արդեն ամբողջությամբ բացահայտված, մինչդեռ սպանության անմիջական կատարողի (Գ.Հ.-ի) գործը դեռ 2024 թվականին է ուղարկվել դատարան, և այդ ժամանակ Արգամ Աբրահամյանի անունը հանրային հաղորդագրություններում չի հնչել։ Երեք տարի անց հանկարծ ի հայտ եկած «ամբողջական պատկերը» բնականաբար հարցեր է առաջացնում։

Սակայն այս պատմության ամենանողկալի հատվածն այլ տեղ է։

Խոսքը Էմմա Ծառուկյանի անվան հրապարակային շրջանառության և նրա անձնական կյանքին վերաբերող ակնարկների մասին է՝ կեղծ պնդումների ու բամբասանքի ժանրով։

Եթե կնոջը որևէ հանցավոր արարք չի վերագրվում, ապա ո՞րն էր նրա անունը սպանության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ ներառելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ իրավաչափ նպատակ էր հետապնդում «անձնական փոխհարաբերություններ» և «խոշոր գումարներ» ձևակերպման հրապարակումը։

Նման կեղծ ու անհարկի ձևակերպումները հանրային տարածքում անխուսափելիորեն ծնում են ենթադրություններ, բամբասանքներ ու մարդու անձնական կյանքի վերաբերյալ շահարկումներ։ Եվ երբ այդ ամենի սկզբնաղբյուրը ոչ թե դեղին մամուլն է կամ անանուն տելեգրամյան ալիքը, այլ Հայաստանի Հանրապետության պետական մարմինը, խնդիրը դառնում է շատ ավելի ծանր։

Քննչական կոմիտեն իրավունք չունի քրեական վարույթի մասին հանրությանը տեղեկացնելու անվան տակ որևէ կնոջ անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման նյութ, առավել ևս՝ եթե նրան որևէ հանցավոր արարք չի վերագրվում։

Սա մասնագիտական անփութության խնդիր չէ։ Սա մարդու արժանապատվության, մասնավոր կյանքի և պետական մարմնի վարքագծի թույլատրելի սահմանների հարց է։

Մարդու անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը պաշտպանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրությամբ։ Պետական մարմնի ցանկացած միջամտություն այդ տիրույթ պետք է ունենա հստակ իրավական հիմք, հետապնդի իրավաչափ նպատակ և լինի անհրաժեշտ ու համաչափ։

Հենց այս պատճառով է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային հայտարարությամբ ՔԿ-ի գործելաոճը որակել է անթույլատրելի։ ՄԻՊ-ը հստակ նշել է, որ քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է, և հարց է բարձրացրել՝ ի՞նչ օրինական նպատակ է հետապնդում նման տեղեկությունների հրապարակումը։

Հետևաբար՝ ՔԿ-ն պարտավոր է պարզաբանել՝ ի՞նչ անհրաժեշտությամբ է Էմմա Ծառուկյանի անունը հայտնվել այդ հաղորդագրության մեջ, և ի՞նչ քննչական կամ հանրային շահ էր պահանջում նրա անձնական կյանքին վերաբերող ակնարկի հրապարակումը։

Կատարվածը դժվար է ընկալել այլ կերպ, քան որպես անձի, նրա հեղինակավոր ընտանիքի հրապարակային թիրախավորում։

Եվ հենց այստեղ է, որ քրեական վարույթի մասին պաշտոնական հաղորդագրությունը սկսում է հոգեբանական ճնշման գործիքի տպավորություն ստեղծել։

Ավելին՝ ՔԿ-ն տարածել է նաև ձերբակալության «դրամատիկ» տեսանյութ, որտեղ դիմակավորված աշխատակիցները ներխուժում են տուն և հատակին պառկեցնում մեղադրյալին։ Նման «շոուի» տարրերն էլ ավելի են ուժեղացնում այն տպավորությունը, որ նախաքննությունը մասամբ վերածվում է հանրային ազդեցության գործիքի։

Պետությունը պարտավոր է բացահայտել հանցագործությունները, այդ թվում՝ ամենածանրերը։ Բայց այդ պարտականությունը նրան որևէ արտոնություն չի տալիս մարդկանց պատիվը, արժանապատվությունն ու մասնավոր կյանքը դարձնելու նախաքննությանը «ուղեկցող վնաս»։

Նախաքննությունը և նրա հաղորդագրությունները չպետք է դառնան մարդկանց հրապարակայնորեն վարկաբեկելու արտոնագիր։

Եթե պետական մարմինն անցնում է այդ սահմանը, պատասխանատվության հարցն անխուսափելի է։ Վաղ թե ուշ պետք է պատասխան տան ոչ միայն նման տեքստերը կազմողները, այլև դրանք համաձայնեցնող պաշտոնյաները, նրանց գերատեսչական և, եթե հաստատվի քաղաքական միջամտությունը, նաև քաղաքական ղեկավարները։

Պետության անունից գործելը պատասխանատվությունից ազատող հանգամանք չէ։ Ընդհակառակը՝ այն պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է դարձնում։

Հ.գ- Ի դեպ, արժանահավատ տեղեկություններ են շրջանառվում Սողոմոն Վլասյանի մութ անցյալի մասին, որոնք կասկածի տակ են դնում նրա՝ որևէ անձի հետ «անձնական փոխհարաբերություններ» ունենալու հանգամանքը: Այս մասին՝ մեկ այլ առիթով:

Սուրեն Սուրեյանց, քաղաքագետ, պատմաբան