Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները
Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ դաշինքի անդամ երկրների ղեկավարներն ու գործընկեր պետությունների ներկայացուցիչները:
Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ նախորդ՝ Հաագայի գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունների իրականացումը: Ըստ այդ որոշման, անդամ երկրները մինչեւ 2035 թվականը պետք է պաշտպանության ոլորտին հատկացնեն իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5 տոկոսը:
Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ ակնկալում է պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ հստակ եւ գործնական ծրագրերի ներկայացում: Նա նաեւ տեղեկացրել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության համաժողովի շրջանակում նախատեսվում է ստորագրել տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրեր՝ դաշինքի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով:
Ուկրաինային շարունակվող աջակցությունը եւս մնաց օրակարգի առանցքային հարցերից մեկը: Ռուսաստանի դեմ պատերազմի պայմաններում դաշինքի ղեկավարները քննարկեցին Կիեւին ցուցաբերվող ռազմական աջակցության շարունակությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:
Սակայն գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում էր առանձնահատուկ ուշադրության արժանացնել նաեւ Իրանին առնչվող հարցերը: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ օրակարգում կարող է ընդգրկվել նաեւ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը: Նրա խոսքով, նախագահ Թրամփը ակնկալում է, որ տարածաշրջանային վերջին լարվածությունից հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցները ավելի մեծ պատասխանատվությամբ կմասնակցեն Հորմուզի նեղուցում առեւտրային նավագնացության անվտանգության ապահովմանը:
Միաժամանակ, Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի հնարավոր առաքելության վերաբերյալ հարցին, նշել է, որ այս պահին նման նախաձեռնություն չի քննարկվում: Նրա խոսքով՝ «Իրանը գտնվում է ՆԱՏՕ-ի աշխարհագրական պատասխանատվության գոտուց դուրս», սակայն եթե ապագայում դաշինքի ներգրավվածությունը կարողանա օգտակար լինել, այդ հնարավորությունը կարող է գնահատվել:
Ռյուտեն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի պատերազմի համատեքստում Իրանի դերին՝ ընդգծելով, որ Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը շարունակում են մնալ Ռուսաստանի հիմնական աջակիցները: Այս գնահատականը վկայում է, որ ՆԱՏՕ-ն Իրանը դիտարկում է ոչ միայն որպես Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային դերակատար, այլեւ որպես եվրատլանտյան անվտանգության վրա ազդեցություն ունեցող գործոն:
Գագաթնաժողովի կարեւորությունը պայմանավորված էր նաեւ Եվրոպայում անվտանգության շարունակական վատթարացմամբ: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է. «Յուրաքանչյուր գագաթնաժողով պատմական է համարվում, սակայն այս անգամ դա իսկապես այդպես է»:
Անկարայում գագաթնաժողովի անցկացումը կարեւոր էր նաեւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի աճող դերակատարության տեսանկյունից: Դաշինքի անդամ լինելով 1952 թվականից՝ Թուրքիան վերջին տարիներին իր աշխարհաքաղաքական դիրքի, ռազմական ներուժի եւ պաշտպանական արդյունաբերության զարգացման շնորհիվ դարձել է ՆԱՏՕ-ի կարեւոր հենասյուներից մեկը:
Մարկ Ռյուտեն շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար՝ բարձր գնահատելով Թուրքիայի կազմակերպչական աշխատանքն ու ժողովրդի հյուրընկալությունը: Սակայն այս գնահատականը որոշ դիտորդների կարծիքով ամբողջությամբ չէր արտացոլում հասարակական տրամադրությունները: Թրամփի այցից առաջ Ստամբուլի կամուրջներից մեկի վրա տեղադրվել էր «Թաքցրեք ձեր երեխաներին, Թրամփն է գալիս» գրությամբ պաստառ, որն արժանացել էր լայն արձագանքի:
Ընդհանուր առմամբ, Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները մշտապես անցկացվել են լարված մթնոլորտում: Ամենահայտնի օրինակներից մեկը 2018 թվականի գագաթնաժողովն էր, երբ Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել իր մասնակցությունը ՆԱՏՕ-ին, եթե եվրոպացի դաշնակիցները չավելացնեն պաշտպանական ծախսերը:
Այս անգամ էլ, Անկարայի գագաթնաժողովից առաջ, լարվածությունն ավելի մեծ էր, քանի որ Թրամփի վարչակազմը նպատակ ունի վերանայել Եվրոպայի անվտանգության ոլորտում ԱՄՆ ներգրավվածության ծավալը:
Նաեւ Թրամփը դժգոհ է եվրոպացի մի շարք առաջնորդներից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին չաջակցելու պատճառով, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանի հարցը դարձել է ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ տրանսատլանտյան հարաբերությունների կարեւոր թեմաներից մեկը:
Ամփոփելով վերը նշվածը՝ արձանագրենք, որ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը կենտրոնացած էր պաշտպանական ծախսերի ավելացման, Ուկրաինային աջակցության եւ եվրատլանտյան անվտանգության մարտահրավերների շուրջ: Սակայն քննարկումների կարեւոր ուղղություններից մեկը նաեւ Իրանին վերաբերող հարցերն էին: Թեեւ ՆԱՏՕ-ն ներկայումս չի նախատեսում առաքելություն Հորմուզի նեղուցում, դաշինքը շարունակում է ուշադրությամբ հետեւել տարածաշրջանային զարգացումներին եւ Իրանի դերին: Մարկ Ռյուտեն Իրանը, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին բնութագրեց որպես Ռուսաստանի հիմնական աջակիցներից, իսկ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը ցույց տվեց, որ Իրանի հարցը շարունակում է ազդել նաեւ ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական քննարկումների եւ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների վրա:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ











