Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի պաշտոնական շնորհանդեսը: Այդ առթիվ թանգարանը ծրագրել է գրական երկխոսություն կազմակերպել ամերիկահայ երկու համբավավոր գրողների՝ Նենսի Գրիգորյանի եւ Քրիս Բոհջալյանի միջեւ: Նրանք, ըստ տեղեկատվության, պատմության, գրականության եւ նորարարական գործընթացներին անդրադառնալով բացահայտելու են վիպագրության նորանոր շերտեր, հորիզոններ: Քննարկումից հետո նախատեսված է հյուրասիրություն, որի ընթացքում նաեւ վաճառված հատորների ստորագրում հեղինակի կողմից:
«Դիլետանտը» (The Amateur) արդեն իսկ բարձր է գնահատվել գրաքննադատների կողմից: «Նյու Յորք թայմսը» այն անվանել է «գիրք, որի մասին ամեն ոք խոսելու է 2026-ին», իսկ «Օպրա Դեյլին»՝ «ամառային ընթերցանության համար նախատեսված լավագույն հատորը»: «Publishers Weekly» շաբաթաթերթը՝ «գլուխգործոց» է որակել այն, իսկ «Kirkus Review» հանդեսը՝ «անդիմադրելի եւ գերազանց»:
Իրադարձությունները գրքում, դարձյալ ըստ տեղեկատվության, ծավալվում են 1978-ին, երբ պատանի, տաղանդավոր գոլֆ խաղացող Մայրայի կյանքում անդառնալի շրջադարձ է կատարվում ողբերգական վթարի հետեւանքով: Պատմությունը զարգանում է հասունության հասնելու, հարմարվելու, ճկունություն դրսեւորելու, դասակարգային պայքարի եւ թաքուն գաղտնիքների անորոշության պայմաններում, երբ ամեն րոպե անակնկալ վտանգ է կախված գլխավերեւումդ:
Քրիս Բոհջալյանի նախորդ 25 գրքերը բոլորն էլ «Նյու Յորք Թայմսի» կողմից «N1 բեստսելլերներ» են ճանաչված եղել: Դրանց թվում են «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls», «Վհուկի ժամանակը» (Hour of the Witch) եւ «Էգ առյուծը» (The Lioness): Նրա գործերը թարգմանված են աշխարհի 30-ից ավելի լեզուներով:
Նենսի Գրիգորյանը նույնպես ճանաչված վիպասան է, հեղինակ «Զապել» (Zabelle), «Հացի եւ կրակի երազներ» (Dreams of Bread and Fire), «Այդ ամբողջ լույսը, որ կար» (All the Light There Was), «Աշխարհի բոցավառվող սիրտը» (The Burning Heart of the World) եւ այլ անգլիալեզու հատորների:
Դասավանդել է Կոլումբիա եւ այլ համալսարաններում:
«The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթեից թարգմանեց
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ











