Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության եւ մի ամբողջ դարաշրջանի հուզիչ համայնապատկերի համադրությամբ մանկան աչքերով պատմվում է ինքնագիտակցության արթնացման մասին, երբ երաժշտությունն ու երեւակայությունը դառնում են միակ ապաստանը փլուզվող աշխարհի դեմ հանդիման:
Կոմունիստ մտավորականների ընտանիքում ծնված դաշնակահարուհի հրաշամանուկ Վերոչկայի մանկությունն անցնում է գրքերի, գաղափարական անսասան համոզմունքների եւ երաժշտության աշխարհում, որը նրա առջեւ բացում է բոլորովին այլ հորիզոններ: Սակայն 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսում է փլուզվել, Վերոչկայի ապահով աշխարհը ճաքեր է տալիս, եւ աղջիկը փորձում է հաղթահարել գորբաչովյան վերակառուցման տարիների հայ իրականության դաժան առօրյան: Պատմությունը ներխուժում է յուրաքանչյուր ընտանիքի կյանք: Երկիրը կանգնած է սովի եզրին: Մարդիկ, տաքանալու համար, այրում են գրքերը: Փողոցներում բռնկվում են բուռն ցույցեր: Թաքնված պատերազմները դառնում են փլուզվող խորհրդային համակարգի անխուսափելի հետեւանքները: Սննդամթերքի եւ կենսական անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, սաստիկ ցուրտը, քաղաքական լարվածությունը եւ հասարակության կտրուկ վերափոխումները ձեւավորում են Վերոչկայի կյանքի ու հասունացման պատմությունը: Այս ամենի մեջ աղջիկը կառչում է մի փխրուն հույսից. հաջողությամբ հանձնել ընդունելության մրցույթը եւ ընդունվել Մոսկվայի հեղինակավոր երաժշտական դպրոցներից մեկը:
Ֆրանսիայում բնակվող Մարինա Յալոյանը մեծացել է մի քանի մշակութային աշխարհների խաչմերուկում՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ազդեցության ներքո: Մագիստրոսի աստիճան է ստացել հեռուստառադիոհաղորդումների լրագրության մասնագիտությամբ՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում: Ֆրանսիայում աշխատել է «Խորհրդարանական ամսագիր» անգլերեն-ֆրանսերեն հանդեսի խմբագրությունում, Եվրոպայի խորհրդում, Փարիզի HEC բիզնես դպրոցում եւ IE՛SEG մենեջմենթի դպրոցում:
Ա. Բ.











