Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կհատի վերջնագիծը: Հայտնի կդառնան եզրափակիչ փուլի ուղեգրերի բոլոր տերերն ու անցումային խաղերի մասնակիցները:
Ուրբաթ օրը կայացած 9-րդ տուրի հանդիպումներից հետո զգալիորեն սրվեց պայքարը 2-րդ տեղի համար B խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականը: Իտալացիները վաղուց նվաճել են եզրափակիչի ուղեգիրը, սակայն դանիացիների հետ մրցավեճում մինչեւ վերջ պայքարեցին ու կարողացան ավելացված ժամանակում խուսափել պարտությունից (2-2): Չեխերն էլ հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության մատնեցին Մալթայի ֆուտբոլիստներին:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Նեապոլում կմրցի իտալացիների հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: 2-րդ տեղը գրավելու համար նախ մեր հավաքականը պետք է հաղթի իտալացիներին, դանիացիները սեփական հարկի տակ չպետք է հաղթեն Մալթային, իսկ Բուլղարիա-Չեխիա հանդիպումը պետք է ավարտվի ոչ-ոքի: Համաձայնվեք, որ այս 3 գործոնների միաժամանակյա իրականացումը գրեթե անհնար է: Հարկ է նշել, որ Իտալիայի հավաքականն իր պատմության մեջ դեռ երբեք սեփական հարկի տակ չի պարտվել աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում: Այնպես որ, եթե մեր ֆուտբոլիստներին հաջողվի հաղթել Նեապոլում, դա իրոք պատմական հաղթանակ կլինի:
A խմբում Բելգիայի հավաքականը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով խորվաթներին, աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Ուելս-Մակեդոնիա խաղում 1-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը:
C խմբում շվեդները հաղթելով Ավստրիային (2-1), զբաղեցրին 2-րդ տեղը: Իսկ ուղեգիրը վաղուց ապահովել էր Գերմանիայի հավաքականը, որը սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել էր իռլանդացիներին: Ֆարերներ-Ղազախստան խաղում գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1:
Ուղեգիր նվաճելուն շատ մոտ է ՌԴ հավաքականը, որը Լյուքսեմբուրգի հետ արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթեց մրցակցին: Իսկ ահա պորտուգալացիները սեփական հարկի տակ չկարողացան հաղթել Իսրայելի հավաքականին (1-1), որի պատճառով ներկայումս 3 միավորով հետ են մնացել ռուսներից: Վերջիններիս այսօր Բաքվում Ադրբեջանի հավաքականի հետ խաղում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին:
G խմբում 22-ական միավորով առաջատարներն են Բոսնիայի եւ Հունաստանի հավաքականները: Բոսնիացիները 4-1 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնին, իսկ հույները 1-0 հաշվով պարտության մատնեցին սլովակներին: Այսօր կկայանան Լիտվա-Բոսնիա, Հունաստան-Լիխտենշտեյն հանդիպումները, որոնք էլ կանվանեն խմբի հաղթողին:
H խմբում էլ առաջին տեղի համար պայքարում համառ մրցակցություն է ծավալվել Անգլիայի եւ Ուկրաինայի հավաքականների միջեւ: Անգլիացիները հաղթելով Չեռնոգորիային (4-1), վաստակեցին 19 միավոր: Ուկրաինայի հավաքականը 18 միավոր ունիՙ պարտության մատնելով լեհերին (1-0):
I խմբում վերջնական հաջողությանը մոտ է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին ուղեգիր նվաճելու համար բավական է վրացիների հետ սեփական հարկի տակ կայանալիք խաղն ավարտել ոչ-ոքի: 9-րդ տուրում իսպանացիները 2-1 հաշվով հաղթեցին Բելառուսին: Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով հետ է իսպանացիներից:
Ահա մյուս խաղերի արդյունքները. Հոլանդիա-Հունգարիաՙ 8-1, Էստոնիա-Թուրքիաՙ 0-2, Անդորրա-Ռումինիաՙ 0-4, Ալբանիա-Շվեյցարիաՙ 1-2, Սլովենիա-Նորվեգիաՙ 3-0, Իսլանդիա-Կիպրոսՙ 2-0, Ադրբեջան-Հս. Իռլանդիաՙ 2-0, Լիտվա-Լատվիաՙ 2-0, Մոլդովա-Սան Մարինոՙ 3-0:
Մրցաշարային աղյուսակ
B խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Իտալիա | 9 | 6 | 3 | 0 | 17-7 | 21 |
2. Բուլղարիա | 9 | 3 | 4 | 2 | 14-8 | 13 |
3. Դանիա | 9 | 3 | 4 | 2 | 11-12 | 13 |
4. Չեխիա | 9 | 3 | 3 | 3 | 12-9 | 12 |
5. Հայաստան | 9 | 4 | 0 | 5 | 10-11 | 12 |
6. Մալթա | 9 | 1 | 0 | 8 | 5-22 | 3 |