«Արտեմ Միկոյանը եղբոր հետ՝ Անաստասի հետ նարդի խաղալիս է եղել, երբ վերջինս եղբորն ասել է, թե դեմ է եղել Արցախը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելուն: Դա լսելով՝ Արտեմ Միկոյանը նարդին վերցրել ու եղբոր գլխին է տվել»,- ավելի քան 50 տարվա եղելությունն Ազգային Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն է պատմում:
«Ազգ»-ի հետ զրույցում Վիրաբյանը մանրամասնում է՝ միջադեպը 1966-ին է եղել, երբ Խորհրդային միության ղեկավար Բրեժնեւի սեղանին է եղել 136 հայ մտավորականների դիմումը՝ Արցախը Հայաստանին միացնելու մասին: Ըստ մեր զրուցակցի՝ նամակն առաջինը Մարտիրոս Սարյանն է ստորագրած եղել, այնուհետ՝ Պարույր Սեւակը: «Բրեժնեւը հակված էր ստորագրել այդ նամակը, ընթացք տար դրան, բայց, փաստորեն, Միկոյանը խանգարել է: Ճիշտ այնպես, ինչպես այսօր են խանգարում: Գիտեք՝ այսօր ովքեր են հայտարարում, թե «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»: Անաստաս Միկոյանը դեռ 1919-ին էր ասում՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև անգամ սահման չկար»,- ներկայացնում է Վիրաբյանը:
Ինչ վերաբերում է անընդհատ ասպարեզ բերվող, այսպես ասած, անկլավների թեմային, ապա ըստ Ազգային Արխիվի նախկին տնօրենի՝ արխիվային որեւէ հիմնավորում չկա, որ կվկայի դրանց եղելության մասին: Ըստ նրա՝ «անկալվները» երեւում են միայն քարտեզների, բայց ոչ փաստաթղթերի վրա:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ