Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ըստ երեւույթին, Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ չէ համակերպվել Մերձավոր Արեւելքում ռազմավարական նախաձեռնության կորստյանը: Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ին առճակատման հրահրելովՙ պաշտոնական Անկարան շարժվում է փորձված (թեկուզեւ անարդյունք) ուղիով: Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե ռուսական «Սու-34» օդանավերից մեկը «խախտել է երկրի պետական սահմանը»: Դրանից ընդամենը երկու ամիս առաջ ռուսական «Սու-24»-ի ոչնչացման միջադեպը քիչ էր մնացել հանգեցներ ռուս-թուրքական բախման:

Երկու միջադեպերի տարբերությունն այն է, որ եթե նոյեմբերին Անկարան գործել էր գաղտագողի, ապա այս անգամ բացահայտորեն դրսեւորում է Ռուսաստանի հետ ուժային դիմակայության մեջ մտնելու պատրաստակամություն: Թուրքական ռազմաօդային ուժերում հայտարարված է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Սա նշանակում է «լիակատար պատրաստության» վիճակ, երբ օդաչուները կրակ բացելու որշում ընդունում են առանց հրամանատարության հետ համաձայնեցնելու: Թուրք ղեկավարության պնդման համաձայն, ռուսական ռազմօդանավերի կողմից երկրի օդային տարածքի «խախտումները» կարող են հանգեցնել «լուրջ հետեւանքների, որոնց պատասխանատվությունն ամբողջապես կընկնի Ռուսաստանի Դաշնության վրա»:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը մերժել է Անկարայի բողոքները, դրանք անվանելով «անհիմն քարոզչություն»: «Հակաօդային պատշպանության նույնիսկ թուրք մասնագետները գիտեն, որ օդային տարածքը վերահսկող ռադարներից ոչ մեկը չի կարող պարզել օդային օբյեկտի տիպը եւ պետական պատկանելությունը. ռուսակա՞ն է, թե՞ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայինը», ընդգծել է նա:

Ամերիկյան հրամանատարությունը կարծես թե բնավ հակված չէ պարզելու պատահարի իրական հանգամանքները: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարկ Ռայթը , մանրամասնություններին խորամուխ չլինելով, հաստատել է թուրքական կողմի ամբաստանությունները: «Մենք ծանոթ ենք հաղորդումներին եւ կարող ենք հաստատել, որ երեկ եւս մեկ ռուսական ռազմօդանավ խախտել է Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի օդային սահմանը», հայտարարել է նա:

Շատ ավելի զուսպ դիրք բռնած արեւմտյան լրատվամիջոցները, սակայն, կոչ են անում քննադատաբար վերաբերվել անկանխատեսելի թուրքական վարչակարգի զրպարտություններին: Ինչպես գրում է բրիտանական «Ինդիփենդենտ» թերթը, իր ծրագրերի ձախողումից դժգոհ Անկարան կարող է դիմել ռազմական միջամտության: «Առաջիկա ամիսներին իրադարձությունների զարգացումը հավանաբար ցույց կտա, թե տարածաշրջանում ով է հաղթողը եւ ովՙ պարտվողը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը ռուսական օդուժի պաշտպանության ներքո առաջ են շարժվում մի քանի ռազմաճակատներում: Զինված ընդդիմության օգնությամբ Ասադին տապալելու թուրք նախագահ Էրդողանի հնգամյա արշավը թերեւս շուտով կավարտվի պարտությամբ», արձանագրում են նյութի հեղինակները: Նրանց կարծիքովՙ դժվար է կանխատեսել ջիհադի հովանավորներից մեկի հակազդեցությունն այն պայմաններում, երբ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ջոկատներն արդյունավետ պայքար են ծավալել «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: «Եթե Անկարան դա ընկալի որպես նվաստացում, ապա կարող է դիմել ռազմական գործողության», կարծում է «Ինդիփենտենդը»: Ի դեպ, փետրվարի 1-ին ռուսական եւ միջազգային որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ արձանագրվել են թուրքական տարածքից Սիրիայի սահմանամերձ շրջանների հրետակոծման փաստեր:

ՌԴ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումանասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքովՙ վերջին զարգացումները հաստատում են իր այն կանխատեսումը, որ թուրք-ռուսական ռազմական հակամարտությունն անխուսափելի է: «Գլխավոր հարցն այն է, թե ով կվերահսկի Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող 98 կիլոմետրանոց բուֆերային գոտին: Մոտ երկու շաբաթ առաջ «Իսլամական պետության» դեմ պայքարի պատրվակով թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք եւ վերահսկողության տակ առան Ջարաբլուսի շրջանի անցատեղերից մեկը: Միաժամանակ նրանք ամրացան Սիրիայի ազ Ջազ սահմանային կետում», ասել է նա Свободная пресса գործակալությանը տված հարցազրույցում:

«Ջաբհաթ ան-Նուսրա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլյանին բացեիբաց խոստովանել է, որ թուրքերն արդեն վաղուց Սիրիայի տարածքում են: Ի դեպ, պաշտոնական Մոսկվան առայժմ որեւէ ձեւով չի մեկնաբանել թուրքական ներխուժման փաստը, որի մասին Բաղդասարովն ահազանգել էր շաբաթներ առաջ: Իսկ այժմ այսպես կոչված «սիրիական ընդդիմության» երկրները ժնեւյան բանակցությունների առիթով ռմբակոծումները դադարեցնելու վերջնագրեր են ներկայացնում Ռուսաստանին: Սա պատահական չէ, քանի որ բանակցություններից առաջ «չափավորական» իսլամիստների ցանկը կազմվել է Էր-Ռիադում: Եթե ռուսական օդուժի օգնությամբ սիրիացի քրդերը եւ կառավարական զորքերը կարողանան փակել թուրք-սիրիական սահմանը, ապա «չափավոր» եւ ոչ այնքան չափավոր «ընդդիմության» ուժերը կհայտնվեն ծուղակում, իսկ նախագահ Էրդողանը իր հերթին խայտառակ պարտություն կկրի: Ահա թե ինչու Անկարան գործի է դնում բոլոր միջոցները: Ռուսական «Սու-34»-ի հետ կապված վերջին ամբաստանությունը, ըստ երեւույթին, հող է նախապատրաստում հիշյալ բուֆերային գոտի լայնածավալ ներխուժում կատարելու համար: Դա անհնար է իրականացնել առանց օդուժի մասնակցության: Այստեղից էլՙ թուրքական օդուժի «լիակատար մարտավիճակի» հայտարարումը: Թուրքերը մտադիր են հետագայում «ընդդիմադիր կառույցները» Սիրիայի հյուսիսում օգտագործել Հալեպ եւ Իդլիբ քաղաքների դեմ: Թուրք-սիրիական սահմանից մինչեւ Հալեպ ընդամենը 45 կմ է: Այդ քաղաքի զավթումը Էրդողանի վաղեմի երազանքն է: Հալեպը նույնպիսի ռազմավարական կետ է, ինչպիսին Մոսուլն է Իրաքում: Բաղդասարովը ՌԴ ղեկավարությանն առաջարկում է շուտափույթ համաձայնության հասնել քրդերի հետ եւ հակահարված տալ նախահարձակ թուրքերին: Նաեւ հարկավոր է զենք մատակարարել քրդական PKK-ին մերձավոր «Ժողովրդավարական միություն» կուսակցության կազմավորած ինքնապաշտպանության ջոկատներին: Համատեղ ուժերով հնարավոր է թուրքերին դուրս շպրտել Ջարաբլուս եւ ազ Ջազ սահմանային ռազմավարական կետերից:

«PKK-ն արդեն վաղուց Թուրքիայի հարավում պարտիզանական պատերազմ է մղում Էրդողանի վարչակարգի դեմ: Եթե Մոսկվան հանդես բերի անվճռականություն, մենք տանուլ կտանք այդ պատերազմը», ընդգծել է Բաղդասարովը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի արձագանքին, նա կարծում է, որ եթե թուրքական զորքերը ռմբակոծության ենթարկվեն սիրիական տարածքում, ապա ոչ ոք չի միջամտի: Արեւմուտքցի խոշոր քաղաքական գործիչներից մեկը մասնավոր զրույցի ժամանակ Թուրքիայում քրդական գործոնի կապակցությամբ ասել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի:

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ Թուրքիայի սեւծովյան ափին, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններՙ լազեր, ուրումներ, համշենցիներ: Նրանք եւս Ռուսաստանի կարիքն ունեն, որպեսզի Թուրքիան դառնա ժողովրդավարական համադաշնային երկիր:

Արեւելագետ Ստանիսլավ Տարասովը թուրքերի վերջին սադրանքի կապակցությամբ հիշեցնում է, որ «Սու-24»-ի ոչնչացումից հետո երկկողմ դիվանագիտական շփումները փաստորեն դադարեցվեցին: Անկարան զրկվեց նույնիսկ ժնեւյան բանակցությունների շրջանակներում արդյունավետ որոշումների ընդունման հնարավորությունից: Թուրքերը շրջափակեցին քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության մասնակցությունը Ժնեւի բանակցություններին: Նրանք փաստորեն առաջարկում են ընդդիմությունը մասնատել ըստ ազգային պատկանելության: Նման պայմաններում յուրաքանչյուր էթնիկական խումբ առաջ է քաշում Սիրիայի կազմում իր գտնվելու սեփական պայմանները: Թուրքիան հրահրում է Սիրիայի մասնատում ըստ էթնիկական սահմանազատումների: Նման փակուղային ձեւաչափի պայմաններում չի հաջողվի հասնել ընդհանուր համաձայնության: Նշանակում էՙ բանակցությունները կձախողվեն, մինչ ռուսական օդուժը եւ կառավարական բանակը հաջող գործողություններ են իրականացնում: Ամերիկացիները նույնպես գիտակցում են, որ գրոհայինները վաղ թե ուշ դուրս կմղվեն Սիրիայի տարածքից: Պատահական չէ, որ նրանք արդեն քննության են առնում ցամաքային գործողության սցենարը: Միանգամայն հնարավոր է, որ թուրքերը դիտավորյալ սրում են իրավիճակը, որպեսզի Մոսկվան դիմի պատասխան քայլերի: Պատահական չեն Էրդողանի մշտական պնդումները, թե անհրաժեշտ է կարգավորել շփումները, այդ թվումՙ ռազմական ոլորտում:

Թուրքերին դուր չեն գալիս Սիրիայի հարցում ռուս-ամերիկյան հարաբերությունների դրական տեղաշարժերը, Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի ամենօրյա հեռախոսազրույցները: Անկարան փաստորեն դուրս է մնում Սիրիայի խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների խմբից: Անցյալում Մոսկվան Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային համարում էր համարժեք գործընկերներ: Պատահական չէ, որ երկուսն էլ ներառվեցին Սիրիայի խնդրի բանակցային «քառյակի» մեջ: Բայց այսօր Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնությունների են հասնում երկկողմանի կարգով եւ հետո արդեն հրապարակում են իրենց դիրքորոշումը: Թուրքիային «արտաքսել են» միջազգային դիվանագիտությունից: Միաժամանակ Արեւմուտքը սկսել է Էրդողանի վարչակարգին մեղադրել «Իսլամական պետությանն» աջակցելու համար: Այդ մասին գրում են Իսրայելի, Հունաստանի եւ նույնիսկ ԱՄՆ-ի լրատվամիջոցները: Իսկ Եվրոմիության անդամ երկրները պարզապես ցնցված են Թուրքիայի լկտիությունից եւ ֆինանսական ահաբեկումից. որոշված 3 մլրդ եվրոօգնությունից բացի թուրքերը եւս 5 միլիարդ են պահանջում, սպառնալով հակառակ դեպքում եվրոպացիներին խեղդել գաղթականների նորանոր հեղեղների մեջ:

Թուրքիայի ներքաղաքական իրադրությունը եւս աննպաստ է Էրդողանի համար: Տարասովի բնորոշմամբ, երկիրն այժմ քաղաքական ճգնաժամ է ապրում, քանի որ արեւելքում քաղաքացիական պատերազմ է մղվում քրդերի դեմ: Թուրքական հեռուստատեսության լուրերի թողարկումները լի են սարսափազդու տեսարաններով:

Թուրքիայի ղեկավարությունը ստիպված է կոպտորեն խախտել խաղի կանոնները: Նա չկարողացավ ՆԱՏՕ-ին ստիպել թուրք-սիրիական սահմանը ճանաչելու որպես ամբողջ դաշինքի ռազմական սահմանագիծ: Չհաջողվեց սեպ խրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Անցյալ նոյեմբերին Անկարան սադրանքի դիմեց եւ խզեց արգասավոր քաղաքական ու տնտեսական կապերը Մոսկվայի հետ: Ներկայումս նա փորձում է վերականգնել շփումները, բայց դարձյալ սադրիչ ձեւերով: Թուրքիան աստիճանաբար խորասուզվում է իր բարբարոսական անցյալի մեջ: Ակամա վերհիշում ենք «Եվրոպայի հիվանդ մարդու» մասին ասված հայտնի արտահայտությունը: Ամեն ինչից զգացվում է, որ թուրքական ղեկավարության ներսում կտրուկ սրվել է պայքարը հանուն իշխանության: Ուստի Էրդողանը փորձում է համախմբել հասարակությունը, շահարկելով «արտաքին թշնամու» կերպարը:

Ծանր իրավիճակում հայտնված Էրդողանի վարքագիծը անկանխատեսելի է: Նա ուզում է հանրաքվե անցկացնել սահմանադրությունը փոփոխելու նպատակով: Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից կվերածվի նախագահականի, եւ բոլոր լիազորությունները կանցնեն Էրդողանին: Նա կարող է հասարակության աջակցությունը ստանալ, եթե մի լավ «թափ տա» ընդդիմությանը, օրինակ, եթե արտակարգ դրություն հայտարարի «Հայրենիքը վտանգի մեջ է» կարգախոսով եւ այլն:

Օսմանյան կայսրության ժառանգության համար PKK-ի դեմ պայքարելը կարծես թե այնքան էլ տպավորիչ չէ, մինչդեռ մեծ տերություն Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնելը միանգամայն ուրիշ բան է: Սակայն դա շատ վտանգավոր խաղ է: Հնարավոր է, որ Թուրքիայում որոշակի շրջանակներ արդեն մտածելիս լինեն Էրդողանին ասպարեզից հեռացնելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵԾԱՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՑԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական