Նյու Յորքի Զոհրապ լրատվական կենտրոնից բազմավաստակ լրագրող Ֆլորենս Ավագյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին Հայկական եկեղեցու արեւելյան թեմում կայացել է դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանի հետաքրքրաշարժ դասախոսությունը նվիրված Թուրքիայում հայկական կրոնական փոքրամասնություն լինելու թեմային:
Գրիգոր եւ Կլարա Զոհրապ կենտրոնի հովանավորությամբ կազմակերպված դասախոսության բացման խոսքը կատարել է հայր Դանիել Ֆընդքյանը : Շեկլյանը վերջերս է դոկտորական պաշտպանել մարդասիրության գծով Չիկագոյի համալսարանում: Նա երկու տարի (2012-14) անցկացրել է Ստամբուլում եւ ուսումնասիրել ստամբուլահայերի պատկանելութան զգացումները այդ քաղաքի հանդեպ:
«Վաթսունից յոթանասուն հազար հայեր են ապրում ներկայիս Թուրքիայում ներառյալ Հայաստանից եկածներն, չհաշված անթիվ-անհամար իսլամացած կամ այսպես ասած «թաքնված» հայերին: 14 միլիոնանոց Ստամբուլում օրական հինգ անգամ մահմեդականներին աղոթքի են հրավիրում: Եթե հայ ես, կարող ես ապրել այնտեղ, բայց դա այլեւս քո քաղաքը չէ: Թեեւ Ստամբուլը դարեր շարունակ հայերի տունն է եղել, այսօր նրանք արտաքսված են զգում իրենց: Փողոցներում հազվադեպ են հայերեն խոսում, իսկ եկեղեցիները գրեթե անտեսանելի են դարձել իրենց առջեւ կառուցված բարձր պատերի պատճառով: Հակառակ այդ բոլորին, հայերը «Պոլիսը» համարում են իրենց տունը: Նրանք հոգեւոր կապերով են կապված այդ քաղաքի հետ, եւ այդ կապը շատ ամո՛ւր է», ասել է նա:
Թեմայի շուրջ խոսակցությունը դասախոսությունից հետո շարունակվել է հարց ու պատասխանի ձեւով:
Նկար 1. Քրիստոֆեր Շեկլյան
Նկար 2. Դանիել Ֆընդքյան