ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Իրբիլ-Դուհոկ-Երեւան
Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակը չի խանգարում, որ շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող Իրաքյան Քուրդիստանի տարածքում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Մի անգամ եւս, օրից-օր բարգավաճող հայկական գաղթօջախը, մանավանդ Էրբիլում, Դուհոկում, Զախոյում, մասնակցում է այս ընտրություններին մեկ տասնյակի հասնող թեկնածուներով: 10000 բնակչություն ունեցող հայկական համայնքին, իր թվի համաձայն, տրամադրված է խորհրդարանի մեկ անդամի աթոռ: Այժմ այն զբաղեցնում է հայտնի ճարտարապետ ու քաղաքական գործիչ Երվանդ Ամինյանը ՙ Դուհոկից: Նա է կառուցել այդ չքնաղ եւ արդիական քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, «Արարատ» հարսանյաց սրահը, Առաջնորդարանը, որտեղ «Ղեւոնդ-Երեց» Տեր Մասիս Շահինյանի գլխավորությամբ արդեն իսկ գործում է եռօրյա հայկական դպրոցՙ Բաղդադից հրավիրված ուսուցչուհիների օգնությամբ…: Հիշեցնենք, որ զբոսաշրջային կենտրոն հանդիսացող, քրիստոնյա մեծ համայնք ունեցող Դուհոկի նշանավոր դեմքերից է վետերան դասախոս, քրդերեն լեզվի ու պատմության մեծ գիտակ Վարդգես Սարգսյանը , որ տարիներ շարունակ դասավանդել-դաստիարակել է քուրդ, եզիդի, ասորի պետական եւ կառավարական հայտնի դեմքերի:
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի գլխավոր թեկնածուներից է Հավրիզի գյուղապետ, հայկական ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանը : Այս քաջարի հայորդին, որպես բարձրաստիճան սպա, մասնակցել է Իրաք-Իրան երկարամյա պատերազմին: Ապա, Սադդամ Հուսեյնի անկումից հետո, վերադարձել է հայրենի Հավրեզ գյուղ (վերակառուցվածՙ բարերար, Իրաքյան Քուրդիստանի նախկին էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանյանի կողմից), դառնալով գյուղապետ: 2014-2016 թթ.ին, երբ Մոսուլը ընկավ արյունախում «Դաեշ»-ի իսլամիստ ոճրագործների ձեռքը, Մուրադ Վարդանյանը իր ջանքերով կազմակերպեց ինքնապաշտպանության ջոկատՙ հերոսաբար պահպանելով Հավրեզ, Ավզրուկ, Իշֆկենդեր հայկական գյուղերը, դուրս շպրտելով թշնամուն հայկական այդ տարածքներից:
Զախոյի ու Դուհոկի հայկական եկեղեցիների հետ, նախաձեռնությամբ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ եւ վարչապետ Նոզրվան Բարզանիների, կատարվել է մի քանի միլիոն դոլարի հասնող նվիրատվություն, Իրբիլի հայկական համայնքի համար կառուցվել է մի փառահեղ եկեղեցիՙ Անիի Մայր տաճարի «մոտիվ»ներով:
Շինարարության ընթացքին հետեւեցինք, մեր վերջին այցելության ընթացքում Իրբիլ, «Իշդար» արբանյակային հեռուստատեսության տնօրեն Ռազմիկ Մուրադյանի հրավերով:
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանական ընտրություններին անձամբ ներկա լինելու դեպքում հույս ունենք «Ազգ»-ի ընթերցողներին առաջինը տեղյակ պահել արդյունքներից:
Նկար 1. Հայկական զինջոկատների հրամանատար եւ առաջիկա ընտրություններում թեկնածու Մուրադ Վարդանյանը