Day:Հոկտեմբերի 22, 2013

  • ԱԿԱՆԱՎՈՐ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ` 75 ՏԱՐԵԿԱՆ

    ԱԿԱՆԱՎՈՐ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ` 75 ՏԱՐԵԿԱՆ

    ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

    Տաղանդավոր արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1957-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հռոմի հասարակական գիտությունների եւ արվեստների Տիբերինա ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանն այս տարի նշում է իր 75-ամյակը:

    Պերճ Զեյթունցյանն ստեղծել է մի քանի տասնյակ ստեղծագործություններ` «Մեր թաղի ձայները», «Մեզանից հետո», «Փարիզի համար», «Արշակ Երկրորդ», «Ամենատխուր մարդը» եւ այլն: Զեյթունցյանը նաեւ թարգմանական արժեքավոր ժառանգություն է թողել հասարակությանը` Էրսքին Քոլդուել «Տաք գետը» պատմվածքը, Գրեհեմ Գրին «Խաղաղ ամերիկացին» վեպը, Էռնեստ Հեմինգուեյ «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը եւ «Հրաժեշտ զենքին» վեպը եւ այլն:

    Նրա գործերից թարգմանվել եւ առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լիտվերեն, հունգարերեն, բուլղարերեն, էստոներեն, չեխերեն, անգլերեն եւ ֆրանսերեն: «Հայֆիլմ» կինոստուդիան 1973-ին նրա սցենարով նկարահանել է «Երեւանյան օրերի խրոնիկան», իսկ Երեւանի դրամատիկական թատրոնը 1974-ին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» տրագիկոմեդիան, 1980-ին` «Աստվածների կանչը» դրաման եւ այլն:

    Արժանացել է ՀՀ Ոսկե եղեգն գրական պետական, Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակների, Մովսես Խորենացու անվան մեդալի:

    Թատերագետ Լեւոն Մութաֆյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է Պերճ Զեյթունցյանի մասին գիրք գրել. «Զեյթունցյանը 20-րդ դարի 60-ական սերնդի ներկայացուցիչն է, այն հուժկու սերնդի, որը մուտք գործեց գրականություն հաստատելու նոր միտումներ, նոր սկզբունքներ: Առաջին հերթին այդ սերունդը բերեց ազատության գաղափարը, Զեյթունցյանի ստեղծագործությունները գնահատվում էին նախ այդ համատեքստում: Զեյթունցյանն այն եզակի գրողներից էր, որը դուրս եկավ սահմանափակումներից: Ճիշտ է, նա սրտդողած էր վերաբերվում գյուղին, սակայն գնաց ուրբանացված, համամարդկային խնդիրների հետեւից: Զեյթունցյանն ավելի շատ իր հայացքը հառեց մեր պատմությանը եւ ստեղծեց պատմության սեփական հայեցակարգերը, վերարժեւորեց պատմական փաստերը` արդեն արդիականության դիրքերից, որի լավագույն օրինակը «Արշակ երկրորդ» պատմավեպն է, որը փշրեց պատմավեպի հանդեպ եղած բոլոր կարծրատիպերը: Այստեղ առաջին հերթին վեր հանվեց հերոսի ու նրա ժամանակի, հերոսի ու պատմության փոխկապացության, հակադրությունների խնդիրը, որն էլ այս վեպը դարձրեց ավելի արժեքավոր: Զեյթունցյանը մեր գրականության մեջ առաջինն էր, որ մեր պատմական հերոսների մեջ տեսավ մի մեծագույն ողբերգություն` մենակության ողբերգությունը. արքան մենակ էր: Եթե փորձենք թափանցել գրական ընթացքի զարգացումների մեջ, ապա 80-90-ականների հայ արձակը սերում է Զեյթունցյանից, նրա փորձարարությունները մեր արձակում դարձան տիրապետող»:

    Հարկ է մեր մտավորականներին, իսկակա՛ն մտավորականներին իրենց կենդանության օրոք արժեւորել, եւ ուրախալի է, որ Պերճ Զեյթունցյանն ի տարբերրություն մնացած շատ արվեստագետներիՙ կենդանության օրոք մեծավում է:

  • ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ

    ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ

    ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄԱՅԱՆ

    Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունը վերջերս ամենաքննարկվողն էր: Ինչպես տեղյակ եք, նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել էին երեք թեկնածու` Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը եւ Հովիկ Հովեյանը, ինչպես նաեւ շրջանառվում էր Կարինե Խոդիկյանի անունը:

    Մինչ աթոռակռիվ էր ընթանում, հանրության մի մասը պնդում էր, որ ստեղծագործական միություններն իրականում մեզ հարկավոր չեն, դրանք սովետական լճացած կառույցներ են, սակայն…

    Ինչպես սկսել էր աթոռակռիվը, նույն թեժ կրքերով էլ շարունակվեց համագումարը:

    Խնդիրներն սկսվեցին համագումարի հենց սկզբից` քարտուղարություն ընտրելիս: ՀԳՄ քարտուղարության կազմում ընդգրկվեցին Պետրոս Դեմիրճյանը, Ավիկ Իսահակյանը, Վազգեն Գաբրիելյանը, Հրաչյա Սարուխանը, իսկ քարտուղարության նախագահ Վազգեն Գաբրիելյանը նշանակվեց: Սակայն Աշոտ Խաչատրյանին չգոհացրեց այս ընտրությունը, եւ նա պահանջեց, որ հաշվի առնեն անգամ մեկ անձի ձայնը եւ անվավեր համարեն քարտուղարության կազմը:

    Հաջորդ քայլը հաշվիչ հանձնաժողով ընտրելն էր: Երկարատեւ վեճերից եւ քննարկումներից հետո որոշվեց, որ հաշվիչ հանձնաժողովի անդամները կլինեն առաջադրված թեկնածուների կողմից երկուական մարդ, իսկ Վազգեն Գաբրիելյանն առաջարկեց, որ հանձնաժողովի վերջին` յոթերորդ անդամը պետք է լինի երիտասարդ գրողների կողմից Արքմենիկ Նիկողոսյանը:

    Թատերագետ, ՀԳՄ անդամ Լեւոն Մութաֆյանը հիշեց նախորդ ընտրությունների խախտումները, եւ հաշվիչ հանձնաժողովում ընտրվեցին երկուական վկաներ` առաջադրված թեկնածուների կողմից, որպեսզի տարատեսակ խնդիրներ չառաջանան:

    Ի դեպ, համագումարի ժամանակ երկու թեկնածու ինքնառաջադրվեցինՙ գրող Վլադիմիր Հայրապետյանը, որը րոպեներ անց ինքնաբացարկ հայտարարեց եւ կոչ արեց քվեարկել հօգուտ Հովիկ Հովեյանի, եւ գրող Ռոմիկ Սարդարյանը:

    Անդրադառնալով համագումարին հնչած ելույթներին, հարկ է նշել, որ դրանց ընթացքում հնչած խոսքերից կարելի էր կարծիք կազմել, ՀԳՄ-ն միայն խախտումներ է արել ու բացթողումներ ունեցել:

    Անդրադառնալով ձայները հաշվելու գործընթացին, նշենք, որ սկզբում չէին ցանկանում լրագրողներին թույլ տալ ներկա լինել ձայների հաշվման արարողությանը, սակայն որոշ ժամանակ անց լրագրողներին ներս հրավիրեցին` իրենց ներկայությամբ ձայների հաշման ընթացքի արդարությունը փաստելու համար:

    Մի շարք գրողներ դժգոհում էին, որ սփյուռքը եւս ունի ընտրելու իրավունք` ասելով, որ դա ձայները լցոնելու տարբերակ է:

    Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը` 199 ձայնով, Հովիկ Հովեյանն ստացավ 100 ձայն, Դավիթ Սարգսյանըՙ 24 ձայն, իսկ Ռոմիկ Խաչատրյանը 4 ձայն: Անվավեր ճանաչվեց 7 թերթիկ:

  • ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՂՊՏԻ ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ

    ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՂՊՏԻ ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ

    Կասկածվում են իսլամիստները

    Կահիրեի հյուսիսային շրջաններից մեկումՙ Ուարաքում, մի խումբ զինված մոտոցիկլիստներ կրակ են բացել ղպտիների հարսանեկան արարողության մասնակիցների վրա, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Ուղղափառ քրիստոնյաների վրա կատարված այդ հարձակման հետեւանքով սպանվել է 4 մարդ, այդ թվումՙ 8-ամյա մի աղջնակ եւ 70-ամյա մի կին: Բացի դրանից, 18 մարդ հրազենային վերքեր է ստացել:

    Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան, երբ հարսանքավորները նոր էին դուրս եկել ղպտիական տաճարից: Ռոյթեր գործակալության տվյալներով, ահաբեկիչները եղել են դիմակներով:

    Խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար: Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ հարձակումն իրականացրել են տապալված իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները:

    Քրիստոնյա ղպտիները ներկայումս կազմում են Եգիպտոսի 84-միլիոնանոց բնակչության 8-9 տոկոսը: Հուլիսին զինվորականների կողմից «Մուսուլման եղբայրների» վարչակարգի տապալումից հետո իսլամիստները իրենց բազմաթիվ ելույթներում կոչ էին անում վրեժ լուծել ղպտիներից, նրանց ամբաստանում «օրինական նախագահ» Մուհամմեդ Մուրսիի տապալմանն օժանդակած լինելու եւ «սիոնիստների հետ դավադրություն նյութելու» մեջ:

    Վերջին ամիսներին Եգիպտոսում մի շարք հարձակումներ են կատարվել ղպտիների եւ քրիստոնեական տաճարների վրա: «Միջազգային ներում» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, 2013 թ. օգոստոսից մինչեւ օրս Եգիպտոսում վնասվել են 43 ղպտիական եկեղեցի եւ քրիստոնյաներին պատկանող 200-ից ավելի մասնավոր կալվածք: Սպանվել է առնվազն 4 մարդ: Ենթադրվում է, որ այդ բոլոր հարձակումների կազմակերպիչները տապալված նախագահ Մուրսիի հետեւորդ իսլամիստներն են:

  • «ՕՐՐԱՆԻ» 8-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է 55 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

    Հոկտեմբերի 18-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացել է «Օրրանի» 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելն ու դրամական նոր միջոցներ հայթայթել էր:

    Օրվա բանախոսներն են եղել «Օրրանի» նվիրատու եւ տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու` Գրիգոր Գրիգորյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր ուղերձում նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար երբեւէ փորձել է սահմանել երջանկության բանաձեւը: Ու թեեւ երեւույթների ընկալումը յուրովի է, ակնհայտ է, որ մանկան ժպիտը երջանկություն է յուրաքանչյուրի համար»:

    Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքրկան ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի եզակի գործերի կենդանի աճուրդին, ինչպես նաեւ «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:

    Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ներդրումը` որոշակի պատասխանատվություն ստանձնելով «Օրրանի» կենտրոններ հաճախող յուրաքանչյուր երեխայի սննդի, կրթության, մշակութային եւ բազմակողմանի զարգացմանն հարցում:

    «Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին` երեխաների եւ ծերերի շրջանում աղքատության եւ մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա եւ 60 տարեց օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն ողջունում է իր առջեւ չափազանց բարդ խնդիր դրած եւ համարձակ լուծումներ առաջարկող կազմակերպության նախաձեռնությունները եւ պատրաստակամորեն շարունակում է աջակցել դրանց: Ընկերությունն արդեն տեւական ժամանակ իր մասնակցություն է ցուցաբերում «Օրրանի» ծրագրերին: Մասնավորապես` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ 2009թ. հոկտեմբերին հիմնադրվել է «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը:

    2011 թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերեց ավելի քան 40 մլն դրամ:

    «Օրրանի» 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հասարակական կազմակերպությանը փոխանցել էր 90 միլիոն դրամ:

    «Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմեց մոտ 94 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ն:

  • Orange-Ն ԱՄՓՈՓԵՑ ՑԱՆՑԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

    Orange-Ն ԱՄՓՈՓԵՑ ՑԱՆՑԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

    Օրանժ Արմենիա ընկերությունն ամփոփեց ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները, որոնք կատարվել են ամռան ընթացքում եւ աշնան սկզբինՙ կարեւոր ժամանակաշրջան ցանցի թողունակության մեծացման եւ ծածկույթի ընդլայնման առումով:

    2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մասերում կառուցվել եւ ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան: Երեւանի որոշ թաղամասերում, Արարատ քաղաքում, ինչպես նաեւ մի շարք փոքր քաղաքներում ու գյուղերում նոր կայանները կառուցվել են տրաֆիկիՙ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Հաղարծին եւ մի շարք այլ գյուղերում նոր կայաններն Orange-ի ծառայություններն առաջին անգամ հասանելի են դարձնում բնակչությանը: Սյունիքի մարզի Գեղանուշ եւ Գոմարան գյուղերում կամ Լոռու մարզի Անտառամուտ եւ Կաճաճկուտ գյուղերում, որոնք նախկինում չունեին որեւէ օպերատորի ծածկույթ, Orange-ը որակյալ բջջային ծառայություններ է բերել բնակիչներին առաջին անգամ:

    «Ինչպես մեծ ու փոքր քաղաքներում, այնպես էլ գյուղերում մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների որակըՙ մենք նաեւ մտածում ենք ցանցն ընդլայնելու մասինՙ այդպիսով հասանելի դարձնելով մեր ծառայությունները նոր բնակավայրերում եւ տարածքներում: Միաժամանակ Արարատ քաղաքում վերջերս իրականացրել ենք ցանցի վերազինման աշխատանքներ Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից եւ Երեւանից հետո: Մենք շարունակելու ենք ընդլայնել մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչեւ 21,6 Մբ/վ արագությամբ ցանցըՙ ամբողջ ծածկույթում: Orange-ն ուրախ է լինել այն հազվագյուտ օպերատորներից մեկը Եվրոպայում եւ միակը Հայաստանում, որը նման արագություն է տրամադրում»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

    2013թ. համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել եւս 12 նոր կայան:

  • «ՏԱՇԻՐԸ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԿԿԱՌՈՒՑԻ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

    «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

    «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաեւ Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի «Ռումինական» կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց է եւ լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքները մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:

    Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

    Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաեւ Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները:

  • ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

    Ի. Պ.

    «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ Սամվել Կարապետյանը վերջին ամիսներին այցելել է Արեւմտյան Հայաստան: Եղել է Տալվորիկ գավառի 36 գյուղերում: Ասում է` այնտեղ առ այսօր հայաբնակ գյուղ է մնացել, թեեւ մահմեդական բնակչությամբ:

    Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը նշեց, որ եղել է նաեւ Մարաթուկ լեռան վրա գտնվող երկխորան Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը հիմա կիսավեր է:

    Տպավորիչ է եղել նաեւ պատմական Ակոռի գյուղի գերեզմանոցը, որտեղ, ըստ հուշարձանագետի, կան շուրջ 80 կանգուն խաչքար եւ 60-70 արձանագրություն: Սամվել Կարապետյանը կարծում է` Ակոռիի հնավայրը պահպանվել է, քանի որ մոտակայքում ամերիկացի զինվորների հենակետ կա, հետեւաբար հնավայրը նրանց աչքի առջեւ չեն կարողացել բնաջնջել: Իսկ Արեւմտյան Հայաստանի մյուս վայրերում հայկական հուշարձանները պետական մակարդակով բնաջնջվել են:

    Հուշարձանագետը մտահոգություն հայտնեց, որ վրացական խմբերը հայկական հուշարձանները վրացականացնելու քայլեր անում են նաեւ Արեւմտյան Հայաստանում:

    Սամվել Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ լույս է տեսել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» «Վարձք» հանդեսի 10-րդ համարը` նվիրված Արագածոտնի մարզի Տեղեր վանքի 800-ամյակին:

  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԴԱՆԴԱՂԵԼ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 3,2 տոկոս

    Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,2 տոկոսով: Հարկ է նշել, որ ամսեամիս աճի տեմպը դանղաղում է: Սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբ` 10,3 տոկոս:

    Ներկայացնենք տնտեսության ճյուղերում առանձին-առանձին հունվար-սեպտեմբերին արձանագրված ցուցանիշները:

    Արդյունաբերությունում այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է 7 տոկոս աճ: Արդյունաբերության աճի տեմպի ավելացումը միակ ուրախալի փաստն է այս անգամ: Մնացած բոլոր ճյուղերում աճի տեմպը նվազել է: Գյուղատնտեսությունում արձանագրվել 5,5 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում` 2,8 տոկոս, առեւտրի շրջանառությունում` 2,1 տոկոս աճ, շինարարությունում արձանագրվել է 9,2 տոկոս անկում:

    Գումարային առումով ամենամեծ ծավալ ունի առեւտրի շրջանառությունը` 1 տրլն 546 մլրդ 337 մլն դրամ, իսկ երկրորդ տեղում արդյունաբերությունն է` 874 մլրդ 615 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալով, երրորդը ծառայությունների ոլորտն է` 740 մլրդ 770 մլն դրամ ծավալով, չորրորդը` գյուղատնտեսությունը` 663 մլրդ 413 մլն դրամ համախառն արտադրանքի ծավալ եւ վերջինը շինարարությունն է, որի ծավալը կազմել է 244 մլրդ 963 մլն դրամ:

    Միայն սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերությունում 12,7 տոկոս աճ է գրանցվել, գյուղատնտեսությունում` 1,5 տոկոս, ծառայությունների ոլորտում` 0,4 տոկոս, առեւտրում` 0,9 տոկոս անկում, շինարարությունում` 11,9 տոկոս անկում:

    Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին 9 ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4,5 տոկոսով եւ կազմել մոտ 4 մլրդ 159 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 88 մլն դոլար, արձանագրելով 10,6 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 3 մլրդ 81 մլն դոլար, աճելով 2,5 տոկոսով: Այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանումը կազմել է ներմուծման մոտ մեկ երրորդը, իսկ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է գրեթե 2 մլրդ դոլար:

    Միայն սեպտեմբեր ամսին արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 18,4 տոկոսով եւ կազմել 513 մլն դոլար: Արտահանումը կազմել է 136,4 մլն դոլար, ավելանալով 23,3 տոկոսով, ներմուծումը կազմել է 376,7 մլն դոլար, աճելով 16,7 տոկոսով:

    Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 146 հազար դրամ, մասնավոր հատվածում` 180 հազար դրամ, պետականումՙ 116 հազար դրամ:

    Այսպիսով, հարկ է արձանագրել, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում թեեւ շարունակում է աճել, բայց աճի տեմպը շարունակում է դանդաղել: Տնտեսության ճյուղերից միայն արդյունաբերությունն է ունեցել արտադրանքի ճավալների աճի տեմպի ավելացում, մյուսների դեպքում` աճը կամ դանդաղել է կամ անկում է արձանագրվել:

  • ՅԱԳԼԱՆԴ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ «ՀԱԿԱՖԱՇԻՍՏ» ԸՆԴՀԱՏՈՂՆԵՐՈՎ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

    ՅԱԳԼԱՆԴ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ «ՀԱԿԱՖԱՇԻՍՏ» ԸՆԴՀԱՏՈՂՆԵՐՈՎ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

    Վ. Պ.

    «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ»

    Երբ իրավունքների պաշտպանությունը տգեղ դրսեւորումներ է ունենում, կարելի է միշտ պատճառաբանել, թե այլ ելք չէր մնացել: Սակայն շատ պարագաներում իրավունքի պաշտպանությունն ինքնին այնպիսին պետք է լինի, որ որեւէ այլ իրավունքի սահմանափակում կամ ոտնահարում չդրսեւորվի:

    Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Երեւանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, որի մասին քանիցս հայտարարել էր Նալբանդյանը: Խորհրդաժողովը տեղի էր ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

    Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ հիմնական կառույցներիՙ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, գլխավոր քարտուղարության, ինչպես նաեւ միջազգային հաստատություններիՙ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:

    Միջոցառման բացման արարողությանը ներկա էին եւ ելույթներով հանդես եկան նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ ՕԲրայենը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հավասարության եւ խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը:

    Ու մինչ ելույթ կունենար Հայաստանի արտգործնախարարը, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդները ներխուժեցին խորհրդաժողովի դահլիճ, ու թեեւ խաղաղությամբ, առանց ավելորդությունների` փորձ արեցին խափանել ներսում ընթացող աշխատանքը: Ակտիվիստների ձեռքներին Շարմազանովի, Արծվիկ Մինասյանի, Խաչիկ Ասրյանի նկարներով պաստառները բացատրություն ունեին, թե եվրոպացի չինովնիկները չպետք է քննարկում անցկացնեն «ֆաշիստների» հետ:

    Թե մեր հասարակությունում ով որքանով է անհանդուրժող այս կամ այն երեւույթի նկատմամբ` հաստատ այնպիսի մասշտաբների չի հասել, որ ֆաշիզմ որակվի, ընդ որում` այն հանգամանքի ֆոնին, որ ակտիվիստները մնացին կանգնած դահլիճում` շարունակելով ի ցույց դնել իրենց պաստառները: Այսինքն`«ֆաշիստ» ասվածների իշխանությունը հանդուրժող է գտնվել ու թույլ տվել ակցիան անցկացնել անգամ դահլիճում: Մյուս կողմից, մի քանի երիտասարդների իրենց պաստառներով հանդերձ դահլիճում հանդուրժելն ավելի շատ օգուտ տվեց իշխանություններին, քան վնասեցին, ինչին թերեւս ձգտում էին ակցիայի մասնակիցները:

    Նրանց ներկայությամբ խոսք էր ասում նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, շեշտելով, որ մեծամասնությունը պետք է ապահովի փոքրամասնության` սեռական, ազգային, կրոնական, պաշտպանությունը: Սա էլ թերեւս նպաստել է, որ փաստացի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հովերով դահլիճ ներխուժածները մոռանան «ֆաշիստներին» ու դուրս գան:

    Ամեն դեպքում, երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ անդամ պետությունների հասարակություններին հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի եւ ատելության խոսքի դրսեւորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության դերը այդ երեւույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումների եւ ատելության խոսքի տարածման բացառումը եւ այլն:

  • ՖՐԱՆՍԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    ՖՐԱՆՍԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵՑ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    Պ. Ք.

    70,3 մլն գաղտնալսում մեկ ամսում

    Ֆրանսիայի իշխանությունները ԱՄՆ-ից բացատրություն են պահանջել միլիոնավոր ֆրանսիացիների հեռախոսազրույցների գաղտնալսման կապակցությամբ, որոնց մասին հաղորդում է Le Monde օրաթերթը հոկտեմբերի 21-ի համարում: Նույն օրը Փարիզում ԱՄՆ-ի դեսպան Չառլզ Ռիվկինը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն: Իսկ երկրի ներքգործնախարար Մանյուել Վալսը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) վարքագիծը բնութագրել է «ապշեցուցիչ» բառով:

    «Մոնդ» թերթի հրապարակումը հիմնված է ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի փոխանցած փաստաթղթերի վրա, որոնցում բերվում են ԱԱԳ-ի կողմից օտար պետությունների եւ մասնավորապես Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցների եւ կարճ հաղորդագրությունների (SMS) կալանման վկայություններ:

    Գաղտնալսումների թեմային է նվիրված «Մոնդի» հոկտեմբերի 21-ի համարի խմբագրականը: Ինչ վերաբերում է բուն նյութին, այնտեղ մասնավորապես ասվում է. «Ապագայում գուցե մի օր իմանանք, թե Փարիզը, ի տարբերություն Բեռլինի եւ Ռիոյի, ինչու երկար ժամանակ լուռ մնաց աշխարհում էլեկտրոնային լրտեսման ամերիկյան ծրագրերի բացահայտումից հետո: Քանզի Ֆրանսիան նույն չափով թիրախ է եղել եւ այսօր ունի սեփական շահերի ամենօրյա ոտնահարմանը վերաբերող շոշափելի ապացույցներ»:

    Այնուհետեւ թերթը գրում է, որ ստացված փաստաթղթերի համաձայն, Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները զանգվածաբար կալանվել են: 2013-ի հունիսին Էդվարդ Սնոուդենի արած բացահայտումները թույլ են տալիս հասկանալ, թե տեխնիկական ինչ հնարքներ են օգտագործվել գաղտնիքներ հայթայթելու կամ պարզապես ֆրանսիացիների մասնավոր կյանքին տեղեկանալու համար: Էլեկտրոնային լրտեսման որոշ տարրերի մասին «Մոնդից» առաջ գրել էին գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսը եւ բրիտանական «Գարդիան» օրաթերթը: Ֆրանսիական թերթը գրում է, որ Սնոուդենի փոխանցած ԱԱԳ հազարավոր փաստաթղթերի մեջ կա մի գրաֆիկ, որը պատկերացում է տալիս Ֆրանսիայում հեռախոսազրույցների վերահսկման իրական ծավալների մասին: Այսպես, ընդամենը 1 ամսումՙ 2012 թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2013 թ. հունվարի 8-ը, ԱԱԳ-ն ֆրանսիացիների հեռախոսային տվյալների 70,3 մլն գրանցում է իրականացրել:

    Ամերիկյան գործակալությունն ունի տեղեկությունների հայթայթման մի քանի եղանակ: Երբ Ֆրանսիայում օգտագործվում են որոշ հեռախոսահամարներ, դրանք գործի են դնում մի ազդանշան, որն ինքնաբերաբար սկսում է որոշակի հեռախոսազրույցների գրանցումը: Այդ վերահսկողությունը կալանում է նաեւ SMS-ները եւ դրանց բովանդակությունը ըստ որոշ գլխավոր բառերի: Վերջապես, ԱԱԳ-ն համակարգված ձեւով պահպանում է յուրաքանչյուր թիրախի միացումների պատմությունը: