Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Ի. Պ.

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ Սամվել Կարապետյանը վերջին ամիսներին այցելել է Արեւմտյան Հայաստան: Եղել է Տալվորիկ գավառի 36 գյուղերում: Ասում է` այնտեղ առ այսօր հայաբնակ գյուղ է մնացել, թեեւ մահմեդական բնակչությամբ:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը նշեց, որ եղել է նաեւ Մարաթուկ լեռան վրա գտնվող երկխորան Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը հիմա կիսավեր է:

Տպավորիչ է եղել նաեւ պատմական Ակոռի գյուղի գերեզմանոցը, որտեղ, ըստ հուշարձանագետի, կան շուրջ 80 կանգուն խաչքար եւ 60-70 արձանագրություն: Սամվել Կարապետյանը կարծում է` Ակոռիի հնավայրը պահպանվել է, քանի որ մոտակայքում ամերիկացի զինվորների հենակետ կա, հետեւաբար հնավայրը նրանց աչքի առջեւ չեն կարողացել բնաջնջել: Իսկ Արեւմտյան Հայաստանի մյուս վայրերում հայկական հուշարձանները պետական մակարդակով բնաջնջվել են:

Հուշարձանագետը մտահոգություն հայտնեց, որ վրացական խմբերը հայկական հուշարձանները վրացականացնելու քայլեր անում են նաեւ Արեւմտյան Հայաստանում:

Սամվել Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ լույս է տեսել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» «Վարձք» հանդեսի 10-րդ համարը` նվիրված Արագածոտնի մարզի Տեղեր վանքի 800-ամյակին: