Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«ՏԱՇԻՐԸ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԿԿԱՌՈՒՑԻ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ կառուցել նաեւ Ստեփանավան քաղաքում: Այն կառուցվելու է քաղաքի «Ռումինական» կոչվող թաղամասում, որը համեմատաբար նորակառույց է եւ լինելով բավական խիտ բնակեցված` մանկապարտեզ չունի: Տեղի բնակիչները ստիպված են ամեն օր զգալի ճանապարհ հաղթահարել` իրենց երեխաներին մանկապարտեզ հասցնելու համար: Եվ ահա, նոր կառուցվելիք մանկապարտեզը, որի հողային աշխատանքները մոտ օրերս արդեն կսկսվեն, կլուծի մանկահասակ երեխաներ ունեցող ստեփանավանցիների այս խնդիրը:

Հիշեցնենք, որ Կարապետյանների ընտանիքը մինչ այս որոշել էր մանկապարտեզ կառուցել Տաշիր քաղաքում: Այս մանկապարտեզի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:

Ինչ վերաբերում է մյուս շինարարական ծրագրերին, ապա մեծ թափով ընթանում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հիմնանորոգման, հանդիսությունների սրահի կառուցման, ինչպես նաեւ Լոռու մարզային հիվանդանոցի ծննդատան կառուցման աշխատանքները: