Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

2025-ի ամռանը կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ ավտոճանապարհ. Գնել Սանոսյան

Կառավարության այսօրվա նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսեց Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ընթացքի մասին։ Նա մասնավորապես տեղեկացրեց, որ անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։

«Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածների աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եվ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։

Հաջորդը 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025 թվականի ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից Գյումրի՝ մոտ 23 կմ, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարվա ամռանն ավարտենք, ապա կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ»,- տեղեկացրեց Սանոսյանը։

Գնել Սանոսյանը նաև նշեց՝  այս խնդիրները լուծելուց հետո կենտրոնացել են հարավային ուղղությամբ աշխատանքների վրա. «Առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, Հայաստան-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին ՀՀ ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»։