ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան կատարած այցին և այն փաստին, որ վերջինս 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին հաղթանակի կապակցությամբ։
«ՀԱՊԿ-ի երկրներն էլ շնորհավորել են. օրինակ՝ Բելառուսը: Ես չեմ տեսել, որ, օրինակ, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով։ Էլ չեմ խոսում, որ նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում՝ այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք՝ ինչո՞ւ չեն արձագանքել, և ո՞րն է նրանց դիրքորոշումը։
«Պրահայի՝ հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ 2 անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է ՌԴ-ի կողմից հայտարարություն Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ: Հիմա նույն «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ո՞նց են մեկնաբանում դա. ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը՝ ես ուղիղ ասել եմ՝ Բելառուսի նախագահն Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել. թող արտահայտի դիրքորոշումը: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի՝ բացի ԵԱՏՄ-ից, պետք չեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։
Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ. մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ: Դուք գիտեք, թե Ալմա Աթայի հռչակագիրը ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Մենք հենվում ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա, և այդ հենքի վրա ենք կառուցել, կառուցում խաղաղությունն Ադրբեջանի հետ, և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար ինչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել. ինչո՞ւ պատմեմ, ցույց կտամ։ Չգաք, գոնե հեռուստացույցը կմիացնեք, տեսնեք՝ Ֆրանսիայի նախագահն ինչ է արել»։









