Զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որ թեկնածու չէ և չի կարող լինել, հայտարարում է, որ ընտրություններին հաղթելու է: Չի կարող ընտրություններին հաղթել մի մարդ, որ ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե հաղթելու են ընտրություններին, և որ այդ վստահության պատճառը իշխող ուժի ղեկավարի ցածր ռեյտինգն է:
«Հրապարակված բոլոր հարցումների համաձայն՝ մեր վարկանիշն առնվազն կրկնակի ավելի է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից: Դա էլ հո մե՞նք չենք ասում: Այդ հարցումները հրապարակվում են: Դուք տեղյակ չե՞ք այդ հարցումներից:
Իմիջիայլոց, ասեմ, որ ԱԺ-ում խնդիր եմ ձևակերպել, և այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը: Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը չպետք է հաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ուժեղ Հայաստանի» մասին: Այսինքն՝ այդ կուսակցությունները հլա պիտի մտածեն խորհրդարան անցնելու մասին:
Որ ասում են՝ հաղթելու ենք, ինչ ենք անելու, ծիծաղելի է ուղղակի։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ և ժողովրդի հետ որևէ կապ չունեն: Իրենց ինֆորմացիայի և ներշնչանքի աղբյուրները Հայաստանում չեն: Էդ 100 տոկոսով»,- ասաց նա:









