Փաշինյանի ու Քպ-ի վարկանիշն ահավոր անկման թրենդի մեջ է. սա փաստ է։ Նա փորձում է ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար նոր տարբերակներ գտնել՝ հեծանիվ, հայհոյախառն ֆեյսբուքյան գրառումներ, ընտանեկան փոդքասթներ, «կրթվելը նորաձև է» հանդիպումներ։ Սրանք նոր դիրքավորման, իր կորուստների վերականգնման փորձեր են։ Բայց կորուստները ֆունդամենտալ են, հեղափոխության հիմնական կարգախոսները ձախողված են. TV5-ի տաղավարում, հարցազրույցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Աղքատության դեմ պայքարը ձախողել է, որովհետև աղքատության ցուցանիշը 24 տոկոս է։ Եթե նախկինում կոռուպցիա է եղել, հիմա իրենք են կոռուպցիան ղեկավարում. ԱՆԻՖ-ի դեպքը՝ օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլարի անհետացումը՝ նույնպես։ Սա թալան է, սա նույնիսկ կոռուպցիա չի։ Հիմա Փաշինյանն ուզում է ժողովրդի հետ հարաբերություններ ստեղծելու համար կրեատիվ տարբերակներ գտնել։ Մեղավորներ պետք է փնտրի։
«Մեղավորներից» մեկը եկեղեցին է։ Կուսակրոնությունը երկրի անվտանգության հետ ի՞նչ կապ ունի. ես այդ կապը չեմ գտել։ Փաշինյանն այդ կապը գտել է։
«2018 թվականին Հայոց բանակի գեներալները հայտնվեցին քրեական հետապնդման տակ՝ բոլորը թալանչիներ են, բանակը թալանել են։ Ինքը հո չէ՞ր ասում՝ հայկական բանակն է վատը, նա ասում էր՝ գեներալիտետը, հրամանատարական կազմն է գող ու ավազակ։ Պատերազմից առաջ ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ հրամատարության նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց, և ունեցանք խայտառակ պարտություն։ Մենք չպետք է պարտվեինք։ Ադրբեջանը մեր նկատմամբ առավելություն չուներ։ Բանակը բարելավելու կարգախոսների տակ Փաշինյանը քանդեց բանակը։ Հիմա նույնը նա անում է եկեցեվու հետ։ Ասում է՝ ես հավատացյալ եմ, ուզում է տպավորություն ստեղծել, թե ինքն ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, բայց նույն մոդելով, ինչով քանդել է բանակը, որովհետև հրամանատրության նկատմամբ անվստահությունը բանակում բերում է մարտունակության ուղղակի քայքայման, հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների ու Վեհափառի նկատմամբ՝ դրանով իսկ քանդելով եկեղեցու հիմքերը»,-ասաց Քոչարյանը։
Նա համոզված է, որ սա ոչ թե արշավ է սրբազանների դեմ, այլ ուղիղ արշավ է Եկեղեցու դեմ։
«Եկեղեցու վրա հարձակման թեմային փորձեք նայել ադրբեջանցիների, Էրդողանի կամ Ալիևի աչքերով, անմիջապես հասկանալի կդառնա, թե Փաշինյանն ինչո՞ւ է սա անում։
Ես մի քանի տարի առաջ ասել եմ՝ եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, ապա կաներ ճիշտ նույն քայլերը, որոնք այսօր անում է ՀՀ իշխանությունը»,-ասաց Քոչարյանը։






