«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության ընթացքի մեջ ենք»,- շեշտեց ամերիկահայ իրավաբան եւ միջազգային իրավունքի փորձագետ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, ինչպես նաեւ Ապրիլ 24-ին նվիրված փարիզյան ԱՅԲ FM ռադիոկայանի հաղորդման զրույցում: Ըստ նրա, համիդյան կոտորածները, 1950-60 թթ ստամբուլյան դեպքերը, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածներով եւ Արցախի ցեղասպանության, բոլոր այս դեպքերը միմյանց հետ փոխկապակցված են: «1915 թ մայիսի երկրորդ կամ երրորդ շաբաթն էր,- պատմում է Քերքոնյանը,- եւ 12 տարեկան պապս, որն Այնթապում էր ապրում, սկսեց տեսնել Մարաշից ժամանող ընտանիքներ՝ 100 ընտանիք, 200 ընտանիք, 1000 ընտանիք: Եվ քանի որ նրա հայրը կոշկակար էր, կոշկակարները միավորվում են եւ սկսում են կարել կաշվե ջրի տոպրակներ ու բաժանել դրանք մարաշցի այդ ընտանիքներին: Ինչո՞ւ այս պահին այս պատմությունը կարեւոր է: Որովհետեւ 12 տարեկան պապս դիտում էր ցեղասպանության շարժումը՝ ուղղակի անապատ քշվող մարաշցի ընտանիքներին, եւ այն իբրեւ դեպք էր ընկալում, իբրեւ մի դեպք: Դժբախտաբար, ցեղասպանությունը դեպք չէ, գործընթաց է: Եվ ինքը՝ այնթապցի հայ լինելով, չէր հասկանում դա, եւ ինձ այն ժամանակ ասում էր, որ՝ չէի՛նք երեւակայում, որ մենք հաջորդն ենք լինելու: Չէ՛ր հավատում դրան: Ինչո՞ւ չէր հավատում: Որովհետեւ երբ որ մարդ մի փորձառություն է ունենում, այդ փորձառությունը ընկալում է իբր դեպք եւ ոչ իբրեւ գործընթաց: Դժբախտաբար, ցեղասպանության ծրագիրը գործընթաց է, եւ դեպք չէ: Երբ որ պատմաբանները վերադառնան այս 100 տարվա պատմության, զանազան հոդվածներով դրանց չեն անդրադառնալու, այլ՝ գիրքի մեջ երկու-երեք էջնոց պատմություն կլինի դա: Եվ ի՞նչ կտեսնենք. այդ գործընթացի շարանը կտեսնենք, շարքը կտեսնենք»:
Քերքոնյանի խոսքով, 2023 թ. Արցախում տեղի ունեցածը այս գործընթացի վերջին փուլերից մեկն էր, եւ Սյունիքին վերաբերվող ծրագրերը՝ TRIPP-ն անգամ ներկայումս ընթացող ցեղասպանության ծրագրի մաս է կազմում, բայց ծրագիրը դեռեւս ամբողջական չէ: «Շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք այսօրվա պահը՝ համատեքստի մեջ. այսօր մենք գտնվում ենք ցեղասպանության ընթացքի մեջ: նույնիսկ հունիսի ընտրությունները այդ համատեքստում են, որ մենք պետք է հասկանանք»:

«Զարմանալին այն է,- ասում է նա,- որ Ապրիլ 24-ին նշում ենք 1915-ի Հայոց ցեղասպանությանը, երբ մենք ինքներս ենթարկվում ենք ցեղասպանության՝ այսօր: Անհավանական է, որ մինչեւ հիմա չենք կարողացել հասկանալ, թե այդ գործընթացը շարունակվում է եւ չի դադարում, նամանավանդ երբ չենք հասկացել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեզ տրված ամենակարեւոր դասը առ այն, որ զիջումներով խաղաղություն չի գա: Դժվար դաս է, որ պետք է սովորել, որ պետք է ոտքի կանգնել եւ ասել՝ ա՛յս է իմ կարմիր գիծը: Այնինչ, պատմաբանները պիտի շատ դյուրությամբ տեսնեն, թե ի՛նչ էր ծրագրված 1980-ականներից ի վեր եւ ինչպես էր Թուրքիան աջակցում Ադրբեջանին: Ի՞նչ նպատակով, եթե ոչ՝ Հայոց ցեղասպանության քայլը առաջ տանելը մինչեւ այն աստիճան, որ հասել են իրենց Թուրանի ծրագրի վերջին 20-25 կիլոմետրին: Այդպե՞ս չի,- հարցնում է նա:
«Եվ հետաքրքրականն այն է, որ դա գաղտնիք չէ: Իմ խոսքերը կարիքը չունեք լսելու, այլ՝ Էրդողանի՛ խոսքերը. Էրդողանը, երբ որ պատերազմից հետո Բաքվի զինվորական շքերթին էր մասնակցում, ինքը Նուրի փաշայի անունը բարձրացրեց եւ ասաց, որ Նուրի փաշայի հոգին հիմա արդարացել է: Սրանով ասված է, որ հանցագործները արդեն իսկ իրենց կատարած գործը լավ են հասկանում»:
Ինչպես գիտենք, 1918 թ սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Բաքու մտնելուց հետո Նուրի փաշան ձեռնարկեց քաղաքի հայերի էթնիկ զտումը եւ ձգտեց ոչնչացնել հայկական բնակավայրերը, մասնավորապես Արցախում, ինչպես նաեւ ենթարկեցնել Հայաստանի հարավային եւ արեւելյան սահմանները: Նուրի փաշայի հրամանատարությամբ թուրքական բանակի Բաքու մուտքը եւ այնտեղ անզեն հայ բնակչության կոտորածը մահամերձ Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության վերջին արարը հանդիսացավ: Այդ ընթացքում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված էթնիկ զտման արդյունքում սպանվել է մոտ 30,000 մարդ:
«Հաջորդ քայլը ո՛չ միայն Արցախը գրավելն էր, այլ նաեւ՝ Սյունիքը: Սա շատ պարզ է՝ հասկանալու համար, որպես զոհեր: Այո, զոհ ենք, մեր ազգը զոհ է. իմ սեփական կաշվին դա զգալու կարիքը չունեմ՝ արցախցու կաշվին արդեն զգացել եմ դա: Այդ դեպքերը՝ Մարաշի դեպքերը, Մարաշի հայերին չպատահեցին, այլ մեր ազգին պատահեցին: Եվ եթե դրա մեր հասկացողությունը մի քիչ ավելի ընդլայնենք եւ առաջ նայենք եւ հասկանանք, թե մենք ինչի առջեւ ենք կանգնած, ապա կտեսնենք, որ նույն պատմությունն է՝ ծրագրված պատմությունը»:
Քերքոնյանը ընդգծեց, որ եթե հայերի նկատմամբ շարունակվող բռնության ամբողջ շղթան պատշաճ կերպով չներկայացվի միջազգային հարթակներում, նման քաղաքականությունը շարունակվելու է: Այս համատեքստում է նաեւ կարեւոր, շեշտեց նա, որ համահայկական եւ միջազգային օրակարգում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է լինի առաջնահերթություն:
ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Փարիզ









