Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։
-Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր առաջ Երևանում չափազանց ջերմ ընդունեցին Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին, իսկ վերջինս էլ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում հենց Մակրոնն ու ԵԽ նախկին նախագահ Շառլ Միշելը դարձան Արցախի հանձնման «քավորները»։ Ո՞ւր է այժմ Միշելը, և արդյո՞ք նույնը չի լինի Մակրոնի դեպքում, որի իշխանավարությանն ընդամենը 11 ամիս է մնացել։
-Իր նպատակը ո՞րն է. որ Հայաստանն ամբողջությամբ անջատվի Ռուսաստանից։ Մյուս կողմից, իրականության մեջ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ազնիվ չեղավ. օգտագործեց 400 միլիոն դոլար՝ առանց որևէ ձևով Հայաստանին զինելու։ Այդ զինամթերքը չկա, և երբ այդ հարցի շուրջ պարզաբանումներ են պահանջվում, պատասխան չի լինում։ Այսինքն՝ Ռուսաստանն այս հարցում սուրբ չէ, բայց մե՞նք ուր էինք, մեր դիվանգիտությո՞ւնն ուր էր, մեր հարց տվողնե՞րն ուր էին։ Միաժամանակ կարող եմ հարց ուղղել՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի օրերին ռուսական «Իսկանդեր»-ն անհրաժեշտ հետևանքներ չպատճառեց։ Շատ լավ գիտենք, որ այդ զինատեսակը գործի դրվեց, սակայն չեղան հետևանքներ, որոնց սպասում էինք։
Չհասկանալ, որ մեզ անհրաժեշտ դիրքորոշումը չեզոքությունն է, անթույլատրելի է։ Մենք շատ հանգիստ կարող ենք ոչ մեկի կողմը չբռնել, մենք չպետք է ցանկանանք մի կողմի հաշվին մյուսի արատավոր արարաքները ծածկել։ Այս առնչությամբ գուցե պետք է շատ սովորել Շվեյցարիայի պատմությունից։
Իհարկե, Ղարաբաղի դրությունը հայկական կողմի համար նպաստավոր չէ, որովհետև 2020 և 2023 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները բոլորովին նպաստավոր չեն Ղարաբաղի խնդրի լուծման տեսանկյունից։ Իհարկե, մենք պետք է հետամուտ լինենք հայերի և Հայաստանի շահերին, բայց սա չի նշանակում, որ պետք է շարունակ զոհ գնանք ոճրագործի ցանկություններին։ Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները։ Մենք պետք է Ղարաբաղի, գերիների, մեր մշակութային ժառանգության հարցերում իրապես կարևորենք միջազգային իրավունքի դերը։ Ի՞նչ պետք է լինի մեր 4-5 հազար մշակութային կոթողների հետ։
Վերադառնալով Մակրոնին և Շառլ Միշելին. Շառլ Միշելը չկա, Անտոնիո Կոշտան կա։ Բայց ո՞րն է նրանց ամենամեծ առաքելությունը, ինչի՞ են նրանք ուզում հասնել։ Չմոռանանք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի աջ կողմում նստած էր Մակրոնը, ձախ կողմում՝ Զելենսկին։ Եթե դա մարտահրավերի ձեռնոց չէր՝ նետված Մոսկվային, ապա ի՞նչ էր։ Փաշինյանն ընդհանրապես հասկանո՞ւմ է, թե ինչ է անում, նա կրակի հետ է խաղում։ Եվ Փաշինյանը պատասխանն ստացավ. նա չպետք է կասկածի, որ եթե ինքը դարձյալ վերընտրվի, ռուսական գազի գինը թանկանալու է։ Սա ի՞նչ է նշանակում, ո՞վ է այդ գազը մատակարարելու Հայաստանին՝ Իրա՞նը, որն այս պահին ինքը գազի հետ կապված մեծ խնդիր ունի, թե Ադրբեջանը, որը նույն SOCAR-ի միջոցով սատարեց արցախահայերի էթնիկ զտմանը և 2020 թվականի պատերազմին՝ 4 հազար զոհերով։
Դժվարանում եմ ասել, թե որն է Մակրոնի բուն նպատակը. մանավանդ որ նրա պաշտոնավարմանը քիչ ժամանակ է մնացել։ Աստված չանի, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահը գաղափար չունենա Հարավային Կովկասի պատմության, հետևանքների մասին։ Ի՞նչ կարող է հաջորդել դրան։ Իսկ այս ամենի մեջ ո՞րն է մեր՝ հայերիս շահը։ Չեմ կարծում, որ Մակրոնն այդքան շահագրգռված է հայերի շահով։ Իր և Եվրոպայի շահն է Հայաստանին հեռացնել Ռուսաստանի ազդեցությունից և մղել դեպի ԵՄ, իսկ հետո, իմ համոզմամբ, նաև դեպի ՆԱՏՕ, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում։ Բայց ինչպե՞ս ենք պատկերացնում, որ անմիջապես Իրանի հարևանությամբ ՆԱՏՕ-ի ռազմաբազա լինի։ Ի՞նչ է, Իրանը ձեռքերը ծալած պետք է նստի՞։ Մենք շատ խնդրահարույց կացության մեջ ենք, և դժվարանում եմ ասել, թե ինչպես պետք է Իրանը այս դեպքում վարվի։ Մենք տեսանք, թե նա որքան խելամիտ վարվեց Հորմուզի նեղուցում Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ՝ բարձրացնելով գազի գինը։ Իսկ Հայաստանն այլընտրանքային էներգիայի հնարավորություններ չունի։
–Պարո՛ն Շահինյան, ի՞նչ դիտարկումներ ունեք հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ։
-Քիչ ժամանակ է, ինչ Հայաստանում եմ, բայց 2-3 տաքսու վարորդի հետ հասցրել եմ զրուցել, և նրանցից ոչ մեկը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում. դա նշանակում է, որ կապը քաղաքականության հետ ընդհանրապես խզվել է։ Ես իմ համեստ հնարավորություններով ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա՝ միևնույն է, թե ում է ձայն տալու, միայն թե գնա և քվեարկի, չփոշիացնի սեփական ձայնը։ Ստեղծված իրավիճակում գոնե պետք է չարյաց փոքրագույնն ընտրել։ Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է և պետք է կարողանա կողմնորոշվել՝ ընտրելու չարյաց փոքրագույնը։
-Խոսենք նաև սփյուռքահայության դերի մասին, որովհետև անգամ խորհրդային շրջանում Հայաստանը ոտքի կանգնեցրեցին այդ թվում սփյուռքի ուժերը։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ ինչպես արցախահայության և հայ գերիների հարցի միջազգայնացման դեպքում որևէ մեկը չի ստանում ՀՀ կառավարության աջակցությունը, այնպես էլ պետական հստակ դիրքորոշում կա՝ սփյուռքը անջատել Հայաստանից։ Նշենք նաև մեր ազգային խորհրդանիշերի նկատմամբ ընդգծված ժխտողական մոտեցումը և Ցեղասպանությունը կասկածի տակ դնելը։
– Սկեսենք Հայաստանի և Սփյուռքի տարանջատումից։ Սա ամենամեծ վնասն է, որ կարող է մեր ինքնությանը հասցնել ներկա վարչախումբը՝ սկզբում փակելով Սփյուռքի նախարարությունը, իսկ հետո ստեղծելով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Եղավ այն, որ կասկածի տակ դրվեց Հայոց ցեղասպանության իրողությունը։ Դա եղավ նույն ժամանակ, ինչ որ կասկածի տակ դրվեց մեր ինքնության կարևորագույն գործոնը՝ եկեղեցին՝ հայկական ինքնությունը կոտրելու համար։ Այս պարագայում երկու կողմից էլ պետք է շատ խոհեմ մոտեցում որդեգրվի։ Դժբախտաբար, այնպես չէ, որ Սփյուռքը և Հայաստանում եղած մարդիկ նույն լեզվով են խոսում։ Սա հասկանալի է դարձնում, որ մեծ տարբերություն կա, ճեղք է ստեղծվում Հայաստանի և Սփյուռքի հայերի միջև։ Այսօր գործող վարչախմբի կողմից տեղի է ունենում մի քայլ, որ բոլորովին պետք չէ, և դա գաղափարախոսության տարանջատումն է, մեր անցյալի և էության տարանջատումը։ Պետք է ասեմ, որ դա, դժբախտաբար, չեղավ նաիվ ձևով. դա եղավ միտված ձևով, եղավ տարբեր կողմերի՝ միավորված ձևով ինչ-որ փոս սարքելու ձևով։ Մի քանի հետևողական փուլեր տեղի ունեցան՝ 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, 2022-2023 թվականներին արցախահայության էթնիկ զտումը և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը։
Սա նշանակում է, որ իսկապես միտում կար, և այդ միտումը Հայաստանից ու Փաշինյանի վարչախմբից չի գալիս, այլ՝ Թուրքիայից։ Դրա գլխավոր ճարտարապետը հենց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն է։ Նա նաև 44-օրյա պատերազմի ճարտարապետն էր։
Մենք մեզնից ավելի խելացի մարդկանց պատանդն ենք դարձել, և այդ մարդիկ շատ հստակ տեսլական ունեն՝ ինչպես ընդհանրապես ջնջել հայ ինքնությունը, որովհետև եթե ուզում եք հայ ազգին կոտորել, նրա ինքնությունը պետք է կոտրեք։ Իսկ հայ ազգի ինքնությունը ջնջելու համար պետք է տարանջատել Սփյուռքը և Հայաստանը, ջնջել անցյալը, պետք է մոռացության տալ արցախահայության և նախիջևանահայության հարցերը։
Ես շատ քիչ առաջնորդներ գիտեմ, որոնք այսքան ուժեղ կորուստներից և պատերազմում կրած պարտությունից հետո շարունակում են պաշտոնավարել։ Այն, որ Փաշինյանը ցանկացավ պահպանել մի բան, որն այլևս ընդհանրապես իրենը չէր, միայն մի բանի մասին է վկայում՝ նա ցանկացավ պահպանել 2018-ի մայիսին իր ունեցած փոքր ուժը։ Բայց դա շատ արհեստական բան է, և չգիտեմ՝ ընտրողներն ինչպես պետք է վարվեն հունիսի 7-ին։
-Եվ մեկ հարց էլ՝ Հայաստանում եք ինչ-որ նպատակո՞վ, ուղղակի՞ եք եկել, թե Ձեր այցն առնչվում է Հայաստան-Շվեյցարիա ընկերակցությանը։
-Իմ գործողություններն իրականության մեջ իրենց ավարտին են հասել, որովհետև այլևս թողնելու եմ հայկական և շվեյցարական բոլոր պաշտոններս, բայց ուզում եմ ասել ՀՀ քաղաքացիներին, որ գնան և իրենց դիրքորոշումը հայտնեն ընտրատեղամասում՝ հայտարարելով, թե ինչի համար են ուզում պայքարել։ Իսկ եթե չեն ուզում պայքարել, դա նույնպես իրենց իրավունքն է, բայց թող իմանան, որ եթե ընտրություններին չմասնակցեն, հնարավորությունը հանձնում են մի փոքրամասնության։ Չգիտեմ՝ արդյո՞ք այդ փոքրամասնութոյւնը կկարողանա հայ ժողովրդի շահերը պաշտպանել, թե ոչ։





