Այսօր Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իր անունը ցուցակում չկա։
«Ես այս ընտրություններին կուսակցության լիազոր ներկայացուցիչն եմ։ Դա եղել է թիմի հետ քննարկված իմ անձնական որոշումը։ Այս փուլում, կարծում եմ, իմ մասնակցությունը և ներկայացվածությունը ԿԸՀ-ում ավելի նպատակահարմար է»,- ասաց նա։։
Խաժակյանը նաև ընդգծեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության շանսերը գնահատողը լինելու է ՀՀ քաղաքացին՝ ելնելով իրենց այն աշխատանքից, որ տարվել է մինչ այսօր։
«Իսկ ի տարբերություն մասնակից շատ ուժերի՝ «Լուսավոր Հայաստան»-ը շատ ակտիվ ներգրավվածութուն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ամենակարևորը՝ մեզ մոտ 5 տարվա ընթացքում որևէ մակարդակում հովհարային անջատումներ չեն գրանցվել»,- բազմանշանակ ասաց Դավիթ Խաժակյանը։
Կրկին անդրադառնալով չառաջադրվելու իր որոշմանը՝ նա նշեց՝ իր համար հոգեհարազատ ոլորտը եղել է քաղաքային տնտեսությունը, և հիմա էլ պարտադիր չէ, որ կուսակցությունում բոլորը հավակնեն նույն կարգավիճակին։
«Կա վերաբաշխում, ունեմ հարազատ ոլորտը»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ քաղաքական գործունեությանը զուգահեռ՝ ինքը մշտապես և հիմա էլ զբաղված է ID ոլորտում։
Դավիթ Խաժակյանը շեշտեց՝ իրենց առաջնային խնդիրն է ՔՊ-ին իշխանությունից հեռացնելը, և թե ինչպես դա իրենց կհաջողվի, ցույց կտա ստացած քվեների թիվը։
«Ես վստահ եմ, որ կանենք առավելագույնը, որ դա տեղի ունենա»,- ասաց նա։
Հարցին՝ պնդո՞ւմ է, որ «Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցում ընտրություններին՝ ձայների փոշիացման նպատակով, Խաժակյանը հստակ պատասխան չտվեց՝ միայն հավելելով, որ կրեատիվ լուծումներ կտեսնենք քարոզարշավի ժամանակ։









