Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Բանակում ինքնասպանությունների 3 հիմնական պատճառ կա. ես մեղք ունեմ, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել. Փաշինյան

Բանակում ինքնասպանությունների երեք հիմնական պատճառ կա, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատճառներից մեկը զինվորների կողմից խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելը և պարտքը չվերադարձնելը։

«Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողների խաղադրույք կատարելը, բայց այդ համակարգը դեռ ներդրման մեջ է։

Սրա մասին ես գիտեմ «Կոշ»-ի գաղութում գտնվելու ժամանակից։ Պարտադիր չէ, որ դու քո հեռախոսով խաղադրույք կատարես․ կան ստվերային դիլերներ, որոնք խաղադրույքներ են կատարում։

Եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց նա։

Որպես երկրորդ հիմնական պատճառ Փաշինյանը նշեց ընտանեկան և անձնական պրոբլեմները։

Երրորդ պատճառը, ըստ նրա, մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է։

Ըստ Փաշինյանի՝ մարտական դիրքում քնողների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք կա։
«Մի ռեփ կա, որտեղ սենց նախադասություն կա՝ «Ես դիրքում քնող չեմ եղել»։ Կողքից լսողը կասի՝ էս ինչ նախադասություն ա։ Եթե դիրքապահը քնել ա՝ նշանակում ա վտանգի տակ է դրել մյուսների կյանքը, և ով որ արձանագրվում ա, որ դիրքում քնել ա, նրան զինվորները արհամարհանքի և մեկուսացման են ենթարկում, և դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի մեկուսացում, կղզիացում հոգեբանական ճնշում։ Էս երեքն են բանակում ինքնասպանությունների պատճառը։ Բանակում 85-90 ինքնասպանությունների դպեքերը կապված են այս 3 իրավիճակների հետ»,- ասաց Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք սա սպայական կազմի մեղքը չէ, Փաշինյանը պատասխանեց.

«Ես ունեմ էդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չի մեղքը գցել։ Ես ունեմ էդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել»։