Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օլա Աբդել Մոնեմ. «Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ»

Արծվի Բախչինյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս – Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք», 328 էջ): Սա պատմություն է մի հայ ընտանիքի մասին, որը փրկվելով Ցեղասպանությունից՝ հաստատվում է Եգիպտոսում: Այս նոր երկիրը դառնում է օտարացման դառը ճանապարհորդության մեկնակետ, որի ընթացքում հայրենիքից բաժանումը վերածվում է գոյատեւման եւ նոր հողի վրա վերակազմավորվելու փորձառության:

Օլա Աբդել Մոնեմը ծնվել եւ բնակվում է Ասյութում: Գրականությամբ զբաղվել է մանկուց, իսկ 2008 թվականից վարում է անձնական բլոգ: 2013-ին արժանացել է «Սաքիեթ ալ սաուի» պատմվածքի մրցանակին: Հեղինակ է երեք վեպի (նշվածից բացի՝ «Ալ-Անսարիի ժառանգությունը», «Ալ-Այեքայի շուկան», երկուսն էլ՝ 2022) եւ պատմվածքների մեկ ժողովածուի («Բժշկի վարձում», 2023-2024):

–Սիրելի՛ Օլա, ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքները ձեր վեպի հրատարակության առթիվ: Հետաքրքրական կլինի լսել ձեր տեսակետը ժամանակակից եգիպտացի կանանց գրականության մասին:

-Այսօր եգիպտական կանանց գրականությունը կենսունակ է ու լի էներգիայով: Ինձ մշտապես ոգեշնչում է, թե ինչպես են կին հեղինակները համարձակորեն անդրադառնում արդի սոցիալական ու հոգեբանական խնդիրներին՝ ստեղծագործաբար եւ անկեղծորեն:

Ամենից շատ գնահատում եմ ինքնահաստատման շեշտադրումը, կարծրատիպերը կոտրելու համարձակությունը եւ այն՝ թե ինչպես է ինքնությունը ներկայացվում իր ողջ բարդությամբ: Այս պատմությունները ոչ միայն արտացոլում են մեր հասարակությունը, այլեւ նշանավորում են Եգիպտոսում կանանց փոփոխվող դերերն ու ձայները:

Որպես գրող՝ ես խոր կապ եմ զգում այս գրականության հետ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են անձնական փորձառությունները լայն արձագանք գտնել եւ կարեւոր ներդրում ունենալ մշակութային երկխոսության մեջ: Ընդհանուր առմամբ՝ սա հարուստ ու դինամիկ դաշտ է, եւ ես հպարտ եմ՝ լինելով դրա մի մասնիկը:

–Որո՞նք էին ձեր առաջին հանդիպումները հայերի եւ հայոց պատմության հետ, եւ ի՞նչը ձեզ մղեց գրելու այս վեպը:

-Դեռ մանկուց ինձ հմայել են եգիպտացի փայլուն կին արվեստագետներ Ֆեյրուզը, Նելլին եւ Լեբլեբան: Ինձ զարմացնում էր ոչ միայն նրանց տաղանդը, այլեւ այն, թե ի՛նչ վարպետորեն էին նրանք երգում եւ պարում: Մայրս, նկատելով իմ հիացմունքը, միշտ ասում էր, որ այդ արտիստուհիները հայ ծագում ունեն, այսինքն՝ եգիպտուհիներ չեն: Ինձ համար հետաքրքրական էր, թե ինչպես էին նրանք այդքան կատարյալ տիրապետում մեր լեզվին՝ միաժամանակ արտահայտվելով բարձր արվեստով:

Երբ մոտենում էր հայկական կոտորածների հարյուրամյակը, Եգիպտոսում եւ աշխարհում ակտիվացան քննարկումներն այդ տարածաշրջանի, ավերված վայրերի, թուրքերի կատարած գործողությունների եւ այն երկրների մասին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

-«Դուդուկի օտարացումը» վեպում ներկայացված է ցավի, կարոտի եւ հիշողության փոխանցումը չորս սերունդների միջով, ինչպես նաեւ մարդու կարողությունը՝ մահը վերածելու կյանքի՝ նոր արմատներ գցելով: Ինչպե՞ս եք այս գործընթացը գրականորեն փոխանցել:

-Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ: Սա իմ վեպի առանցքային գաղափարն է: Սկզբից եւեթ ցանկացել եմ ոչ միայն արձանագրել նրանց բաժին հասած կոտորածները, այլեւ ուսումնասիրել ինքնության եւ արմատների հարցը՝ թե ինչպես է մարդը հաղորդակցվում իր միջավայրի հետ՝ ստեղծելով ապրելու արժանի կյանք, մի տարածք, որտեղ հնարավոր է աճ ու ստեղծարարություն:

Իմ հերոսները սկզբում «մաքուր» հայերն են՝ անցյալի ցավն ու կարոտը կրող, որոնք խորապես ազդված են հարկադիր հայրենազրկումից: Ապա գալիս է նոր սերունդը, որը դեռ պահպանում է անցյալի հիշողությունը, բայց նաեւ շնորհակալ է փրկության համար եւ հույսով է նայում ապագային: Երրորդ սերունդը լիովին եգիպտացի է դառնում, բայց շարունակում է պահպանել կապն իր պատմության եւ արմատների հետ՝ գնահատելով նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել: Վերջապես, չորրորդ սերունդը հիբրիդային է. նրանք՝ ովքեր հարկադրված են հեռանալ իրենց ծագումից եւ ի վերջո վերադառնում են՝ որոնելու իրենց արմատները: Արտագաղթի, օտարացման եւ կարոտի շրջանը դրոշմված է իմ հերոսների վրա, եւ նրանք անցնում են այդ ճանապարհը մինչեւ վերջ՝ իրենց հետ կրելով թե՛ հիշողություն, թե՛ հույս:

–Վեպում դուդուկը հանդես է գալիս որպես հայկական ցավի եւ տառապանքի խորհրդանիշ: Իսկ ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է դառնալ հայկական ուրախությա՛ն խորհրդանիշ:

-Կարծում եմ, հայերի՝ իրենց ինքնությունը պահպանելու հաջողությունը, լինի Եգիպտոսում, թե աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ նրանց գերազանցությունը տարբեր ոլորտներում, կարող է դիտվել որպես ուրախության խորհրդանիշ:

Բացի անձնական ու մասնագիտական ձեռքբերումներից, նրանք ավելի քան հարյուր տարի շարունակ կարողացել են աշխարհին ներկայացնել իրենց պատմությունն ու խնդիրը՝ ներշնչելով բազմաթիվ երկրների ճանաչել տեղի ունեցածը եւ դրսեւորել համերաշխություն ու կարեկցանք: Ինձ համար այդ համադրությունը՝ տոկունություն, նվաճումներ եւ սեփական պատմությունը լսելի դարձնելու կարողություն, իսկական հպարտության եւ ուրախության աղբյուր է:

–Հունվարին ձեր գիրքը ներկայացվեց Կահիրեի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառում: Ինչպիսի՞ն էր արձագանքը:

-Ես անկեղծորեն անչափ ուրախ էի մշակութային հանրության մեջ իմ վեպի գտած ջերմ ընդունելությունից: Շատ հուզիչ էր տեսնել թե՛ հին ընկերներին եւ ընթերցողներին, որոնք հետեւել են ինձ ամենասկզբից, թե՛ նոր ընթերցողների, որոնք հետաքրքրված են պատմությամբ եւ հայկական հարցով, եւ որոնք մեծ ոգեւորությամբ ընդունեցին ստեղծագործությունս:

Ավելի մեծ ուրախություն պատճառեց նաեւ Եգիպտոսի հայ համայնքի դրական արձագանքն ու վեպի սրտառուչ ընդունելությունը նրանց կողմից: Ինձ համար առանձնակի պատիվ էր, որ տոնավաճառում ներկա էր պարոն Արմեն Մազլումյանը՝ Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի նախագահը: Մենք նաեւ պայմանավորվեցինք մոտ ապագայում կազմակերպել մշակութային հանդիպում՝ ինձ հայ համայնքին հաղորդակցելու համար, որպեսզի միասին ներկայացնենք ու քննարկենք վեպը, ինչն ինձ համակում է մեծ ոգեւորությամբ եւ երախտագիտությամբ:

–Շնորհակալ եմ ձեր պատասխանների համար, սիրելի՛ Օլա: Մաղթում եմ, որ ձեր վեպը թարգմանվի տարբեր լեզուներով, այլեւ հայերեն: Նաեւ հույս ունեմ, որ մի օր կայցելեք Հայաստան:

-Ես եմ շնորհակալ ձեր բարեհաճության, ուշադրության եւ իմ գործն ուսումնասիրելու ձեր նվիրումի, ինչպես նաեւ ինձ հետ կապ հաստատելու ձեր պատրաստակամության համար: Հույս ունեմ, որ իմ գործը կհասնի իրեն արժանի հաջողության, քանի որ այն դեռ նոր է ճանապարհ ելել դեպի ընթերցողը: Ցանկանում եմ նաեւ, որ այն թարգմանվի մի շարք լեզուներով, առաջին հերթին՝ հայերեն, որպեսզի պատմությունը հասնի բոլորին, եւ մարդիկ հասկանան, թե ինչպես են նրանց նախնիները գոյատեւել բոլոր փորձությունների միջով եւ ինչպես են կարողացել մահը վերածել կյանքի: Ո՞վ գիտե, գուցե շուտով կհանդիպենք Երեւանում, եւ ես ձեզնից կսովորեմ դուդուկ նվագել ու անձամբ կհամտեսեմ գաթա, խորոված ու լավաշ…

–Դե, բոլորս դուդուկ չենք նվագում, բայց հազիվ գտնվի մի հայ տղամարդ, որ չկարողանա խորոված պատրաստել: Այնպես որ՝ բարո՛վ գաք Հայաստան…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Նոր գրքեր. «Կյանքի կինոն», Մարիետա Խաչատրյան

Հաջորդ գրառումը

Գայ Ղազանչյան. «Ռեզոնանս» ականատեսի արձագանքը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գայ Ղազանչյան. «Ռեզոնանս» ականատեսի արձագանքը

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական