ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ – Արվեստագիտության դոկտոր, ազգությամբ օսեթուհի Իրինա Պետրովնա Ձուցովան (ծնվ. 1941, Թբիլիսի) կրթությամբ պատմաբան եւ բանասեր է: 1966-1970 թթ. աշխատել է ռուսալեզու «Վեչերնի Տբիլիսի» («Երեկոյան Թբիլիսի») թերթում: Երկար տարիներ եղել է «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» հանդեսի Վրաստանի սեփական թղթակիցը: 1970-2009 թթ. աշխատել է Շ. Ամիրանաշվիլու անվան Վրաստանի պետական արվեստի թանգարանում, որտեղ հիմնել եւ ղեկավարել է ձեռագրա-հուշային բաժինը՝ զգալիորեն հարստացնելով այն արվեստագետների եւ գիտնականների անձնական արխիվների նյութերով: Եղել է Վրաստանի նկարիչների միության անդամ: Տպագրվում է 1966 թվականից՝ Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Սերբիայի մամուլում: Ռուսերեն եւ վրացերեն մենագրությունների եւ հարյուրավոր հոդվածների հեղինակ է՝ նվիրված վրաց կերպարվեստի պատմությանը, ինչպես նաեւ Վրաստանի մշակութային եւ գեղարվեստական կապերին այլ երկրների հետ: Մասնակցել է միջազգային գիտաժողովների եւ համատեղ նախագծերի: 2010 թվականից բնակվում է Փարիզում՝ շարունակելով հեղինակել գրքեր եւ հոդվածներ:
–Հարգելի՛ Իրինա Պետրովնա, երկար տարիներ կարդում եմ ձեր հոդվածները հայ նկարիչների մասին եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնագիտական գնահատականների եւ անցյալի վարպետների հետ կապված բազմաթիվ բացահայտումների համար: Դուք՝ օսեթուհի Վրաստանից, ամուսնացած հայի հետ, գրում եք ռուսերեն եւ այժմ ապրում եք Ֆրանսիայում: Կարծում եմ՝ բազմամշակութայնությունը հարստացնում է մարդուն եւ մեծապես ձեւավորում նրա կերպարը: Ինչպե՞ս է այն ազդել ձե՛ր վրա:
-Թբիլիսում՝ պատմականորեն բազմազգ եւ բազմադավան քաղաքում, որը գտնվում է եվրոպական, ռուսական եւ պարսկական մշակույթների խաչմերուկում եւ ապացուցել է այս յուրահատուկ մշակութային «հյուսվածքի» լավագույն ու ամենավառ տարրերը յուրացնելու իր ունակությունը, անհնար է ապրել եւ աշխատել այս երեւույթից՝ մշակութային եւ լեզվական բազմազանությունից դուրս: Օրինակ, սկեսրայրս՝ Վարոս Ենգոյանը, ազատորեն տիրապետում էր հայերենին, վրացերենին, ռուսերենին, պարսկերենին եւ թուրքերենին:
Ճանաչելով ուրիշներին՝ մեր համերկրացիներին, նրանց մշակույթը, սովորույթներն ու բարքերը, մարդ, իհարկե, ընդլայնում է իր մտահորիզոնը, հարստացնում աշխարհընկալումը եւ բազմապատկում ստեղծագործական հնարավորությունները: Իմ անձնական եւ մասնագիտական զարգացումը որակապես այլ կլիներ, եթե ես ապրեի այլ մշակութային միջավայրում: Այս իմաստով Վրաստանը եւ հատկապես Թբիլիսին բավական յուրահատուկ երեւույթ է. այստեղ ժողովուրդները միշտ ապրել են կողք կողքի՝ ոչ թե զուգահեռ աշխարհներում, այլ հենց միասին, ոչ թե «ազգերի խառնարան» (ամերիկյան տիպի), այլ պահպանելով յուրաքանչյուրի ինքնությունը, միաժամանակ ստեղծելով խառն ընտանիքներ եւ «օտարին» նայելով ոչ թե կասկածանքով, այլ բարեհամբույր հայացքով:
Իհարկե, եղել են նաեւ ծանր ժամանակներ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո եւ գերազգայնականության ծավալման շրջանում: Սակայն, կարծում եմ, որ Վրաստանին բնորոշ «ինտերնացիոնալիզմի» ոգին հաղթել է քաղաքական կարճատես ազգայնական մոլուցքին, որը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, կարող է միայն խոր անդունդ տանել:
Բոլոր նրանք, ում հետ ինձ բախտ է վիճակվել շփվել, արդյունք են այս մշակութային եւ էթնիկ բազմադիմության, ինչպես, օրինակ, Սերգեյ Փարաջանովը՝ ազգությամբ հայ, բնիկ թիֆլիսեցի, ռուսախոս, որը փառաբանել է հուցուլներին, Սայաթ-Նովային եւ վրացի մեծ նկարիչ Փիրոսմանիին, ինչպես նաեւ Լերմոնտովի Աշուղ Ղարիբին՝ կովկասյան եւ միջինասիական ավանդազրույցների հերոսին:
–Վրաստանում ապրել են բազմաթիվ նշանավոր հայ նկարիչներ՝ Հակոբ Հովնաթանյանից եւ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից մինչեւ Ալբերտ Դիլբարյան եւ Գայանե Խաչատրյան: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նրանց միաժամանակ համարել թե՛ հայ, թե՛ վրացի նկարիչներ:
-Թբիլիսիի ծնունդ այդ նշանավոր հայերը ներծծել են տարբեր հոսանքներ, գաղափարներ, անգամ աշխարհներ՝ այն անհավատալիորեն խթանող մշակութային միջավայրում, որը ձեւավորվել էր Վրաստանում 1970-1980-ականներին: Ինչպես գրել է նշանավոր փիրոսմանագետ Էրաստ Կուզնեցովը, «այս քաղաքում, որտեղ ստեղծագործաբար ինքնարտահայտվելու պահանջը գրեթե հավասարվել էր ուտելու, քնելու, ծարավը հագեցնելու պահանջին, որտեղ յուրաքանչյուր երրորդը նկարիչ է, բանաստեղծ կամ երաժիշտ… սովորել էին գեղարվեստական տաղանդը համարել միանգամայն բնական, առօրյա երեւույթ, իսկ արվեստը՝ առօրյա կյանքի բնական բաղադրիչ»: Ավելի լավ չես ասի:
–Ի դեպ, Նիկո Փիրոսմանիի նկարների վրա մեկ-երկու հայկական գրությունների պատճառով տպավորություն է ստեղծվել, թե նա հայ է եղել, սակայն հայտնի է, որ այդպես չէ: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է բացատրվում նրա գործերում հայկական գրությունների առկայությունը:
-Կախեթցի Նիկո Ասլանովիչ Փիրոսմանիշվիլին բազմազգ Վրաստանի իսկական ծնունդ էր, շփվում էր երկրի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ: Իրոք, նրա կտավների վրա կարելի է տեսնել հայկական գրություններ: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մանկության տարիներին, որբ մնալով, նա ապրել է Շուլավեր գյուղում՝ հայ ազնվական Քալանթարովների կալվածքում, որոնք նրա հոր վերջին գործատուներն էին: Քալանթարովների ընտանիքում՝ նախ գյուղում, ապա Թիֆլիսում, Փիրոսմանին անցկացրել է ընդհանուր առմամբ տասնհինգ տարի՝ աշխատելով որպես խոհարարի օգնական եւ օգնելով տնային գործերում: Այստեղ է, որ նա սովորել է կարդալ, գրել եւ նկարել: Կարծում եմ՝ այստեղ էլ նա տիրապետել է վրացական, ռուսական եւ հավանաբար նաեւ՝ հայկական գրերին:
–Դուք ճանաչել եւ մտերիմ եք եղել տարբեր երկրների բազմաթիվ հայտնի արվեստագետների, բանաստեղծների, գրողների, գիտնականների, ռեժիսորների հետ, այդ թվում՝ Մինաս Ավետիսյանի եւ Սերգեյ Փարաջանովի: Կարո՞ղ եք նրանց մասին այնպիսի հիշողություններ պատմել, որոնք մինչ այժմ չեք գրել:
-Մինասի եւ Սերգեյի մասին այնքան բան է ասվել, գրեթե ամեն ինչ… Միայն կավելացնեմ, որ Մինասն այն ստեղծագործողներից է, որն ընդմիշտ մնացել է իմ հոգում: Ազնիվ, անշահախնդիր, փիլիսոփա: Նրան կարելի էր անվերապահորեն վստահել: Մինչ օրս նրա կորուստը ընկալում եմ որպես անձնական մեծ վիշտ:
Ինչ վերաբերում է Սերյոժային՝ Սերժիկին, ինչպես նրան կոչում էին Թբիլիսիում, նա դեռ կենդանության օրոք դարձել էր լեգենդ՝ ընտրյալ: Ես նրա հետ ընկերություն եմ արել ավելի քան քսան տարի: Չեմ հիշում՝ ով ինձ՝ «Վեչերնի Տբիլիսի» թերթի քսանվեցամյա թղթակցիս, բերեց նրա տուն՝ Կոտե Մեսխի փողոցում: Հետո նա ինձ հրավիրեց «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանումներին՝ առաջարկելով նկարահանվել: Այսպես ես հայտնվեցի մի փոքր դրվագում եւ նրանից ոչ մի նկատողություն չստացա, ինչով շատ հպարտ էի, քանի որ Սերգեյը դերասանների նկատմամբ պահանջկոտ, նույնիսկ խիստ էր: Այնուհետեւ ես թերթում հոդված գրեցի նկարահանումների մասին: Օժտված ազատ հոգով՝ նա առատորեն բաշխում էր այդ ազատությունը շրջապատին: Միեւնույն ժամանակ բարի էր, ուշադիր, զգայուն մարդկանց նկատմամբ եւ չափազանց խորաթափանց: Նուռը նրա սիրելի կինոբանաստեղծական խորհրդանիշն էր: Այսօր էլ իմ տանը միշտ նռներ կան՝ Փարաջանովին հիշեցնող որպես խորհրդանիշներ: Նա եզակի երեւույթ է համաշխարհային մշակույթում:
–Դուք նաեւ «Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի խորհրդանիշներն ու պատկերները» (2012) գրքի հեղինակն եք: Ոմանք կարծում են, որ խորհրդանիշներն ընդհանրապես չպետք է մեկնաբանել, քանի որ մեկնաբանությունն իբր «սպանում է» դրանք: Համաձա՞յն եք:
-Ֆրանսիական «Խորհրդանիշների բառարանի» նախաբանում նրա կազմող Ժան Շեւալիեն գրել է. «Բոլոր գիտությունները՝ բնական եւ հումանիտար, արվեստը՝ իր բոլոր ուղղություններով, այն ամենը, ինչ կազմում է մարդու մշակույթը, իր ճանապարհին հանդիպում է խորհրդանիշների: Բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը՝ բացահայտելու խորհրդանիշների գաղտնիքը եւ ազատելու դրանցում կենտրոնացված էներգիան: Քիչ է ասել, թե մենք ապրում ենք խորհրդանիշների աշխարհում. խորհրդանիշների աշխարհն ապրում է մեր մեջ»: Ոմանց համար խորհրդանիշներն անհասկանալի եւ անհասանելի են, մյուսների համար հյուսված են կյանքի եւ դրա ընկալման մեջ: Խորհրդանիշի «ապակոդավորումը», որը դարերով կուտակված գիտելիքների, հավատալիքների եւ սնահավատությունների խտացումն է, չի զրկում այն իր խորհրդանշական ուժից, այլ օգնում է հասնել երեւույթների էությանը՝ առավել հակիրճ եւ հավաստի ձեւով:
–Դուք նաեւ «Հակոբ Հովնաթանյան. Դիմանկարներ. հիշողություններ նկարչի մասին» (2022) գրքի հեղինակն եք: Հիշում եմ մի պատմություն, թե ինչպես Թբիլիսիի պատկերասրահում, տեսնելով Հովնաթանյանի կերտած մի դիմանկարը «Անհայտ վրացի նկարիչ» մակագրությամբ, Փարաջանովը պատկերասրահի աշխատողին ասել է. «Այս անհայտ վրացի նկարիչը նշանավոր հայ նկարիչ է»: Հայտնի է, որ Հովնաթանյանը չի ստորագրել իր նկարները: Դուք հայտնաբերել եք նրա պարսկական շրջանի մի քանի գործեր: Ի՞նչ եք կարծում՝ շա՞տ են դեռ նման աշխատանքները, եւ շարունակո՞ւմ են դրանք Թբիլիսիում ներկայացվել որպես «անհայտ վրացի նկարիչ»:
-Իրոք, բազմամյա հետազոտություններիս արդյունքում ինձ հաջողվել է գտնել Հակոբ Հովնաթանյանի մի քանի նոր գործ, որոնք ստեղծվել են Պարսկաստանում նրա երկարատեւ բնակության ընթացքում: Համոզված եմ, որ Իրանում՝ թանգարաններում, ֆոնդերում, հայկական եկեղեցիներում եւ մասնավոր հավաքածուներում, պահպանվում են գործեր Հովնաթանյանից : Կարծում եմ՝ դրանք գրանցված են որպես «անհայտ նկարիչ» կամ «անհայտ պարսիկ նկարիչ», քանի որ ներկայումս հայտնի նրա գործերից միայն մեկն ունի հեղինակի ստորագրություն՝ վրացի բանաստեղծ, զինվորական եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Ճավճավաձեի դիմանկարը: Թբիլիսիի ազգային թանգարանի ֆոնդերում եւս կան «անհայտ նկարչի» գործեր, որոնք ես իմ 2022 թվականի գրքում վերագրում եմ Հակոբ Հովնաթանյանին:
–Ունե՞ք նոր նախագծեր՝ կապված հայ նկարիչների կամ բանաստեղծների հետ:
-Հակոբ Հովնաթանյանի կյանքն ու ստեղծագործությունը շարունակում են ինձ հետաքրքրել. սա լայն աշխատանքային դաշտ է: Դեռ շատ բան կա անելիք. սա արդեն առաջադրանք է երիտասարդ սերնդի պատմաբաններին եւ արվեստաբաններին: 2022 թվականին գրքի հրատարակումից հետո ես գտել եմ նկարչի եւս մի քանի գեղանկարչական եւ գծանկարչական աշխատանքներ: Այսպիսով, հերթի է գրքի նոր՝ լրացված հրատարակությունը, եւ, իհարկե, կցանկանայի, որ այն թարգմանվի հայերեն եւ անգլերեն:
–Խնդրում եմ նաեւ պատմե՛ք ձեր ամուսնու մասին: Արվեստի հանդեպ սերը ձեր մեջ ընդհանո՞ւր էր:
-Ամուսինս՝ Կոնստանտին Վարոսի Ենգոյանը (1927-1999), ծնվել է Գյումրիում, սակայն մի քանի շաբաթ անց մայրը՝ Նազիկ Ալեքսանդրի Հայրապետյանը, առաջնեկի հետ վերադարձել է Թբիլիսի, որտեղ բնակվում էր նրանց ընտանիքը: Հայրը՝ Վարոս Բարսեղի Ենգոյանը, տեղափոխվել էր Թիֆլիս 1910-ականներին Ախալցխայից, ուր նրա նախնիները 1840-ականներին տեղափոխվել էին Թուրքիայից: Դպրոցն ավարտելով ոսկե մեդալով՝ 1945 թվականին Կոնստանտինը մեկնել է Մոսկվա եւ ընդունվել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ: Նա մեծ սիրով էր հիշում այդ շրջանը եւ կարոտով էր խոսում: Նրան դասավանդել են այնպիսի մեծանուն պատմաբաններ, ինչպիսիք էին Եվգենի Տարլեն, Ալբերտ Մանֆրեդը, Վսեւոլոդ Դուրդենեւսկին եւ ուրիշներ: Ձմռանը ծնողները Թբիլիսիից արկղերով մրգեր էին ուղարկում նրան (հազվադեպ բան այն ժամանակվա Մոսկվայում), որոնք Կոնստանտինը բաժին էր հանում նաեւ ընկերներին:
Դիպլոմ ստանալուց հետո՝ որպես միջազգային իրավաբան եւ Ֆրանսիայի մասնագետ, նա վերադարձել էր Թբիլիսի եւ աշխատել որպես միջազգային լրագրող «Վեչերնի Տբիլիսի» եւ «Զարյա Վոստոկա» թերթերում: Հիանալի տիրապետում էր ֆրանսերենին: Լինելով Վրաստանի վաստակավոր լրագրող՝ նա գրել է տարբեր թեմաներով հոդվածներ, ֆելիետոններ, պատմական ակնարկներ, կատարել հարցազրույցներ, այդ թվում՝ ֆրանսիացի կոմունիստների առաջնորդ Ժորժ Մարշեի եւ կինոաստղ Բրիժիտ Բարդոյի հետ: Լինելով մեծապես կրթված եւ խորաթափանց՝ նա մեծ հարգանք է վայելել հասարակության մեջ եւ մասնագիտական շրջանակներում: Մի քանի անգամ հրավիրվել է աշխատելու Մոսկվայի կենտրոնական թերթերում, սակայն հրաժարվել է՝ չցանկանալով թողնել մորը եւ հայրենի քաղաքը: Իր կարիերայի ընթացքում գրել է ավելի քան տասնմեկ հազար նյութ: Մենք ծանոթացել ենք 1966 թվականին, «Վեչերնի Տբիլիսի» թերթի խմբագրությունում եւ շատ չանցած՝ ամուսնացել: Մեր դուստրը՝ Ալդան, շատ առումներով գնացել է հոր ճանապարհով՝ դարձել է տնտեսագիտության դոկտոր եւ զբաղվում է նաեւ լրագրությամբ ու Ֆրանսիայի պատմությամբ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ











