Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

CNN-ի բացահայտումը. Ադրբեջանը Իսրայելի հետախուզական եվ ռազմական գործողությունների հենակետը Իրանի սահմանին 

12/06/2026
- 12 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ըստ CNN-ի, Իսրայելը Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի կերպով հատուկ ռազմական ու հետախուզական ստորաբաժանումներ էր ուղարկել Ադրբեջան:

Այս փաստերը CNN-ի միջոցով շրջանառության մեջ են դրվում Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարի խախտման պայմաններում Իրանի եւ Իսրայելի միջեւ բռնկված նոր ռազմական գործողությունների ֆոնին, որի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակամարտող կողմերին զսպվածության կոչով է դիմել:

Ադրբեջանում տեղակայված գաղտնի հենակետերը, ըստ CNN-ի, նախատեսված էին Իրանի դեմ իրականացվող գործողությունների համար:

Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ, նշված ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարեւանությամբ: Ամենամոտ կետը, ըստ տեղեկացված աղբյուրների, գտնվում էր Թավրիզ քաղաքից ընդամենը 90 կմ հեռավորության վրա: Հայտնի է, որ 40-օրյա պատերազմի ընթացքում Թավրիզը հայտնվել էր Իսրայելի ռմբակոծությունների թիրախում:

Իրանական «Էնթեխաբ» պարբերականի հաղորդմամբ, CNN-ի հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, որ հատուկ նշանակության կոմանդոսային ստորաբաժանումներ եւս տեղակայված էին այդ վայրերում եւ իրականացնում էին հետախուզական ու անօդաչու թռչող սարքերի հետ կապված գործողություններ, որոնք պատերազմի ընթացքում Իսրայելին հնարավորություն էին տալիս վերահսկել Իրանի հյուսիսային շրջանները:

Ադրբեջանի տարածքում նշված գաղտնի հենակետի տեղակայումը, որի մասին առաջին անգամ տեղեկանում ենք CNN-ից, Մերձավոր Արեւելքում Իսրայելի տրամադրության տակ եղած մի քանի ռազմական դիրքերից մեկն էր, որը իսրայելական ուժերին տալիս էր աննախադեպ հասանելիություն:

CNN-ի աղբյուրների համաձայն, Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական հենակետերը Իրանի դեմ իրականացված գործողությունների ժամանակ ունեցել են նույնպիսի դերակատարություն, ինչպիսին ունեցել են Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սոմալիլենդի գաղտնի ռազմաբազաներն ու ռազմական օբյեկտները:
Սկզբնական շրջանում դրանք նախատեսված են եղել որպես հնարավոր փրկարարական խմբերի տեղակայման վայրեր՝ արտակարգ իրավիճակների դեպքում: Սակայն հետագայում դրանք վերածվել են ռազմական եւ հետախուզական հենակետերի:

Նշված հենակետերը պատերազմի ընթացքում իսրայելական ուժերին հնարավորություն էին տվել դիրքավորվել Իրանի հարավային, արեւմտյան եւ հյուսիսային սահմանների երկայնքով՝ իսրայելական բանակի գործողությունների շրջանակը տարածելով Իրանի տարածքի խորքում:

Ադրբեջանը՝ Իսրայելի ռազմավարական գործընկեր

Իրանական մամուլը նաեւ տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելին հաջողվել էր ստանալ եւս մեկ հենակետ՝ օդաչուների հնարավոր կործանման դեպքերում օդային փրկարարական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաեւ Իրանին լրտեսելու նպատակով:

Իսրայելը տեւական ժամանակ Ադրբեջանին դիտարկել է որպես ռազմավարական գործընկեր Իրանի դեմ պայքարում, եւ այդ գործողությունների նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին պատերազմի առաջին հարձակումներից շաբաթներ առաջ:

Տեղեկացված երկու աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ հունվարի կեսերին Իսրայելը նախապատրաստել էր գաղտնի գործողություն Ադրբեջանի եւ Իրանի սահմանի երկայնքով: Աղբյուրները նկարագրել են այն որպես նախապատրաստական գործողություն, որի շրջանակում տեղադրվել էին լսողական սարքեր եւ հետախուզական սարքավորումներ՝ հետագա քայլերի համար հիմք ստեղծելու նպատակով:

Իսրայելը նախատեսել էր այս գործողությունն իրականացնել հունվարի կեսերին՝ պատերազմի սկզբնական շրջանում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել էր հարձակումները: Այդուհանդերձ, Իսրայելը գործել էր ինքնուրույն:

Իսրայելի ռազմաօդային ուժերը օգտագործել են ռադարների վերահսկողությունից դուրս գտնվող կործանիչներ եւ հատուկ նշանակության ուժեր՝ այդ սարքավորումները տեղադրելու գործողության շրջանակում:

Այս հետախուզական հենակետը Իսրայելին հնարավորություն էր տալիս տեղեկություններ հավաքել Իրանի ռազմական տեղաշարժերի եւ օբյեկտների մասին, ինչպես նաեւ նախազգուշացում ստանալ հրթիռների արձակման վերաբերյալ:

Երկու շաբաթ անց Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը այցելել է Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2025 թվականի մայիսին Ադրբեջանը նաեւ կազմակերպել էր Իսրայելի եւ Սիրիայի միջեւ անցկացված հազվադեպ ուղիղ բանակցությունները:

Աղբյուրներից մեկի համաձայն, Ադրբեջանից իրականացված առանցքային գործողություններից մեկը մարտի 4-ին Ռահման Մողադդամի սպանությունն էր: Նա հանդիսանում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման ղեկավարներից մեկը, եւ Իսրայելը նրան համարում էր 2024 թվականին Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կազմակերպիչ:

Մեկ օր անց անօդաչու սարքերը հարվածել էին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանին՝ վնասելով տերմինալի շենքը եւ վիրավորելով մի քանի մարդու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել էր Իրանին, մինչդեռ Իրանը հերքել էր անօդաչուների արձակումը:

Շաբաթներ անց Իսրայելը պաշտոնապես ընդունեց, որ դա համատեղ գործողություն էր, որին մասնակցել էին «Մոսադ»-ը, Իսրայելի բանակը եւ ներքին անվտանգության ծառայությունը:

Իսրայելն ու Ադրբեջանը պահպանել են սերտ հարաբերություններ առեւտրային եւ ռազմական շահերի ոլորտներում: Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի զգալի մասը: Փոխարենը Իսրայելը Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինություն, որի մի մասն օգտագործվել է 2016 եւ 2020 թվականների Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ընթացքում՝ Հայաստանի դեմ:

Ադրբեջանը նաեւ առաջին օտարերկրյա պետությունն էր, որը 2016 թվականին ձեռք բերեց Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը:

Իսրայելցի հայտնի արեւելագետ Գերշոն Կոգանը, որը մասնագիտացած է Իրանի հարցերում, դեռեւս պատերազմից առաջ գրել էր. «Իսրայելի ռազմավարությունը Ադրբեջանում միտումնավոր պահվում է ցածր տեսանելիության մակարդակի վրա եւ հիմնված է սպառազինությունների փոխանցման, հետախուզական համագործակցության եւ անվտանգության ոլորտում երկարաժամկետ տեխնոլոգիական փոխկախվածության վրա»:

Ըստ անկախ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացված Ջոշիա Կուչերայի, այս հարաբերությունները Ադրբեջանին ապահովում են կարեւոր դիվանագիտական ռեսուրսով եւ հնարավորություն են տալիս Բաքվին օգտվել Վաշինգտոնում իսրայելական լոբբիի ազդեցությունից:

Նշենք, որ Ադրբեջանը CNN-ից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ CNN-ի նյութի հրապարակումից առաջ այդ լրատվամիջոցին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու վերաբերյալ ներկայացված փաստերն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը:

Բաքուն շարունակում է պնդել, որ CNN-ը, Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումները հիմք ընդունելու փոխարեն, իր հրապարակումը կառուցել է մի քանի անանուն աղբյուրների հայտարարությունների հիման վրա:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ամբողջությամբ հերքել է այդ հրապարակումը եւ CNN-ից պահանջել հետ վերցնել տարածված տեղեկությունները, ինչպես նաեւ բացատրություն տալ Բաքվի դեմ, իր ձեւակերպմամբ, «անհիմն մեղադրանքներ» հրապարակելու համար:

Բացի այդ, Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը պահանջել է, որ հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն խնդրի:

ԳՐԻԳՈՐ  ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Իրինա Ձուցովա. Վրաստանի հայկական ժառանգության ուսումնասիրողը

Հաջորդ գրառումը

Փաշինյանի ավազապետության հաստատումը. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի ավազապետության հաստատումը. Սուրեն Սուրենյանց

Լրահոս

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026

Բրունո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների...

Արցախը հանձնող անձից, քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ. Արսեն Ջուլֆալակյան

08/07/2026

Ասել եմ բազմիցս. Արցախը հանձնող անձից, քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ... Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում...

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։ Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար....

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական