Մեկ աշակերտի վրա ծախսված 20 միլիոն դրամն ավելի լուրջ ներդրում է, քան Ղազարյան Թագուհու վրա 24 միլիոն դրամի ծախսը. Կարեն Հեքիմյան

Ըստ քպ-ական Ղազարյան Թագուհու՝ «Հայաստանում, Երևանում, մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ»: Քպ-ականն ասում է, որ այդ գումարը պետք է օպտիմալ ծախսել, քանզի «մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»:
Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց:
Եկեք իրավիճակին նայենք հարկատուի աչքերով և համեմատենք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների, ԱԺ քպ-ական պատգամավոր Ղազարյան Թագուհու վերջին հայտարարագրերի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմում է շուրջ 23.9 մլն դրամ: Ավելին` 2022 թվականին Ղազարյան Թագուհին «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ից միանձնյա սեփականության իրավունքով Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում ձեռք է բերել բնակարան, որն արժի 27 մլն 750 հազար դրամ։
Այժմ եկեք համեմատենք. Հայաստանի հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) մեկ աշակերտի վրա ծախսում են տարեկան 20 միլիոն դրամ (ըստ Ղազարյան Թագուհու), իսկ Ղազարյան Թագուհու վրա ծախսում են 20%-ով ավելի գումար:
Նախ` անձամբ ես չեմ հավատում Ղազարյան Թագուհու ներկայացված թվին: Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ Հայաստանը մեկ աշակերտի վրա ծախսում է 20 միլիոն դրամ, ապա դա շատ ավելի լուրջ ներդրում է, քան Ղազարյան Թագուհու վրա տարեկան շուրջ 24 միլիոն դրամի ծախսը:
Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ
