Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Երկու հայ արվեստագետ «Պարիաներ» նախագծում

Փետրվարի 22-ին Ֆրանսիայում մեկնարկեց արվեստի «Պարիաներ» նախագծի արվեստի կացարանի եվրոպական փուլը, որին Հայաստանից մասնակցեցին վիզուալ արվեստագետ Լիլիթ Ստեփանյանը եւ երաժիշտ, քամանչահար Արմեն Զարգարյանը:

Արվեստի կացարանը տեղի ունեցավ Մոն-Դոֆա փոքր քաղաքում, որը հայտնի է իր ճարտարապետությամբ ու մշակութային հարուստ ժառանգությամբ: Եվ չնայած փոքր չափերին, Մոն-Դոֆայում մշտապես անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ, ներառյալ՝ փառատոներ, համերգներ եւ ցուցահանդեսներ:

Կացարանի ընթացքում հայ արվեստագետներն իրականացրին աշխատարաններ ֆրանսիական Էմբրան քաղաքում: Արմեն Զարգարյանը ֆրանսիացի ժամանակակից պարողների հետ միասին հայկական երաժշտությամբ համաստեղծման աշխատարան իրականցրին:

Լիլիթ Ստեփանյանը եւս իրականացրեց համաստեղծման աշխատարան՝ հրավիրելով Մոն-Դոֆայի, Էմբրանի ու շրջակա  համայնքների անդամներին մասնակցելու ստեղծագործական գործընթացին, որը ներառում էր գրի առնել ու ասեղնագործել  անձնական հիշողություններն ու զգացմունքներն իրենց քաղաքի մասին: Այն մասնակիցներին ներգրավեց հիշողության կապող ու առաջնորդող  թելի ստեղծման, հյուսելու եւ քարտեզագրելու  ու  համայնքային կոլեկտիվ արվեստի աշխատանքի ստեղծման գործընթացին, որը  ներկայացնում է նրանց հավաքական հիշողությունները, փորձառությունները, զգացմունքները եւ քաղաքի մասին պատկերացումները:
Ֆրանսիայում այս միջոցառումները  տեղի են ունեցել  «#Պարիաներ. Իրագործելով Եվրոպայի պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում, որը համաֆինանսավորել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը: Այն նպատակ ունի բացահայտել մարգինալացված անհատների չպատմված, հավաքական հիշողությունները, որոնք ձեւավորել են համայնքը եւ աստիճանաբար կառուցել  նրա պատմական հիշողությունը:

Սեփ. թղթ.