Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե հաճելի է` պետություն ունեցողի դիրքից, բայց կիլոմետրերով հեռու է իրականությունից: Եթե անգամ բացառենք այն, որ իրականում մեր ընտրություններին մասնակից եւ նաերկայացված էին բազմաթիվ արտաքին խաղացողներ` ի դեմս մեր քաղաքական ուժերի: Ցավոք: Բայց եթե անգամ այդ անտեսենք ու դիտարկենք, թե հունիսի 7-ից հետո որքան առանցքային իրադարձություններ են կատարվել աշխարհում, որոնք մեր տարածաշրջանի վրա ազդեցություն ունեն, ինքնին շատ բան կարելի է հասկանալ. Ադրբեջանում տարբեր ձեւաչափերով վերսկսել են ավելի շատ խոսել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, որն առաջիկայում մեզ համար իրոք անվտանգային սպառնալիք է մատնանշում եւ պահանջում կենտրոնացում դրա վրա, Իրանը բանակցությունների նստեց ԱՄՆ-ի հետ, սակայն ոչ ոք չգիտե, թե ի՞նչ կլինի 60 օր հետո, ու արդյոք Իրանը նորից չի՞ կոշտացնի իր դիրքորոշումը` նաեւ իրապես այլ վիճակի մեջ դնելով տարածաշրջանը, Մեծ Բրիտանիայի` դեպի Եվրոպա կողնորոշված վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական տվեց (Թրամփը նրա ձեռքը չէր սեղմել), ռուսական կողմն ավելի ու ավելի է անթույլատրելի հայտարարություններ ու գործողություններ անում Հայաստանի ուղղությամբ, Թրամփի իրանյան քաղաքականության դեմ ամերիկյան օրենսդիրները բանաձեւ ընդունեցին, Կանադան հայացքն ուղղում է դեպի Եվրոպա, վերջինս (ԵՄ-ն) Հայաստանին փորձում է սիրաշահել, ու այս բոլոր կողմերը, գումարած տարածաշրջանային գործոն դարձած Թուրքիան, անտարբեր չեն այն բանի հանդեպ, թե Հայաստանում ի՞նչ եւ ինչպիսի իշխանություն կա: Բոլոր այդ երկրներում առաջիկայում կամ ընտրություններ են լինելու, կամ առանցքային փոփոխություններ, ու այս բոլորից հետո մտածել, թե Հայաստանում եւս հինգ տարի կարելի կլինի նույն դերակատար իշխանությունն ունենալ, առնվազն միամիտ կլինի: Բայց երեւում է` մեր ժողովուրդն, այդ թվում նրա քաղաքականացված մասը, ի դեմս ներկա ընդդիության եւ իշխանության, ունի այդ միամտությունը, դրա ցուցիչներից մեկը համարեք նաեւ ընդդիմության` ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, մենք այնպես ենք մխրճվել մեր ներքին տուրեւառումներում, որ շուրջը տեղի ունեցողը համարյա չենք նկատում:
Ինչ իրավիճակ է լինելու հուլիսի 4-ին , երբ ՍԴ-ն հրապարակի ըտրությունների արդյունքների վիճարկման դիմումներով գործի քննության վերաբերյալ որոշումը (ՍԴ երկու դատավոր այդ քննությանը չեն մասնակցում շահերի բախման համատեքստում` նախկիում ՔՊ անդամ եղած Վլադիմիր Վարդանյանն ու «Հանրապետություն» կուսակցության անդամ եղած Արտակ Զեյնալյանը): Մնացած 7 դատավորները քննում են 7 ուժերի ներկայացրած դիմումները` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով (հիմնականում այդ պահանջն է, կա նաեւ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջ): Քննությունը միավորվել է մեկ գործում, զեկուցող է նշանակվել ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, պատասխանող կողմ են ԿԸՀ-ն, ՆԳՆ-ն Հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, քննությունը կսկսվի հունիսի 26-ին, որոշման ճանաչման համար հարկավոր է ՍԴ հինգ դատավորի կողմ քվեարկություն:
ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու դեպքում հավանական տարբերակներն այս են` նշանակել ընտրությունների երկրորդ փուլ կամ մանդատների բաշխման նոր կարգ:
Թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն` իրավական առումով մենք չենք դիտարկի: Դիտարկենք, թե ո՞ր տարբերակը` ո՞ւմ է ավելի ձեռնտու:
Եթե ընտրությունների երկրորդ փուլ նշանակվի, դա ոչ մի կերպ այս իրավիճակում ընդդիմադիր միավորների օգտին չէ, քանի որ իշխանության կողմից ներկա «բռնեմ-նստեցնեմ» իրավիճակը (իբր Ավետիք Չալաբյանն ինչ էր արել) թույլ չի տա տարբեր շարժառիթներով ընդդիմադիրներին քվե տված մարդկանց կրկնել այդ քվեն, ընդդիմադիր երկու ուժերի քվեներն (ԲՀԿ-ի մասին չենք խոսում), այդպիսով, ինչ-որ զգալի տոկոսով կնվազեն, կմնան ընդդիմադիրների իրական համակիրները: Իշխանության տոկոսի առումով էլ միգուցե որոշ նվազում արձանագրվի, քանի որ գործընթացի ընդհանուր բացասական ֆոնը հոգնեցրած կլինի այն ընտրողին, որն ընտրատեղամաս էր գնացել ընդամենն իր ձայնն իրացնելու համար եւ քվեն տվել էր իշխանությանը միայն նրա համար, որ վերադարձ հնին չի ուզում, բայց այն աստիճանի համոզված չէ իր ճիշտ ընտրության մեջ, որ հակված չէ կրկնելու այն: Բայց բոլոր դեպքերում` քվեների ընդհանուր նվազման ֆոնին իշխանություն-ընդդիմություն տոկոսային գերադասությունը կաճի հօգուտ առաջինի, այդպիսով ընդդիմությունն այդպիսի տարբերակի դեպքում թույլ է տալու ՔՊ-ին սահմանադրական մեծամասնությունն ապահովել:
Կարո՞ղ է հենց դրա համար են մեր ընդդիմադիրները դիմել դատարան, հայրենասիրական մղումներով, որ երկիրը ղեկավարողները թույլ ու անվստահ չզգան իրենց արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս, ու մոտավոր-կլորացրած հիսուն տոկոսը հիսունմեկ սարքեն` ռուսական կոշտ հոխորտանքներին ավելի վստահ դիրքից դիմակայելու, արեւմտյան փափուկ ազդեցությանը երես դեմ տալու համար, վայ, էս ինչ պետականամետ ընդդիմություն ենք ունեցել, չենք իմացել:
Մյուս տարբերակը` մանդատների բաշխման նոր կարգի սահմանումն ընդհանրապես իշխանության օգտին կլինի`չեք պատկերացնի անգամ, թե ովքեր կանցնեն խորհրդարան` ներկա անցածների փոխարեն: Իսկ այն տարբերակը, եթե նույնը թողնվեն արդյունքները` իշխանությանն ու ընդդիմությանն երկուսին էլ չի «դզում», ինչպես ժողովուրդն է ասում` մեկը սահմանադրական մեծամասնություն չի ունենա` աջուձախից գլխին կտան, մյուսը կմնա իշխանության` վարչական ռեսուրս կիրառելու, ընդդիմության քվեն կեղծելու մասին անվերջ խոսելով, ու դրանից հետո ամոթ կլինի մանդատ վերցնելը:
Բոլոր դեպքերում ՍԴ դիմելն արդեն ընդդիմության համար մանդատները վերցնելու հակվածությանը բացատրություն տալու ալիբի է` որոշման երկու տարբերակի առումով էլ, եւ ամենակարեւորը` ժամանակ շահելու գործողություն է, կողմնակիցներին հնար տալով հաշտվելու մանդատ վերցնելու եւ հինգ տարի խորհրդարանում ընդդիմադիր աշխատելու գաղափարի հետ: Այդպես գոնե կարդարանան` էլ ինչ անեինք, ՍԴ դիմեցինք, իսկ երկրորդ փուլի նշանակման դեպքում` մեր նկարագրած արդյունքի պարագայում մանդատները ստիպված վերցնելու հիմնավորմամբ:
Փողոց գեներացնելը մոռացեք, մարդ չի հավաքվի արդեն երկար ժամանակ:
Գումարած, որ հաստատ իշխանությունն այս օրերին, մինչեւ ՍԴ որոշման հրապարակումը, ձեռքերը ծալած չի նստելու, Հանրային հեռուստատեսությամբ ավելի ինտենսիվ կներկայացնի կաշառքի առեւտրի կոլորիտային ձայնագրությունները, արտաքին աջակցության նոր չափաբաժին կստանա հուլիսի մեկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի եւ այլ եվրոպաշտոնյաների այցով Երեւան, որոնք , ի դեպ, վերջերս էին Երեւանում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի առիթով:
Այսինքն` մինչեւ ՍԴ որոշման հրապարակումը նախընտրական եռուզեռին հավասար եռուզեռ է լինելու Երեւանում:
Առանց առանձնահատուկ ֆանատիզմի, հարգելի ընդդիմություն, ձեր բոլոր գործողությունները, ուզում եք-չեք ուզում, ըմբռնում եք-թե չէ` այժմ իշխանության դիրքերի ամրապնդմանն են տանում, ու ձեզ մնալու է խորհրդարանի ձեւաչափով գոլորշի բաց թողնելով հաճույք ստանալը, իշխանության հակահարվածով վահանավորվելը, մեր բոլորի նյարդերի հաշվին:
Տեսնենք, սովորաբար մենք չենք սխալվում, զանազան Գելափ-մելափների ֆոնին` մայիսի վերջին մեր կանխատեսման պատկերը հիշեցնելով. ընդդիմության ընդհանրական տոկոսը եւ խորհրդարան մտնողների պատկերը կանխագուշակել էինք մեկին մեկ, ԲՀԿ-ն մեր կարծիքով անցնել-չանցնելու սահմանագծին էր լինելու, իշխանությանը մինչեւ քառասուն տոկոս քվե էինք կանխագուշակել` մի փոքր ավելի տոկոսը նախընտրական երկու վերջին օրվա իշխանական վարքագծի արդյունք ենք համարում (տես մայիսի վերջի մեր հրապարակումը):
Ինձ համար ավելի կարեւոր է այլ բան: Այն, որ այնուամենայնիվ, մեր հանրությունը ընտրություններից հետեւություններ անում է: Նախ` բոլորը տեսան, որ անկախ հայկական կողմի խաղաղասիրական տրաադրվածության, Ադրբեջանը շարունակում է հավակնել մեր տարածքներին` անգամ մեր ընտրությունների արդյունքները կապելով իր հավակնությունների հետ, եւ մեր ժողովուրդը մի լրացուցիչ անգամ հասկացավ, որ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին պետք է դիմակայել բոլոր հնարավոր միջոցներով, ու դա առաջիկա ամենակարեւոր մարտահրավերն է Հայաստանի համար:
Եւ որ` Հայաստանին նոր քաղաքական ուժեր են պետք, եղածներն այլեւս կենսունակ չեն, հենվում են փողի վրա, իսկ մեզ հիմա այլ որակի ընդդիմություն է պետք: Մի քանի տարի գրում եմ այն մասին, որ Հայաստանի քաղաքական համակարգը փակ շրջան է, որի ներսում իշխանությունը փոխանցում են միմյանց, այդպես թույլ չտալով նոր ուժերի առաջացում: Ու ի ՞նչ, պետք էին երկրորդ անգամ նույնանման ընտրություններ, որպեսզի շատերը հասկանան, թե այս քաղաքական դաշտը սպառել է իր քաղաքական ու գաղափարական ներուժը, ու բացվել է տարածք` նոր խոսքի, նոր մտածողության ու նոր գաղափարների համար, եւ նոր, համակարգային փոփոխությունների օրակարգ ու այդ օրակարգն իրականացնող նոր ուժեր է պետք ձեւավորել (աչքիս ընկավ այդպիսի մի նախաձեռնություն, որի տակ ստորագրել էին Հովհաննես Իշխանյանն ու Վարդան Հարությունյանը):
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.











