Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Զանգեզուրյան» միջանցքի հարյուրամյա ակունքները

Իրանական  բանակի գնդապետ Ալիխան Ռիազին շուրջ 100 տարի առաջ կանխատեսել էր տխրահռչակ «զանգեզուրյան» միջանցքի սպառնալիքների մասին:

Խոսքը 1932 թվականին ձեւավորված  սահմանազատման եւ սահմանագծման իրանա-թուրքական  համատեղ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում   Իրանի  հյուսիս-արեւմտյան շրջաններից Թուրքիային 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք  հանձնելու մասին է, որի մեջ էր մտնում Սիսն ու հարակից տարածքները, ինչի շնորհիվ Թուրքիան Նախիջեւանի հետ ցամաքային ճանապարհով հաղորդակցվելու հնարավորություն էր ձեռք բերում:

Հայտնի է, որ  մինչեւ 1934 թվականը Մեղրիի սահմանային անցակետից բացի, Հայաստանն ունեցել  է ցամաքային ճանապարհով Իրանի հետ հաղորդակցվելու եւս մեկ ճանապարհ՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի  Վեդիից դեպի հարավ ընկած հատվածը, որը 1934 թվականին հանձնվել է  Թուրքիային:

Փարիզում Իրանի դեսպանատանը որպես ռազմական  կցորդ պաշտոնավարող բարձրաստիճան զինվորական Ռիազին, լսելով հողահանձնման վերաբերյալ ընդունված որոշման մասին,  նամակ է ուղարկում իրանական արքունիք եւ զգուշացնում.

«…Այդ տարածքի օտարումն ու դրա միացումը Թուրքիայի տարածքին կհանգեցնի նրան, որ տարածքային վեճերի ու անհամաձայնությունների ժամանակ Իրանը զրկված լինի վճռորոշ խոսք ասելու հնարավորությունից»:

Գնդապետը նաեւ իր նամակում նշում է, որ ապագայում Իրանի ու Թուրքիայի միջեւ տարաձայնություններ առաջանալու դեպքում, այդ հողահանձնումը անցանկալի հետեւանքներ կունենա  Իրանի համար: Սակայն, Ռեզաշահ Փեհլեվին, բարեկամական հարաբերությունների հիմքերն ամրապնդելու նպատակով, այդ տարածքը հանձնում է Թուրքիային:

Ըստ ամենայնի, եթե թուրք-իրանական բարեկամական հարաբերությունների հիմքերն ամրապնդելու նպատակով շուրջ 100 տարի առաջ Իրանի կողմից այդ հողահանձնումը տեղի չունենար, այսօր Իրանը չէր բախվի «զանգեզուրյան» նախագծի վտանգի հետ:

Ուշագրավ տեսակետ է հայտնել  իրանցի լրագրողուհի  Սանազ Նաֆիսին, իր ծավալուն վերլուծականում անդրադառնալով «Զանգեզուրյան» միջանցքի   մոտալուտ գործարկման հավանականության  մասին, պատճառաբանելով, որ   ԱՄՆ-ն ու  Արեւմուտքն այդ նախագիծը կյանքի կոչելու հարցում  ճնշում են գործադրում Հայաստանի վրա, իսկ Հայաստանն էլ շահագրգռված է այդ նախագծով, քանի որ   «Զանգեզուրի» միջանցքի բացումը Հայաստանին հնարավորություն է տալիս, ներգրավված լինել  հսկայածավալ  եկամուտներ ապահովող աշխարհատնտեսական գործընթացների  մեջ:

Նաֆիսին նաեւ համոզված է, որ  ներկայումս  Երեւանին միջանցքն անհրաժեշտ է շրջափակումը ճեղքելու եւ եկամուտի նոր աղբյուրներ հայթայթելու համար:

Այս օրերին «զանգեզուրյան» թեմաներով ողողված իրանական մամուլում առանձնանում է նաեւ  իրանցի փորձագետ  Մալեք Մոսադեղի iranian diplomacy կայքում  տեղ գտած   «Զանգեզուրի համար Թեհրանը Երեւանի փոխարեն էլ պետք է  կռիվ տա» վերնագրով  վերլուծական հոդվածը, որտեղ նշված է, որ ՀՀ վարչապետը գործում է Թեհրանի դեմ եւ հօգուտ Բաքվի:

Մալեք Մոսադեղը նույնպես տխրահռչակ միջանցքի ակունքները տեսնում է շուրջ հարյուր տարի առաջ Թուրքիան Նախիջեւանին կապող տարածքը Անկարային հանձնելու  մասին ընդունված սխալ որոշման մեջ: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ