Հայ կիթառահար Մկրտիչ Միքայելյանը Կիթառի համաշխարհային առաջին օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի: Դա իր երկար տարիների մասնագիտական փորձի եւ միջազգային ձեռքբերումների գնահատանքն էր:
Հունաստանի Վոլոս քաղաքում օգոստոսի վերջերին կայացավ աշխարհի առաջին Կիթառի օլիմպիադան, որում լավագույնը ճանաչվեց Հայաստանն ու Լիբանանը միաժամանակ ներկայացնող Մկրտիչ Միքայելյանը: Մկրտչի կատարողական ուղին հարուստ է, եւ նրանում նշանակալից շատ պահեր կան: Բայց, թերեւս, ամենից փայլուն հաղթանակը Վոլոսում էր, որտեղից հայ կիթառահարը Բեյրութ վերադարձավ օլիմպիադայում շահած ոսկե մեդալով: Մ. Միքայելյանը համերգներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Կանադայի Մոնրեալ, Տորոնտո, Վանկուվր քաղաքներում, Շվեդիայում, ԱՄՆ–ում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում եւ Հունաստանում: 2002 թ.-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից լույս է տեսել հայկական երաժշտության՝ կիթառի համար մշակումների իր առաջին գիրքը: Իր կատարումների ձայնագրություններով խտասալիկներից առաջինը լույս է տեսել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության, երկրորդը՝ ԱՄՆ–ում Pomegranate Music-ի, երրորդը եւ չորրորդը՝ KOHAR համույթի կողմից: Եվրոպայի զանազան մրցույթներում եւ փառատոներում հրավիրվել է՝ որպես մրցութային հանձնախմբերի անդամ, վարել է վարպետության դասեր: 2011-ին Տորոնտոյում փայլուն ելույթից հետո Կանադայի Ազգային Ժողովի կողմից պարգեւատրվել է դիպլոմով: Օրերս Երեւան իր հերթական այցին առիթ ունեցա զրուցելու երաժշտի հետ, որը հայտնի է ոչ միայն կիթառի վրա իր կատարումներով եւ իր մշակած ծրագրերում հեղինակների նախընտրությամբ, այլ նաեւ կիթառի համար մշակումներով եւ փոխադրումներով: Կիթառի համաշխարհային առաջին օլիմպիադայում իր կատարումների, ներկայացրած գործերի եւ դրանց վերաբերյալ արձագանքների մասին սկսեցինք մեր զրույցը Մկրտիչ Միքայելյանի հետ:
Մ. Միքայելյան– Կիթառի օլիմպիադայի հիմնադիրն է Յորգոս Ֆուդուլիսը: Ինձ ոսկե մեդալի արժանացրին ոչ թե սովորական մրցույթի ձեւաչափով, այլ շատ ավելի բարձր գնահատանքով: Դեռեւս 2022 թվականին միջազգային World Guitar կազմակերպության եւ UNESCO – ի կողմից ինձ նշանակել են Հայաստանի եւ Լիբանանի «կիթառի դեսպան»:
Օլիմպիադայի մեկնարկից առաջ արդեն իսկ որոշել էին ինձ պարգեւատրել ոսկե մեդալով: Ներկայացնելով ինձ իրենց կիթառի օլիմպիադայի էջում՝ գրեցին, որ հայ մեծ կիթառահար եւ պրոֆեսոր Մկրտիչ Միքայելյանը, որը կիթառի նոր պատմություն է ստեղծում Լիբանանում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, կստանա օլիմպիական ոսկե մեդալ:
–Հիշենք սրանից երեսուն տարի առաջ մի իրադարձություն: Դուք՝ տասնյոթամյա երիտասարդ, ձեր առաջին լուրջ բեմելույթն ունեցաք Բեյրութում մաեստրո Երվանդ Երկանյանի հետ: Միասին համերգ տալու գաղափարը մաեստրոյինն էր, որն այն ժամանակ դասավանդում էր Լիբանանում եւ նկատել ու գնահատել էր նորատի կիթառահար Մկրտիչ Միքայելյանի տաղանդը: Բեմին դուք էիք՝ կիթառով եւ Երվանդ Երկանյանը՝ ջութակով: «Նրա նվագն աչքի է ընկնում վառ արտահայտված գույներով, բարձր հուզականությամբ, վիրտուոզ տեխնիկայով,- մաեստրո Երվանդ Երկանյանի կարծիքն է ձեր կատարողական արվեստի մասին:- Տիրապետում է բավական լայն երկացանկի՝ բարոկկից մինչեւ ժամանակակից երաժշտություն: Ունի հիանալի անսամբլային զգացողություն: Միասին նվագել ենք Պագանինիի Սոնատներն ու դուետները ջութակի եւ կիթառի համար: Բնածին տաղանդ է:
Մ. Միքայելյան– Երբ մոտավորապես 17-18 տարեկան էի, մաեստրո Ե. Երկանյանը եկավ Լիբանան՝ խմբավարելու եւ դասավանդելու: Այդ տարիներին բախտ ունեցա ծանոթանալու նրա հետ: Տեսնելով ընդունակություններս՝ քաջալերեց ինձ եւ պնդեց, որ անպայման շարունակեմ երաժշտական կրթությունս՝ ընտրելով այն որպես մասնագիտություն: Երեք մեծ համերգներ ունեցանք Լիբանանի տարբեր քաղաքներում: Առաջին անգամն էր, որ Պագանինիի՝ ջութակի եւ կիթառի համար բոլոր դուետները եւ սոնատները կատարվեցին Լիբանանում: Ե. Երկանյանն ինձ համար փոխադրեց եւ մշակեց Կոմիտասի «Գարուն ա»-ն եւ նվիրեց ինձ՝ որպես կիթառահարի: Մաեստրոյի շնորհիվ էր, որ շարունակեցի դասական կիթառը եւ հաջողությունների հասա:
–Ըստ ձեզ, հնչման, երաժշտական ստեղծագործությունների ոգին ներկայացնելու ի՞նչ հնարավորություն ունի կիթառը:
Մ. Միքայելյան– Կիթառի հնչողությունն իմ հոգուն շատ մոտ է. դասական կիթառի հնարավորությունները շատ մեծ են, խորը հարմոնիաներով եւ վիրտուոզությամբ կարող ես մեկնաբանել դասական գործերը:
–Լիբանանում հաստատված եղեռնապուրծ հայության շառավիղներից եք: Արդյոք ձեր արմատների զգացողությունը չէ՞ր նաեւ, որ մշակեցիք եւ կիթառի համար փոխադրեցիք Կոմիտասի ստեղծագործությունները:
Մ. Միքայելյան– 1915 թվականի ցեղասպանությունից փրկված մեծ հայրերս եւ մեծ մայրերս, կորցրած իրենց ծնողներին, մանուկ տարիքում որբացած, հասել են Լիբանան: Բնականաբար, գիտեմ ժողովրդիս պատմությունը, երաժշտական մշակույթը: Փոխադրել եւ մշակել եմ դասական կիթառի համար Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի, Տիգրան Մանսուրյանի, Սայաթ Նովայի մի շարք ստեղծագործություններ: Ճապոնական շատ հայտնի Gendai Guitar ամսաթերթում մի քանի անգամ լույս են տեսել իմ հայկական մշակումները. եղել են արձագանքներ, որոնցում շատ են հավանել հայկական մշակումներս, նաեւ տպագրել են իմ մշակած՝ Բարսեղ Կանաչյանի «Օրորը» եւ Մակար Եկմալյանի «Սուրբ Սուրբ»-ը: Ինձ հետ մանրամասն եւ ծավալուն մասնագիտական հարցազրույց են ունեցել եւ հրապարակել. խոսել եմ իմ հայկական մշակումների եւ երաժշտական կյանքի մասին: Շվեդական Gitarr och Luta ամսաթերթը եւս հրատարակել է իմ հայկական մշակումները:
–Այս ամենից զատ նաեւ դասավանդում եք, ձեր սաները բարձր մրցանակներ են շահել հայաստանյան մրցույթներում:
Մ. Միքայելյան– Դասավանդում եմ Բարսեղ Կանաչյանի անվ. երաժշտական քոլեջում, կիթառի ամբիոնի վարիչն եմ: Միաժամանակ դասախոսում եմ Լիբանանի պետական կոնսերվատորիայում: Հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավար եմ Կանաչյանի անվ. երաժշտական քոլեջի «Կիթառահարների անսամբլ»-ի եւ «Տավիղ» նվագախմբի: 2019 թ.-ին ինձ հրավիրեցին Հայաստան՝ որպես «Վերածնունդ» միջազգային մրցույթ – փառատոնի ժյուրիի անդամի: Փառատոնին մասնակցեց իմ ղեկավարած կիթառի անսամբլը, որն ինձ հետ Հայաստան եկել էր Լիբանանից:
–Միտք ունե՞ք Հայաստանում հանդես գալու մենահամերգով կամ որեւէ համույթի հետ համատեղ ծրագրով:
Մ. Միքայելյան– Իհարկե, շատ մեծ ցանկություն ունեմ համերգներով հանդես գալու Հայաստանում: Ցանկանում եմ համերգներ ունենալ մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ՝ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ եւ կատարել իմ հայկական մշակումները, քանի որ շատ մասնագիտական կապ կարող է ստեղծվել կիթառի եւ «Տաղարան»-ի ազգային նվագարանների ու դասական գործիքների ներդաշնակությամբ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ