Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը:

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։ Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։

Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կներգրավի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին։ Նրանք  կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։

Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։

Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։

Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Այն  տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։