Խմբակցությունում տեղի կունենա նիստ. Նարեկ Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի մասին

«Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այդ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն, պարո՛ն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից. մեկը՝ ձեր, մյուսը՝ Էդգար Ղազարյանի. ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին:
Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ դահլիճում. «Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում ԱԺ դահլիճում և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական և ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել է, թե երկու դեպքերը համեմատելը տեղին չէր, քանի որ առաջին միջադեպը լուծված է:
«Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- ասել է նա:
Տեղեկացնենք, որ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «Իմ քեռին և ես երբեք չենք կարող լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը, որն իմ քեռու որդին է, սովորում էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի առաջին կուրսում և զոհվեց 44-օրյա պատերազմում, դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը Էդգար Ղազարյանի հասցեին ասաց, որ նրան նախազգուշացում է տալիս և որ դուրս կշպրտեն ԱԺ-ից։
