Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«Կաթոլիկներիս բարոյական պարտականությունն է համերաշխություն ցուցաբերել Հռոմի 4 քահանայապետերի ընկերոջը՝ Գարեգին Բ-ին»

  Անահիտ Հովսեփյան 2

Գերմանալեզու լրատվամիջոցները՝ «Շպիգելը», n-tv-ին, t-online-ը, բնականաբար կաթոլիկական առցանց ԶԼՄ-ները (kath.ch, kath.net, katholisch.de եւ այլն) օգոստոսի 7-ին եւ հետագա օրերին անդրադարձան օգոստոսի 7-ին Վաղարշապատի դատարանում Գարեգին Բ-ի եւ 6 այլ եպիսկոպոսների դատավարությանը՝ որակելով այն հայոց եկեղեցու պատմության մեջ «աննախադեպ»։ Domradio-ն վերնագիր էր դարձրել կաթողիկոսի հանդեպ հայ ժողովրդի մեծ հատվածի վերաբերմունքը՝ «Ծափահարություն դատարանի բակում», իսկ մյուս լրատվամիջոցները դատավարության փաստն էին ընդգծել վերնագրում, ինչպես նաեւ շեշտել «արեւմտամետ կառավարության» եւ կաթողիկոսի լարված հարաբերությունների գլխավոր պատճառը «ՌԴամերձ, Պուտինի ազդեցությամբ գործող ընդդիմությանը սատարելու» հանգամանքն է (նաեւ)։ Տեղի սղության պատճառով չենք անդրադառնա վերոհիշյալ հրապարակումներին, սակայն ծանուցենք, որ գերմանացի մի շարք իրավաբաններ ուշադիր հետեւում են դատավարությանը. ՀՀ-ում չկա եկեղեցական հարցերով մասնագիտացած դատարան, եւ սա եվրոպական, միջազգային, մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների համար հետաքրքիր է։

kath.net-ում դատավարությանն անդրադարձավ եկեղեցական, քրիստոնեկան թեմաներով  մասնագիտացած հեղինակ Միշայել Հեզեմանը (Michael Hesemann)։ «Հայաստանի կաթողիկոս Գարեգին Բ-ը մեղադրվում է հերձվածող եպիսկոպոսին չվերականգնելու համար» վերնագրով, «Աշխարհի տարբեր ծայրերից քրիստոնյաները համերաշխություն են հայտնում» ենթավերնագրով ծավալուն հոդվածում Հեզեմանը նախ շարադրում է 301-ին քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած հայ ժողովրդի ողբերգության էջերով, նահատակություններով լի պատմությունը եւ նշում, թե «ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին ՀՀ հռչակումը երկարատեւ տառապանքների ենթարկված ազգի եւ նրա 17 դարյա եկեղեցու համար դարձավ խաղաղության, ինքնորոշման, ինքնության եւ խորապես արմատացած հավատի վերականգման ժամանակաշրջան։ Հայաստանն այժմ իր ամենամեծ մարտահրավերներից մեկի առջեւ է», գրում է Հեզեմանը՝ հիմնավորելով՝«մինչ օրս հայ ազգի ներքին միասնությունն ու իմաստալից հավատն է եղել, որ ուժ է տվել դիմակայելու ողբերգական ճակատագրին, նույնիսկ 1915-1918-ի ցեղասպանությանը։ Այժմ ականատես ենք Հայաստանի դրամատիկ պատմության՝ հնարավոր է ամենամեծ ճգնաժամին, որ միաժամանակ ուղիղ հարձակում է նրա միասնության, ինքնության վրա։ Այս անգամ թշնամին ներսից է, արդեն հաջողությամբ պառակտել է հայ ժողովրդին, հիմա սկսում է բաժանել նրանց արմատից, քրիստոնեական ինքնությունից։ Պառակտողին չի մտահոգում այն հանգամանքը, որ Հայաստանի սահմանադրությունը փաստացի կասեցվում է այս գործընթացում», գրում է գերմանացի հեղինակը եւ հավելում՝ «նա եւս 5 տարով ապահովեց վարչապետի պաշտոնը ընտրությունների միջոցով, որ բազմաթիվ դիտորդներ մանիպուլացված են համարում»։

Հեզեմանը ներկայացնում է կաթողիկոսի դեմ ելած Նիկոլ Փաշինյանին՝ որպես «ժողովրդական տրիբունի, որ լրագրող, սոցիալական կոնվենցիաների հակառակորդ լինելով, գիտեր երկրի վերնաընտրախավի դեմ տրամադրություն բորբոքելու կերպը, 2018-ին իրականացրեց Թավշյա հեղափոխությունը՝ ֆինանսական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Սորոսի հիմնադրամից՝ նպատակ ունենալով ռուսամետ կառավարության տապալումից հետո այն փոխարինել արեւմտամետով։ «Երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը ԼՂ-ի դեմ, Փաշինյանը սկզբում կտրուկ հայտարարություններ արեց, հետո, երբ Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա նախկին եւ նոր դաշնակիցներն օտարվեցին, նահանջեց։ 2023-ին Ադրբեջանը գրավեց ԼՂ անկլավը, վտարեց 150 000 հայերին, ոչնչացրեց նրանց մշակութային ժառանգությունը, 5000 տարվա մասունքներ։ 1915-18-ի ցեղասպանությունը կրկնվում էր, աշխարհը լռում էր, քանի որ ՀՀ վարչապետը նույնպես լռում էր։ Պատմական զուգահեռների վերաբերյալ Փաշինյանը նույնիսկ հերքեց, որ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոնի համակարգված սպանդը ցեղասպանություն էր, փաստ, որ 34 երկիր ճանաչել է։ Հետեւաբար նրան մեղադրեցին թուրքական եւ ադրբեջանական դիրքորոշումներ որդեգրելու, հայ ժողովրդի, նրա ճակատագրի պատմականության շահերին դավաճանելու մեջ»։ Ամենայն հայոց կաթողիկոսը չլռեց, գրում է Միշայել Հեզեմանը, ներկայացնում Գարեգին Երկրորդի համառոտ կենսագրականը՝ 1975-ին Բոննում աստվածաբանություն է սովորել, 3 տարի ղեկավարել Քյոլնի հայ համայնքը, նկատելով սա «մի փորձառություն, որ շարունակում է ձեւավորել հոգեւոր հորը»։ «Երբ 1999-ին 48 տարեկանում ընտրվեց Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս, կենտրոնացավ էկումենիկ երկխոսության վրա, հատկապես՝ Հռոմի հետ։ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 2001-ին, Ֆրանցիսկոսը՝ 2016-ին այցելել են Հայաստան, Բենեդիկտոս 16-երորդի հետ բարեկամական հարաբերությունը պահպանվել է, իսկ Հռոմի պապ Լեւոն 14-երորդին երկու անգամ հյուրընկալվել է։ Երբ Գարեգին Բ-ն դատապարտեց Արցախում մշակութային ցեղասպանությունը, լռելու համար քննադատեց Փաշինյանին, վերջինս հետզհետե բռնապետական վարքն ընդգծելով, քննադատեց կաթողիկոսին»։

Հեզեմանը նկատել է տալիս՝ «թեպետ ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, սակայն Փաշինյանը բարեփոխումներ է թելադրում եկեղեցուն։ Նա պահանջել է կրճատել պատարագը, սկզբում հնչեցնել պետական օրհներգը, ՀՀ դրոշը դնել խորանի վրա, ցուցադրել վարչապետի դիմանկարը։ Բայց նախեւառաջ վարչապետը պահանջեց հեռացնել կաթողիկոսին՝ ամենաանհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով, եւ որպես արհամարհանքի վկայություն՝ նրան ավազանի անունով դիմեց։ Այն հանգամանքը, որ կաթողիկոսը կանոնավոր կապ էր պահպանում հայկական սփյուռքի՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի համայնքների հետ, մեկնաբանվեց իբրեւ լրտեսություն կամ դավաճանություն։ Քրիստոնեական կողմնորոշում ունեցող ընդդիմության հետ Գարեգին Բ-ի մերձ կապը առիթ դարձնելով, Փաշինյանը մեղադրեց կաթողիկոսին իր դեմ հեղաշրջում կազմակերպելու մեջ»։ Հեզեմանի ծավալուն հոդվածի հաջորդ մասն անդրադառնում է եպիսկոպոսների բանտարկությանը։ «Այս ամենը կարելի էր որակել տրագիկոմիկական աբսուրդ, եթե վարչապետը չդիմեր ավելի կտրուկ միջոցների»։ Մտահոգ արքեպիսկոպոսներից  երկուսի՝ Բագրատ Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի ձերբակալության եւ դատապարտմանն անդրադառնալով, Հեզեմանը նշում է նաեւ եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի դեմ դատական գործը, հայ միլիարդատիրոջ ընկերություններն այժմ բռնագրավվում եւ ազգայնացվում են։ «Փաշինյանին հաջողվեց մի քանի կարիերամոլ հոգեւորականների համոզել իր կողմն անցնել։ Նախկին եպիսկոպոս Գեւորգ Սարոյանին վարչապետն ընտրել էր որպես Գարեգին Բ-ի իրավահաջորդի։ Երբ Սարոյանը փորձեց պահանջված բարեփոխումները պարտադրել իր թեմի հոգեւորականությանը, կաթողիկոսն անհապաղ ազատեց նրան։ Սարոյանը դատի տվեց, եւ դատարանը վարչապետի ճնշման ներքո որոշում կայացրեց հօգուտ Սարոյանի, ստիպելով կաթողիկոսին վերականգնել նրան։ Գարեգին Բ-ը հրաժարվեց արտոնել եկեղեցու ներքին գործերին այս միջամտությունը։ Հետեւաբար դատախազը մեղադրանք առաջադրեց, արգելեց լքել երկիրը։ Ավստրիայի Ս. Փյոլթենում կայացած ժողովին կաթողիկոսը մասնակցեց տեսակապով, իսկ օգոստոսի 7-ին կաթողիկոսին եւ 6 այլ եպիսկոպոսի քարշ տվեց դատարան»։ Հեզեմանն այսպես է բացատրում ՝ «մեղադրող կողմի պնդումն այն է, որ Սարոյանին եպիսկոպոսի պաշտոնում չվերականգնելու որոշումը դատարանի վճռի անտեսում է։ Հայ առաքելական եկեղեցին սակայն հիմնվում է սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքին, այն է՝ եպիսկոպոսների նշանակումը, ազատումը, կարգապահական պատասխանատվությունը բացառապես իր իրավասության ներքո են, հետեւաբար դուրս են քաղաքացիական կառավարման(կառավարության) իրավասությունից»։ Գերմանացի հեղինակը նշում է, որ այս իրավունքը հաստատուն տեղ ունի քաղաքակիրթ աշխարհում։ «Ոչ մի ամերիկյան կամ եւրոպական դատարան չի քննարկի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ հերձվածի պատճառով եպիսկոպոս Վիգանոյին էքսկոմունիկացիայի ենթարկելու, եկեղեցուց արտաքսելու հարցը։ (2024-ին Վատիկանը նրան արտաքսեց, քանի որ ԱՄՆ-ում նախկին նվիրակ Վիգանոն հրապարակայնորեն հրաժարվեց ճանաչել Հռոմի պապի լեգիտիմությունը, Վատիկանի երկրորդ ժողովի հեղինակությունը-Ան.Հ.) կամ Հռոմի  Լեւոն 14-երորդին արգելել սուրբ Պիոս միաբանությանը եկեղեցուց հեռացնելը։ Սրանք եկեղեցու ներքին գործերն են, ոչ թե պետության լուծելիք խնդիր»։

Հեզեմանը ծանուցում է, որ աշխարհի տարբեր անկյուններից արձագանք եղավ՝ եկեղեցու հարցերին միջամտելու վրդովմունքի հետ համերաշխություն հայտնեցին Գարեգին Բ-ին։ Հռոմի պապ Լեւոն 14 -երորդը մտահոգված է ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքները դատապարտեցին կաթողիկոսի «քաղաքական հետապնդումը»՝ իրենց լիակատար համերաշխությունը հայտնելով։ Ասորի ուղղափառ պատրիարք Իգնատիոս Ռեփհայիմ Երկրորդը նույնպես համերաշխություն հայտնեց Գարեգին Երկրորդին։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերրի Փիլլեյը քննադատեց Փաշինյանի «հարձակումը կրոնական ազատության, պաշտամունքի սրբության եւ կրոնական հաստատությունների ինքնավարության վրա»։ Հեզեմանն իր հոդվածում անդրադառնում է նաեւ Բադեն Վյութեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տիրատուր Սարդարյանի ֆբ գրառմանը՝ այն որակելով «կատարյալ ամփոփում»։ «ՀՀ կառավարությունն ամեն օր ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարությունից։ Այն դատարանը, որ հստակորեն ծառայում է կառավարության նպատակներին, ոչ թե օրենքի գերակայությանը, իշխանության ապահովման գործիք է։ Այն կառավարությունը, որ հրապարակավ նվաստացնում է ժողովրդի կրոնական ներկայացուցչին, նրան դատարանի առջեւ կանգնեցնում, չի հաղթի իրավական պայքարում։ Նա խաթարում է սեփական լեգիտիմությունը։ Այն իշխանությունը, որն ինքնիրեն չի սահմանափակում, ի վերջո կորցնում է այն իշխանությունը, որի անունից գործում է», գրել էր Սարդարյանը։ Հեզեմանը նշում է նաեւ հայկական սփյուռքի կազմակերպությունների մասին, որ աշխարհի տարբեր երկրներից «լիակատար եւ անվերապահ աջակցություն» էին հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Դատավարությանն անդրադառնալով գերմանացի հեղինակն այն «ամոթի օր» է որակում։ «Գարեգին Բ-ն եւ մեղադրվող 6 եպիսկոպոսները ներկայացան նիստին, որ րոպեներ տեւեց։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ Դատավարությունը հետաձգվել է, դեռեւս անորոշ է ամսաթիվը»։ Հեզեմանը նկարագրում է, որ դատարանի բակում կաթողիկոսին երգով, ջերմորեն են դիմավորել հազարավոր բարեպաշտ հայեր, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ «Առավել ամոթալի է արեւմտյան քաղաքական գործիչների լռությունը։ Տնտեսական եւ քաղաքական շահերը կարծես աչք ու ականջ փակում են։ Ով հավաքական արեւմուտքի ռազմավարական գործընկեր է համարվում, ըստ երեւույթին արտոնություն է ստանում անել այն, ինչը հակառակորդի պարագայում կդատապարտվեր։ Սակայն միայն քաղաքական նպատակահարմարության վրա հիմնված իրավունքն այլեւս ոչ թե իրավունք է, այլ իշխանության գործիք։ Յուրաքանչյուր բարեխիղճ քրիստոնյա պիտի ճանաչի անարդարությունը, որտեղ էլ դա լինի։ Այդ պատճառով նաեւ կաթոլիկներիս բարոյական պարտականությունն է համերաշխություն ցուցաբերել Հռոմի 4 քահանայապետերի ընկերոջը՝ Գարեգին Բ-ին», հոդվածն այսպես է եզրափակում Միշայել Հեզեմանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

 Լուսանկարը՝ նշված կայքի։ Գարեգին Բ-ն Հռոմի Լեւոն 14-երորդի եւ Միշայել Հեզեմանի հետ։